
Արցախի հանձնումից հետո պետությունը հրաժարվել է վճարել գումարը. բանկից զանգ եմ ստացել, փաստի առաջ եմ կանգնել. Աղավնոյի բնակիչ

2022 թվականի օգոստոսին Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մի խումբ մարդիկ կանգնել են փաստի առաջ։
Բանն այն է, որ երբ նրանք Բերձորի հանձնումից հետո դուրս են եկել Արցախից, նրանց տրամադրվել են բնակարանների սերտիֆիկատներ, նաև Արցախի Կառավարության որոշում, որ եթե, օրինակ, տրամադրված 20 մլն դրամով բնակիչը չկարողանա բնակարան գնել, հավելյալ գումարի պարտավորությունը Արցախի կառավարությունը կվերցնի իր վրա։ Եթե, օրինակ, նրան անհրաժեշտ է 26 մլն դրամ, հավելյալ 6 միլիոնը պետք է տրամադրեր Արցախի կառավարությունը։
Աղավնոյի բնակիչ Աիդա Ավագյանը 168.am-ի հետ զրույցում, մանրամասնելով բուն խնդիրը, ասաց, որ 2022 թվականի նոյեմբերի 9-ին ստացել է 22 մլն արժողությամբ սերտեֆիկատ, Արցախի Կառավարությունն օգնել՝ 4,5 մլն դրամով և նա 26,5 մլն-ով Գորիսում տուն է ձեռք բերել։
«Արցախի Կառավարության այս որոշումից օգտվել են միայն զոհվածների ընտանիքները։ Տունը գնել ենք «Հայբիզնես» բանկով, պարտավորվող կողմը եղել է պետությունը, տունը ձեռք է բերվել 20 տարով, պետությունը 20 տարի պետք է վճարեր։
Արցախի Հանրապետությունը 1 տարի իր պարտավորությունները կատարել է, վճարումներն արել է։ Սակայն 2023 թվականից հետո, երբ Արցախն ամբողջովին հանձնվեց, նոյեմբերից սկած՝ որևէ վճարում չի իրականացվել»,- նշեց Աիդա Ավագյանը։
Նրա խոսքով՝ նախորդ շաբաթ բանկից զանգ է ստացել, որ պարտքեր ունի կուտակված և պետք է վճարի, քանի որ տան հիփոթեքն արդեն ոչ թե պետությունը, այլ ինքը պետք է վճարի։ Սկզբում մտածել է՝ խաբեություն է, փորձում են իրենից ինչ-որ հաշվեհամարներ վերցնել, սակայն երկրորդ անգամ բանկից հաստատել են՝ ունի չվճարած պարտքեր։
«Ես իրենց ասում եմ՝ հասկանում եք, որևէ պարտավորություն ես չեմ ստանձնել, պայմանագիր չեմ ստորագրել, բանկից ասացին, որ ինձ հասկանում են, բայց որևէ բանով օգնել չեն կարող։
Ինձ նաև ասացին, որ պետությունը հրաժարվել է վճարել այդ գումարը, ուստի դուք պետք է վճարեք, 1 տարի 4 ամիս է՝ չի վճարել։ Հիմա ես փաստի առաջ եմ կանգնել։
Ինքս նորից հանել եմ պայմանագիրը, նորից ստուգել եմ, այդ պայմանագրում ինքս որևէ պարտավորություն չունեմ, որ, օրինակ, պետությունը հրաժարվի վճարումներից, պետք է գնորդը վճարի։ Այդ հարցը հասել է արդեն ԱԺ ու փոխվարչապետին, հիմա տեսնենք՝ ինչ է լինելու։
Ինքս ակնկալում եմ, որ այս խնդիրը կլուծվի, ես ինչ իմանայի, որ մեկ տարի հետո Արցախը կհանձնեն ու մենք կմնանք այսպես օդում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Աիդա Ավագյանն ունի 4 երեխա. աղջիկներից մեկը հաշմանդամություն ունի, ու չի պատկերացնում՝ եթե պետությունն իր պարտավորությունները չկատարի, ինչպես է լինելու։
«Երևի մտածում են, որ մենք զոհված զինծառայողի համար գումար ենք ստանում, դրանով կկարողանանք հիփոթեք վճարել, բայց այդպես հնարավոր չէ։ Ամուսինս զոհվել է ու այն ժամանակ մենք մտածում էինք, որ հայրենիք են փրկել, բայց հիմա ո՛չ մեր տղաները կան, ո՛՛չ Արցախը։
Բանկը մեզ ասել է, որ մինչև մայիսի 5-ն է սպասելու, դրանից հետո կամ դասակարգվելու ենք կամ պետությունը պետք է մի լուծում գտնի»,- ընդգծեց Աիդա Ավագյանը։