Րաֆֆի Հովհաննիսյանի մեթոդաբանական ցուցակները. փորձ 2-րդ
Օրերս հրավիրված ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակել էր Ազգային վստահության խորհրդի անդամների իր կազմած ցուցակը, որը, ըստ նրա, պետք է հիմք դառնա՝ ապագա կառավարության, իսկ ամիսներ անց` նոր ընտրությունների համար։
Այդ կազմում են՝ Արման Թաթոյանը, Արկադի Մանուկյանը, Վազգեն Մանուկյանը, Ավետիք Չալաբյանը, Պարույր Հայրիկյանը, Ռուբեն Վարդանյանը, Գևորգ Գևորգյանը, Լիլիթ Գալստյանը, Մհեր Գրիգորյանը, Համբարձում Մաթևոսյանը, Աննա Գրիգորյանը, Արմեն Դարբինյանը, Վահան Արծրունին, Գագիկ Գինոսյանը, Բագրատ Սրբազանը:
Այսօր լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հարցրին, թե ներկայիս փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Համբարձում Մաթևոսյանի՝ այդ ցուցակում ընդգրկվելն ինչո՞վ էր պայմանավորված, նրանք Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամ են, հետևաբար՝ պատասխանատվություն են կրում երկրում ստեղծված իրավիճակի, կորուստների համար: Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողի հարցին արձագանքել է, թե մեկ առ մեկ չպետք է գնահատի մարդկանց արժանիքները կամ բաց կողմերը, ամեն մեկը մարդ է և ունի հետագիծ, և, որ խոսքը, բնավ, ժամանակավոր կառավարության մասին չէ, այլ ներկայացվածն Ազգային վստահության խորհրդի համապարփակ մեթոդաբանության արդյունք է, մեկ մարդու մեթոդաբանական առաջարկ:
«Սա ցուցակ չէ, սա համապարփակ մեթոդաբանության օրինակ էր, թե ինչպես կարելի է խցանը տեղահանելուց հետո ժամանակավոր այս անցման շրջանի համար հավասարակշռություն բերել»,- շեշտել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Խցանը տեղահանել ասելով, նա, թերևս, նկատի ունի Նիկոլ Փաշինյանի հեռացումը:
Իսկ Ազգային վստահության խորհրդի ցուցակ քաղաքական գործիչն առաջին անգամ չէ, որ մշակում է, և առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ կերպ դրան առնչություն է ունենում:
Հիշեցնենք, 2013-ի մարտի 15-ին կայացած «Բարև»-ի հանրահավաքին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պնդել էր Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ ստվերային կառավարություն ձևավորելու իր առաջարկը: Ավելին, նա նույնիսկ հուշել էր դրա մեխանիզմը: Ի դեպ, առաջարկն արվել էր դեռևս փետրվարին:
«Կա առաջարկ` Րաֆֆի Հովհաննիսյանի արտոնությամբ և թույլտվությամբ Ազատության հրապարակում գումարել Բաց քաղաքացիական խորհուրդ, որտեղ քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիական շարժման անհատ մասնակիցներ իրենց պատկերացումները կներկայացնեն նոր իշխանության ձևավորման վերաբերյալ: Այս քննարկումը, սակայն, պետք է ունենա գործնական նպատակ, այն է՝ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկներ ներկայացնել նոր կառավարության, նոր իշխանության ձևավորման սկզբունքների և կազմի մասին»,- 2013 թվականին մանրամասնել էր այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:
Հանրահավաքից անմիջապես հետո այդ ուղղությամբ քննարկումներ սկսվեցին, ավելի ուշ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ստվերային կառավարության պոտենցիալ անդամների ցուցակ ունի՝ մոտ 70 հոգի:
2013-ի մարտի 17-ին Ազատության հրապարակում Բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստին, որտեղ քննարկվում էր, ըստ էության, Րաֆֆի Հովհաննիսյանի ստվերային կառավարության կազմը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, թե ցուցակում ընդգրկելու են հնարավորինս չվարկաբեկված մարդկանց, որպեսզի նրանք քննադատության թիրախ չդառնան, և տվել էր կոնկրետ անուններ:
«Մենք պետք է տրամադրենք մեզ հետևյալին՝ փետրվարի 18-ին Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն: Մենք բոլորս պետք է մտածենք իշխանափոխության մասին և նոր իշխանության մասին, քայլերի մասին, որոնք որ տեղի ունեցած դե ֆակտո իշխանությունն արձանագրելու է նաև դե յուրե: Այստեղ նոր կառավարության ձևավորում տեղի չի ունենում: Հնչում են մտքեր: Սա հրավեր է բոլորիս՝ բարձրաձայն մտածել՝ ինչ է լինելու վաղը: Հայաստանը մեր տունն է, և Հայաստանի հոգսը մեզնից յուրաքանչյուրի հոգսն է, ի՞նչն է խանգարում, որ մենք մտածենք՝ առանց վախենալու, թե մի նախադասության մեջ մի վրիպում թույլ կտանք, և դա կդառնա մեծ պատմություն:
Ոչ, չի դառնա մեծ պատմություն: Մենք մտածում ենք մեր հայրենիքի ապագայի մասին: Եթե ես, օրինակ, մտածում եմ, որ Ժիրայր Սէֆիլյանի պոտենցիալը կարող է գործի դրվել Հայաստանի ապագայի կերտման համար, ես չեմ վախենա դա ասել: Եթե ես մտածում եմ, որ Ստեփան Դեմիրճյանը, որը 2003-ի նախագահական ընտրություններում հաղթել է, եթե ես դրանում համոզված եմ, ես չեմ վախենում դա բարձրաձայնել: Ես չեմ վախենում ասել, որ մենք երեկ ցուցակ ենք կազմել, որտեղ ընդգրկված է՝ Արթուր Սաքունց, Վաղարշակ Հարությունյան, Մանվել Սարգսյան, Էդգար Վարդանյան՝ քաղաքագետ, Լիլիթ Գալստյան, Աշոտ Բլեյան, Ալեքսան Հակոբյան, Դավիթ Հովհաննիսյան՝ Սիրիայում ՀՀ նախկին դեսպանը, Սամվել Մարտիրոսյան, Խաչատուր Սուքիասյան, Սարհատ Պետրոսյան, Խաչիկ Գևորգյան, ռեժիսոր Արա Շիրինյան, իրավաբաններ Արթուր Գրիգորյան, Վահե Գրիգորյան, Մուշեղ Շուշանյան, Դավիթ Սանասարյան, Մարթա Այվազյան, որ 2008-ին դիվանագետների մեջ էին, որոնց աշխատանքից արտգործնախարարությունն ազատեց, Պարգև Օհանյան՝ դատավոր:
Հիշո՞ւմ եք Պարգև Օհանյանին, որը դատական համակարգի մաս է եղել, բայց ի հեճուկս ամբողջ պետական համակարգի, էդ մարդը կայացրել է դատավճիռ: Ունի՞ այդ մարդը պոտենցիալ: Իմիջիայլոց, Պարգև Օհանյանն ինձ էլ է դատել: Հա, լուրջ եմ ասում, 1999-ին: Հակառակ կողմում՝ մեղադրող կողմում, Սերժ Սարգսյանը, Արտաշես Գեղամյանն էին, և ինձ մեղադրողը պահանջեց, կարծեմ, 5 տարվա ազատազրկում, Պարգև Օհանյանը 1 տարվա ազատազրկման դատապարտեց»,- 2013թ. մանրամասնել էր Փաշինյանը: (Ի դեպ, Փաշինյանի նշած անձանցից շատերը նրա քաղաքական թիմում տեղավորվեցին, որոշները համագործակցում են «արտահաստիքային» եղանակով, որոշները ՔՊ-ով պատգամավոր դարձան, պաշտոններ են զբաղեցրել):
Նույն օրը հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանը եկել էր այն եզրահանգման, որ ամեն կուսակցություն իր շահն ունի, ուստի միասնական ցուցակ չկազմվեց:
Իր հերթին, անդրադառնալով ստվերային կառավարության թեմային, այն ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը նշել էր, որ չունեն ստվերային կառավարություն, ընդամենը Նիկոլ Փաշինյանն առաջարկել է այլընտրանքային մարմինների ստեղծման համար Քաղաքացիական խորհրդի քննարկում, որը դեռ քննարկման փուլում է:
Այդ ժամանակ արդեն որոշ փորձագետներ Րաֆֆի Հովհաննիսյանին զգուշացնում էին, որ Նիկոլ Փաշինյանն իր հարթակը «գողանալու է», և իրենք համակերպվողի դերում են լինելու: Ոմանց կարծիքով էլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հարթակն իր կամքով հանձնեց՝ բավարարվելով հացադուլավորի «աթոռով»:
2015-ի փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում կա կառավարման ճգնաժամ, 20 տարի անընդհատ խոսվել է իշխանափոխության մասին, բայց իշխանափոխություն երբեք չի իրականացվել, որովհետև չի եղել ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը կունենա ապագայի ծրագիր, ստվերային կառավարություն:
«Սուպերլիդերների ինստիտուտը պետք է փոխել սուպերթիմով, որովհետև վճռական պահին սուպերլիդերի ծնկները ծալվել են: Դու ո՞վ ես ընդհանրապես, ցար ու բո՞գ ես, էսօր հանրահավաք անում ես, վաղը չես անո՞ւմ»,- շարունակել էր ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը:
2016-ին Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն ազդարարեց Վարչության ստվերային կառավարության ձևավորման մեկնարկի և Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին:
«Ստվերային կառավարություն բառից պետք չէ շփոթվել. խոսքն այն մասին է, որ մենք հանրությանը պետք է ներկայացնենք անձանց, որոնք կստանձնեն նախարարական աշխատանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում: Մեխանիզմը հետևյալն է՝ որպես վարչապետի թեկնածու՝ պետք է բանակցեմ կոնկրետ անձանց հետ, նրանց առաջարկելով ընդգրկվել ստվերային կառավարության կազմում, և այդ անձանց մի մասը կարող է և չլինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ»,- իր ելույթում ասել էր Փաշինյանը՝ հավելելով, որ «ստվերային կառավարության բարեհաջող ձևավորումը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու չորս առանցքային գործոններից մեկն է»:
Մի անգամ Րաֆֆի Հովհաննիսյանն իր Ազգային վստահության խորհուրդ ձևավորելու նախաձեռնությամբ, այսպես ասած, ոչ իր ցանկությամբ, սակայն նպաստեց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հետին նպատակների իրականացմանը, կամ գուցե Նիկոլ Փաշինյանը չափազանց ճարպիկ և համբերատար գտնվեց, իսկ Հովհաննիսյանը ճանապարհի կեսից հոգնե՞ց… Գուցե այլ պատճառներ կային: Գուցե:
Կտանի՞ այս անգամ մինչև վերջ Հովհաննիսյանն իր նախաձեռնությունն ապագա կառավարությանը հանգեցնող, թե՞ էլի ինչ-որ մեկին այն կզիջի, որի մասին գուցե չենք էլ կռահում, ցույց կտա ժամանակը: Եվ ամենակարևորը՝ կհաջողվի՞ Հովհաննիսյանին հեռացնել «խցանը», որի գոյությանն ակամա ինքն էլ է նպաստել, դարձյալ պիտի ապավինենք ժամանակին: