Բաժիններ՝

«Աստվա՛ծ, ինչո՞ւ ինձ շնորհներ չես տվել»

Բայց մեզնից յուրաքանչյուրին շնորհ է տրված՝
Քրիստոսի պարգևած չափով (Եփեսացիներ 4.7)

Հաճախ մեր ձախողումներում տեսնում ենք մեր ապաշնորհությունը և սկսում ենք մեղադրել ինքներս մեզ։ Անմիջապես ինքներս մեզ հարցնում ենք՝ ինչո՞ւ եմ այսքան անտաղանդ, ապաշնորհ, ինչո՞ւ չունեմ համապատասխան գիտելիքներ, որ կարողանամ լուծել մի խնդիր, որ շատերի համար այս աշխարհում այդքան հեշտ է թվում։

Այս պահերին էլ Աստծո հետ մեր երկխոսություններում տալիս ենք հարցը՝ Աստված, ինչո՞ւ ես ինձ այսքան քիչ շնորհներ տվել, ինչո՞ւ շնորհներ չունեմ։

«Բայց մեզնից յուրաքանչյուրին շնորհ է տրված՝ Քրիստոսի պարգևած չափով» (Եփեսացիներ 4.7),- ասված է Սուրբ Գրքում։ Քրիստոս Ինքն է որոշում՝ ում ինչ շնորհներ տա և ինչ չափով։ Չկա մի մարդ, ով լինի լիովին ապաշնորհ․ սա թյուր պնդում է։ Այո՛, կան մարդիկ, ովքեր ունեն ավելի քիչ շնորհներ, քան մյուսները, սակայն նրանք, այնուամենայնիվ, ունեն շնորհներ։

Եվ ուստի խնդիրների բախվելիս էլ պիտի քաջ գիտակցենք հետևյալը․ գուցե չունենք շնորհներ մեզ տրված խնդիրը լուծելու համար, սակայն դա դեռ չափանիշ չէ, որ ասենք, թե շնորհներ առհասարակ չունենք։ Պարզապես գուցե ունենք այնպիսի շնորհներ, որ դեռևս չենք բացահայտել, որոնց դեռևս նույնիսկ ինքներս ծանոթ չենք։

Խնդիրը հենց այս է՝ այդ շնորհները բացահայտելը, նկատելն ու գնահատելը։ Եվ այս տեսակետից հարցին մոտենալիս՝ այլևս կարևոր չի դառնում այն, թե հատկապես ինչ շնորհ ունենք։ Արդեն իսկ, հասկանալով, որ մեր շնորհներն արտահայտում են Նրա սերը մեր հանդեպ, միայն ու միայն դառնում ենք առ Աստված ոչ թե հարցնելու՝ ինչո՞ւ ես այսքան քիչ շնորհներ տվել, այլ ասելու՝ Տե՛ր, շնորհակալ եմ ունեցածիս համար, և մեծագույն շնորհս այն է, որ միշտ ուղեկցում ես ինձ իմ ճանապարհին։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս