Շուշիի գորգերի թանգարանի հարցի լուծման շուրջ պաշտոնական նամակագրությունը շարունակվում է

44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված և Հայաստան տեղափոխված գորգերի ցուցադրության և պահպանման վայրը որոշելու համար հիմա էլ Հանրային խորհուրդն է դիմել Կառավարությանը: Նախքան այդ բաց քննարկում էր կազմակերպվել, որին ներկա էին Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանը, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ և այլք։

Վարդան Ասծատրյանը 168.am-ին պատմեց, որ քննարկման ժամանակ ներկայացրել է, թե ինչպես է հիմնադրել թանգարանը, ինչպես է 44-օրյա պատերազմի ժամանակ հասցրել փրկել բացառիկ նմուշները:

«Հիմա նամակ են գրել վարչապետին, որ պետք է այս հարցը լուծվի: Ավելին, կարևորեցին գորգերի թանգարան ունենալու անհրաժեշտությունը, որ գոնե այդ ձևով այս նմուշները ևս ընդգրկվեն: Սա մեր ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն է:  Մշակութային քաղաքականությունը շատ լուրջ պետք է վերանայենք»,- շեշտեց Վարդան Ասծատրյանը:

168.am-ը դեռևս մայիսի 13-ին տեղեկացրել էր, որ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ Շուշիի գորգերը կտեղափոխվեն և այսուհետև կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում: Հետաքրքրվեցինք՝ այս առումով որևէ քայլ կատարվե՞լ է, մեր զրուցակիցն ասաց, որ ԿԳՄՍ վերջին առաջարկով գորգերն արդեն հունիսին պետք է ցուցադրվեին Պատմության թանգարանում, սակայն դահլիճի նորոգման աշխատանքները դեռևս չեն սկսվել:

Կարդացեք նաև

Հանրային խորհրդում հարց է բարձրացվել նաև, թե ինչո՞ւ գորգերն Արցախ չեն տեղափոխվում: Ասծատրյանը շեշտել է, որ Արցախի կարգավիճակն անորոշ է, մասնավորի կարգավիճակով խիստ ռիսկային է այս ժառանգությունն Արցախ տեղափոխելը:

Հիշեցնենք, որ գորգերը ժամանակավորապես պահվում էին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, բայց գորգերը տեղափոխելու պահանջ էր ներկայացվել: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանն ասել էր. «Մեր պայմանագիրը կես տարով էր, որը վաղուց անցել է, և այդ դահլիճում դեռ պատերազմից առաջ պետք է լիներ Ճարտարապետության թանգարանի ուսումնական ցուցադրությունը: Խնդիրն այն չէ, որ ասել եմ՝ հանեն, խնդիրն այն է, որ դա ճարտարապետության հետ կապ չունի: Բոլորս կարծում էինք, որ դա լինելու է կես տարվա ցուցահանդես, իսկ հետո Վարդանը կստանա իր թանգարանի համար պատշաճ մի տեղ: Մենք վստահ էինք, որ պետությունը՝ լինի Հայաստանի թե Արցախի կառավարությունը, տարբերություն չկա, կկարողանա ինչ-որ մի ձևով այդ թանգարանի համար ճիշտ տեղ գտնել: Ցավոք, պարզվեց՝ մեր կառավարությունները չկարողացան դա անել: Էքսպերտիզան վերջացել է արդեն, բայց գիտեմ, որ գորգերը տանելու տեղ չունի: Ես գիտեմ, որ սա փակուղի է, որտեղ մեր կամքով չենք հայտնվել: Անհասկանալի վիճակ է ստեղծվել, և պետք է միասին փորձենք այդ փակուղուց դուրս գալ:

Ուզում եմ ասել՝ Շուշիի գորգերի թանգարանն ընդունեցի ես, ընդունեց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, ուրիշ ոչ ոք, հասկանո՞ւմ եք: Ես երջանիկ կլինեի, եթե ունենայի այնքան տեղ ու հնարավորություն, որ այդ գորգերն ավելի երկար պահեի ինձ մոտ, սակայն, ցավոք, փակուղի է, որից պետք է փորձենք ելք գտնել»,- իր կայացրած որոշումն այսպես էր հիմնավորել Մարկ Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս