Փաշինյան ամուսինների «հյուրընկալ» բնավորության հետևանքների մասին

Օգոստոսի 4-ի Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել Նախիջևան։

«Պաշտոնապես ասում եմ, որ այսօր Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել Նախիջևան։ Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան-գնան Նախիջևան, մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը։ Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Նախիջևան հատվածով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք դա ապահովել, նաև Սիսիանի, Երասխի, Գորիսի հատվածներում, որտեղ մենք մաքսային ծառայության հսկողություն ունենք, և այս ընթացքում Ադրբեջանը որևէ անգամ չի օգտվել դրանից»,- ասել է նա և դիմել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ հանձնարարելով ապահովել ադրբեջանցիների երթևեկությունը՝ ՀՀ սահմանով դեպի Նախիջևան։

«Պարոն Աբազյան և պարոն Բադասյան, ևս մեկ անգամ այս հրապարակային հայտարարությունն անում եմ և ես ձեզ հանձնարարում եմ՝ ապահովեք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այդ հնարավորությունը, նաև Իջևանի, Նոյեմբերյանի հատվածում, թող ադրբեջանցիներն ասեն, թե որտեղով են ուզում հատել, և իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձնագրային, մաքսային հսկողություն, և, իհարկե, անվտանգության ապահովում»,- շարունակել է Նիկոլ Փաշինյանը։

Այստեղ հիշեցի Աննա Հակոբյանին, թե ինչպես նա 2019-ի դեկտեմբերին Մեհրիբան Ալիևային հրավիրեց Արցախ՝ մուղամ լսելու։

Կարդացեք նաև

«Ալիևան Twitter-ում գրառում էր արել ու նշել, որ իր երազանքն է Ղարաբաղում թեյ խմել ու մուղամ լսել։ Ես նրան հրավիրում եմ Արցախ։ Ու քանի որ արցախցիները գիտեն ինչպես հյուրին պատվել, մենք կարող ենք նաև նրա սիրած երաժշտությունն ապահովել և մուղամ միացնել,- ասել էր Աննա Հակոբյանը և հավելել,- Եթե պատերազմ սկսվի, հավանաբար նորանոր տարածքներ կհայտնվեն, որտեղ մուղամ լսելը նրանց համար անկատար երազանք կդառնա։ Ալիևայի երազանքն ի կատար ածվելու միայն մեկ ճանապարհ կա` խաղաղ ճանապարհը, որպես հյուր խաղաղ այցերը։ Այսինքն` ինչպես Ալիևան կուզեր հյուր լինել Ղարաբաղում, այնպես էլ Ղարաբաղի ժողովուրդը կուզենա լինել Բաքվում»:

Իհարկե, քիչ անց պարզվեց, որ Աննա Հակոբյանը հետևում է Մեհրիբան Ալիևայի ֆեյք՝ կեղծ էջին. Ալիևայի արձանագրային ծառայությունը հայտարարություն տարածեց, որ նա Twitter սոցիալական կայքում անձնական էջ չունի: Twitter-ում ստեղծվել էր twitter.com/firstladyaze էջը, որը իբր թե պատկանում էր Ադրբեջանի առաջին տիկնոջը և հենց այս անձնական էջից ակտիվ շփումներ էին տեղի ունենում սոցիալական կայքի այլ օգտատերերի հետ: Այնպես որ, շատ հետաքրքիր էր նաև այս դրվագը՝ Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևայի ֆեյք էջին հետևելով էր նրան հրապարակավ հրավիրում Արցախ: Պատահական չէր, որ նաև ադրբեջանական մամուլի ծաղրին էր ենթարկվում:

Ի դեպ Մեհրիբան Ալիևան իր Տելեգրամի էջում էր գրել, թե «Ադրբեջանի ժողովուրդը ընդամենը մեկ երազանք ունի՝ միասին լսել Ղարաբաղի շիկեստե Ղարաբաղյան հողում»:

Իսկ Աննա Հակոբյանը համոզմունք էր հայտնել, որ Մեհրիբան Ալիևային հասցեագրված իր առաջարկը ամեևին էլ ֆանտազիայի ժանրից չէ. աշխարհի տարբեր երկրներ կարողացել են հաղթահարել թշնամությունը:

Այն, որ Աննա Հակոբյանի առաջարկ-մեսիջը ֆանտազիայի ժանրից չէր, մենք, ցավոք, համոզվեցինք միայն 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ ինքը երևի մի բան գիտեր. այսօր Շուշիում և Արցախի շատ տարածքներում ադրբեջանական մուղամ է հնչում, սակայն Աննա Հակոբյանին ոչ ոք Բաքու այցելելու պատասխան հրավեր այդպես էլ չուղարկեց:

Բայց ինչպես տեսանք, սա, բնավ, չի կաշկանդում Նիկոլ Փաշինյանին, որ ՀՀ տարբեր հատվածների դռները բացի ադրբեջանցիների առաջ՝ անկախ նրանից՝ այդ մասին եռակողմ փաստաթղթում որևէ բան կա՞, թե՞ չկա:

Եվ, որ ամենահետաքրքիրն է՝ ընտրությունը երկու դեպքում էլ թողնում են Ադրբեջանին՝ ճանապարհ, երաժշտություն: Այսինքն, պատվիրողը Ադրբեջանն է, իրենք՝ միայն ծառայություն մատուցողն ու սպասարկողը: Իսկ այ, նույն ջանասիրությամբ ժողովրդի վարչապետն ու նրա խաղաղասեր տիկինը չի մտածում սեփական ժողովրդի և զինվորի անվտանգության մասին. հայ զինվորը կարող է կտորից վրանում դիրք պահել, Արցախում և Սյունիքում սեփական տներից զրկվել, Երասխում, Վարդենիսում, Տավուշում քնել ադրբեջանական կրակոցների ձայների ներքո, երևանյան թաղամասերը կարող են անարգել հայտնվել ադրբեջանական օբյեկտիվի թիրախում, իսկ ԱԱԾ-ն ոչ մի համապատասխան հրահանգ Նիկոլ Փաշինյանից չի ստանա…

Ի դեպ, հետաքրքիր է՝ իշխանափոխությունից հետո ճոխ ռեստորաններում պատվերներ տվող Փաշինյանները չե՞ն նեղվում ադրբեջանցիների առաջ «մատուցողի» կարգավիճակից՝ լինի Մեհրիբան Ալիևա, թե շարքային ադրբեջանցի: Գուցե հայի հյուրասիրությունն ու սրտաբացությո՞ւնն է մեղավոր, և այս դեպքում այն երևի թե այնքան շատ է, որ բթացրել է ազգային արժանապատվության զգացո՞ւմը…

Տեսանյութեր

Լրահոս