Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրեց խաղաղ պայմաններում Ղարաբաղում մուղամ լսելու
«Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ նշեց, որ իրենք խոսում են խաղաղությունից, ինչը, սակայն, արժանանում է Ադրբեջանի նախագահի տիկնոջ՝ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ագրեսիվ արձագանքին: Մասնավորապես, վերջերս Ալիևան խոսել է իր երազանքի մասին, ու այդ երազանքը, ինչպես հայտնի է՝ Արցախում մուղամ լսելն է:
Աննա Հակոբյանը վստահեցրեց՝ պատրաստ է իրականացնել Մեհրիբան Ալիևայի երազանքը, սակայն խաղաղ պայմաններում, և նրան հրավիրեց Արցախ՝ մուղամ լսելու:
«Մի քանի օր առաջ Մեհրիբան Ալիևան ստատուս էր գրել, որ իրենց բոլորի երազանքն է՝ մուղամ լսել Ղարաբաղում: Ես մոտավորապես գիտեմ, թե նա ինչ կոնտեքստով է դա գրել: Ես հիմա Մեհրիբան Ալիևային ուզում եմ հրավիրել Ղարաբաղ, և նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել, հարգել հյուրին: Մեր ընդունված կանոններից է նաև հյուրին պատվել իր երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամը: Կարող ենք իրականացնել նրա երազանքը, և նա լինի մեր հյուրը, Ստեփանակերտում լսի իր սիրելի մուղամը: Սա, իսկապես, հրավեր է, և եթե նա ընդունի այս հրավերը, պատրաստ եմ նաև ինքս լինել Բաքվում և հյուրընկալվել իրենց կողմից: Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Ղարաբաղ և մուղամ լսեն պատերազմի միջոցով, վստահեցնում եմ՝ այդ երազանքն անկատար կմնա: Եվ եթե նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք:
Այսինքն՝ եթե Մեհրիբան Ալիևան իր և իր ժողովրդի անունից ասում է, որ երազում են Ղարաբաղում մուղամ լսել, ապա դրան հասնելու մեկ ճանապարհ գոյություն ունի՝ դա խաղաղությունն է, Արցախի հետ բարիդրացիական հարաբերություններն են: Այսինքն՝ որպես հյուր՝ փոխադարձ այցերն են, որ ինչպես իրենք Ղարաբաղում թեյ խմեն և մուղամ լսեն, վայելեն այնտեղի բնությունը, այնպես էլ, վաստահ եմ, Ղարաբաղի ժողովուրդը կուզենա լինել Բաքվում: Սա ռեալ է, ֆանտազիայի շարքից չէ: Ուզում եմ ասել, որ իմ հրավերը լուրջ հրավեր է»,- ընդգծեց Աննա Հակոբյանը: