«Երկիրը չեն հանձնում հանուն այդ խաղաղության». Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Սեյրան Օհանյանի կարծիքով՝ մարտավարական իմաստով Ադրբեջանի զինված ուժերն Արցախի՝ նախկին ԼՂԻՄ սահմանի վրա որոշակի դիրքերի բարելավում են իրականացնում, ճշգրտումներ կատարում։
«Փորձում են ավելի սեղմել այն օղակը, որը կա Արցախի շուրջ։ Ռազմավարական առումով Ադրբեջանը մի քանի խնդիր ունի, նախ փորձելու է, որպեսզի ճնշումների միջոցով՝ հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այնպես անել, որ Պաշտպանության բանակը դուրս բերի իր ուժերն Արցախի տարածքից։ Թուրքիայի հետ համագործակցության շրջանակներում իրենք շարունակելու են ճնշումները Հայաստանի ու Արցախի վրա։ Առաջինը՝ որպեսզի Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում սահմանազատման ու սահմանագծման ժամանակահատվածում ավելի շահեկան դիրքերում լինեն։ Իհարկե, նաև ենթակառուցվածքների ապաշրջափակման, ինչպես իրենք են ասում՝ Սյունիքով «միջանցքի» բացման համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով օգոստոսի 1-ին Արցախի Գանձասարի ուղղությամբ ադրբեջանական կողմի սադրանքներին և հետապնդած նպատակներին։
Ըստ Սեյրան Օհանյանի, այս ամենը հաշվի առնելով՝ թշնամին առիթը բաց չի թողնելու, որպեսզի ճնշումները Հայաստանի ու Արցախի նկատմամբ առաջ տանի և հասցնի մինչև վերջ։
Ստեղծված իրադրության մեջ, հնարավո՞ր է՝ սկսվեն ռազմական գործողություններ։
Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ տարածաշրջանում անվտանգության միջավայրն այնքան փխրուն է, և սպառնալիքները Հայաստանի ու Արցախի վրա այնքան են շատանում ու ուժգնանում, որ ցանկացած ժամանակ, ցանկացած սադրանք կարող է վերածվել տարբեր մասշտաբի ռազմական գործողությունների։
«Մենք պետք է ընդունենք, որ այս պահի համար մարտական գործողությունների լայն իրականացման համար զսպման օղակ է հանդիսանում ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ և ռուս խաղաղապահ ուժերի ներկայությունն Արցախում։ Սակայն ռազմական գործողությունների վերսկսումը կամ սադրանքներն այս պահի համար պետք է դիտարկել ոչ թե ըստ մեր տարածաշրջանի իրավիճակի, այլ նաև աշխարհաքաղաքական զարգացումների և՛ մեր շուրջ, և՛ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի շուրջ, և՛ այն կոնֆլիկտը՝ ՌԴ-Ուկրաինա, իսկ գլոբալ առումով՝ Ռուսաստան-Արևմուտք։ Այս համատեքստում մենք գիտենք, թե մեր հարևանները որքան նենգ են, և կարող են գործողություններ լինել նաև մեր տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի ու Արցախի շուրջ»,- հավելեց Սեյրան Օհանյանը։
Հարցին՝ թե ստեղծված իրավիճակում ի՞նչ են անում Հայաստանի ու Արցախի իշխանությունները, Սեյրան Օհանյանը նախ ասաց, որ այս ամենի պատճառը նաև այն է, որ բավականին ցածր մակարդակի վրա է գտնվում Հայաստան-ՌԴ, Հայաստան-Արցախ, Արցախի ղեկավարություն ու ՊԲ ղեկավարություն-ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարության կապը։ Համագործակցության այս բոլոր օղակները բավականին ցածր մակարդակի վրա են գտնվում։
«2020 թվականի պատերազմից հետո աշխարհագրական առումով պետք է ուսումնասիրվեին բոլոր կարևոր, ռազմավարական կետերը, կազմակերպվեր պաշտպանություն Արցախի շուրջ, Արցախի ՊԲ-ն արագ պետք է համալրվեր զորահավաքային ռեսուրսներով, նաև կամավորներով, քանի որ բավականին շատ են կամավորականները, որոնք այսօր պատրաստ են գնալ Արցախ և այնտեղ իրականացնել ծառայություն։ Իշխանությունը պետք է այս ընթացքում ամբողջությամբ ձևավորեր անվտանգության համակարգը։ Այս գործընթացը բավականին թույլ ու դանդաղ է իրականացվում, տեղ-տեղ էլ ընդհանուր առմամբ չի իրականացվում, որովհետև ՀՀ իշխանությունները ոչ ադեկվատ են ստեղծված իրավիճակին, հաշվի չեն առնում այն գերակայությունները, որոնք կան։ Իշխանությունը պատշաճ մակարդակով չի գնահատում ռազմաքաղաքական իրավիճակը, որը ստեղծված է Հայաստանի ու Արցախի շուրջ»,- շեշտեց Պաշտպանության նախկին նախարարը։
Մտավախություններ չունի՞, որ ստեղծված իրավիճակ արդյունքում կարող է կրկնվել այն, ինչ եղավ Փառուխի և Քարագլխի հետ, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ ներկայիս իշխանությունների օրոք ամեն ինչ էլ հնարավոր է։
«Երբ վերլուծում եմ իրավիճակը, այդ ամենն իմ մտավախությունների շրջանակում է։ Ինչո՞վ են զբաղված այսօրվա իշխանությունները։ Իրենք կեղծ խաղաղության օրակարգ են ձևավորում, բայց խաղաղություն չեն մուրում, այլ ստանում են արժանապատիվ պայքարելով և երկիրը չեն հանձնում հանուն այդ խաղաղության։ Երևի այսօր երկրագնդի վրա միայն ՀՀ իշխանությունն է, որ պատրաստ է ամեն ինչ տալ, անգամ հայրենիքը, միայն թե այդ կեղծ խաղաղությունը լինի։ Իշխանությունն ասում է, որ խաղաղությունն անվտանգության երաշխավորն է, բայց խաղաղությունը երբեք չի կարող լինել անվտանգության երաշխիք, այն հիմնարար արժեք է, լուրջ գործողությունների արդյունք։
Իսկ խաղաղության համար երաշխիքները լինում են ազգային ու միջազգային։ Ազգային երաշխիքն առաջինը մեր բանակն է, տնտեսությունը, ուժային կառույցները և ներքին համախմբվածությունը։ Իսկ միջազգային երաշխիքները լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականությունն է, նորմալ հարաբերություններն են մեր ռազմավարական գործընկերների հետ և այն ուժային կառույցների հետ, որոնք տեղակայված են Հայաստանում ու Արցախում, նկատի ունեմ ռուս խաղաղապահ ուժերին և 102-րդ ռազմաբազան։ Եթե այս բոլոր ուղղություններով աշխատեն, ապա հաջողություն կլինի, սակայն այսօրվա իշխանություններն այդ աշխատանքները չեն իրականացնում»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։