Բաժիններ՝

«Այս նախագծով ժամանակակից հայ գրականությունը մոտեցնում ենք դպրոցին». 7-12-րդ դասարանների Քրեստոմատիայի համահեղինակ

Սեպտեմբերին լույս կտեսնի Դավիթ Սամվելյանի և Նաիրա Աբրահամյանի հեղինակած «Հայ ժամանակակից գրականություն-7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների քրեստոմատիաները», որը 2022 թվականի հունիսի 20-ի N 1163-Ա/2 հրամանով որպես ուսումնական նյութ՝ երաշխավորել է ԿԳՄՍ նախարարությունը։

Քրեստոմատիաներում ընդգրկված են 75 հեղինակ: Ներառված ստեղծագործություններով ներկայացված են գրականության գրեթե բոլոր ժանրերը՝ համապատասխանեցված դպրոցական ծրագրերին։

Հասարակության որոշ հատվածին ուրախացրել է այս լուրը, ոմանք էլ սկսել են քննադատել: Ավելին, քաղաքացիներից մեկը հարց էր բարձրացրել, թե հայ հեղինակների գրական գործերով դասագիրք կամ ընթերցարան են պատրաստել, որը կոչել են Քրեստոմատիա, ու արդյո՞ք դրա հայերենը չկա:

Արձակագիր Դավիթ Սամվելյանի հետ զրուցել ենք գաղափարի, հեղինակների ընտրության և այլ հարցերի շուրջ:

Կարդացեք նաև

– Դավիթ, ինչո՞ւ Քրեստոմատիա և ոչ, ասենք, Հատընտիր:

– Որովհետև սա հեղինակների լավագույն ստեղծագործությունների ժողովածու չէ, ինչպես նաև դասագիրք չէ,  քանի որ պետականորեն դպրոցներում ներդրված գիրք չէ, այլ ուսումնաօժանդակ նյութ է, որը երաշխավորվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Քրեստոմատիա, որովհետև գրքերում ընդգրկված ստեղծագործությունները համապատասխանեցված են այդ տարիքի աշակերտների թե՛ մտածելակերպին, թե՛ լեզվամտածողությանը, և թե՛  գեղագիտական ճաշակին: Զուգորդված են ուսումնական նյութին, այսինքն,  գրականության այն ժանրերը, որ իրենք անցնում են դպրոցներում՝ փորձել ենք զուգորդել դասագրքերում ընդգրկված դասական գրողներին, իսկ քրեստոմատիաներում ժամանակակից գրողների տեսանկյունից են այդ թեմաները շոշափված: Օրինակ՝ հայրենիքի թեման, ընտանեկան, սոցիալական հարաբերությունները և այլն: Տեսեք, դպրոցում երեխան անցնում է Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք»-ը, մենք ներկայացրել ենք, օրինակ, Արմեն Շեկոյանի «Ավարայրի լույսը» պոեմը, որը նույն թեմայի այլ մեկնաբանությունն է:

– 75 ժամանակակից գրողի անուն կա, տպավորություն է, որ բոլորին ընդգրկել եք:

Ոչ իհարկե: Հայաստանում հայտնի և անհայտ այնքան գրողներ կան, որ թիվը կարող է անցնել 200-ը: Անգամ այս թվի շուրջ կան ինչ-որ «անհամաձայնություններ»: Մեկը մտածում է՝ շատ է, մյուսը մտածում է՝ թե այս կամ այն գրողը չպետք է լինի, և այլն: Կարող էր նրանց թիվը շատ լինել, եթե արձագանքեին մեր պաշտոնական նամակին, որովհետև եղել են գրողներ, որոնց նամակ է ուղարկվել, սակայն չեն արձագանքել: Եղել  են նաև հեղինակներ, որոնք այդ տարիքին համապատասխան ստեղծագործություն չեն ունեցել:

– Ինչքանո՞վ է սա օգտակար լինելու պատանիներին:

Այս գրքերի առաջնային օգտակարությունն այն է, որ աշակերտը, ինչո՞ւ ոչ, ուսուցիչը, հնարավորություն ունի ծանոթանալու իր ժամանակ ստեղծագործող հեղինակներին, որովհետև շատ դեպքերում, երբ դպրոցն ավարտում են, 1-2 անունից բացի՝ ոչինչ չգիտեն կամ գիտեն անուններ, որոնք, այո, ժամանակակից են, սակայն բեղուն գործընթացի մեջ չեն: Վերջին հրապարակած ստեղծագործությունը 10-20 տարվա վաղեմության է լինում: Այս նախագծով ժամանակակից հայ գրականությունը մոտեցնում ենք դպրոցին: Գրքերը լինելու են վաճառքում՝ սեպտեմբերից, և յուրաքանչյուր ոք, լինի աշակերտ, ուսուցիչ կամ անհատ ընթերցող, դրանք ձեռք բերելու հնարավորություն կունենա:

Ամեն Քրեստոմատիայում 10-15 գրող է ընդգրկված, ծավալը շատ մեծ չէ: Ամենաշատը 140 էջ է:

Տեսանյութեր

Լրահոս