Գանձասարի հատվածում իրավիճակը լարված է
Ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր քիչ առաջ ահազանգել են Արցախի Գանձասարի ուղղությամբ ընթացող մարդտերի մասին: Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Գրիգորյանը գրել է.
«Հենց այս պահին ազերը Գանձասարի հատվածում բավականին առաջ է եկել: Մարտեր չեն ընթանում»:
Լրատվամիջոցների հետ զրույցում իրավիճակի լարված լինելու մասին տեղեկությունը հաստատել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ հորդորելով սպասել պաշտոնական տեղեկատվությանը:
Քիչ առաջ պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 1-ին ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել:
«Առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո նախագահ Հարությունյանը ներկաներին մի շարք անհետաձգելի հանձնարարականներ է տվել: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
168.am–ի արցախյան աղբյուրները հաստատում են՝ Արցախում մի քանի ուղղություններով ադրբեջանական կողմը փորձել է առաջխաղացումներ ապահովել:
Իրավիճակը որոշակիորեն լարվել է, այս պահին խաղաղապահները բանակցություններ են վարում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով տեղի ունեցածին՝ րոպեներ առաջ գրեց.
«Առավոտյան դիտարկում/մտահոգություններ էի ներկայացրել Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, որի հիմքում սցենարային զարգացման 2 հիմնական ուղղություն էի մատնանշել՝ տարածքների պայմանավորված հանձնո՞ւմ, թե՞ ադրբեջանական շանտաժ։
Քիչ առաջ Արցախի նախագահը՝ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ ՊԲ հրամանատարն առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել զեկուցմամբ։
Պաշտոնական հաղորդագրության գլխավոր ասելիքը և ուշագրավ ձևակերպումն այն է, որ նախագահը «մի շարք ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ հանձնարարականներ է տվել»:
Խորքում, իսկ զուգահեռ՝ կուլիսներում, թեմաներ են եռում, որոնք կարող են Հայաստանի ու Արցախի համար ծանր հետևանքներ ունենալ»։
Ըստ Արցախում շրջանառվող լուրերի՝ Արցախի հյուսիսային հատվածում լարվածության էական աճ է նկատվում, իրավիճակը գնահատվում է բարդ:
Ըստ տեղեղեկությունների՝ լարվածությունը հետևյալ ուղղություններով է՝ Նարեշտարի հատված՝ դեպի Մարտակերտ, Գանձասարի անտառներ տանող հատվածը, ինչպես նաև Եղցահողի ուղղությունը՝ Շուշիից ներքև ընկած հատվածից: Երցահող գյուղը Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող համայնքում է գտնվում: