Կուտակային ֆոնդերում կորուստները նվազեցնելու համար ներդրվել է նոր գործիք. Հրայր Ասլանյան

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ փոխտնօրեն, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը վստահեցնում է՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերում արձանագրված նվազեցումները պետք է դիտարկել ընդամենը 6 ամսվա կտրվածքով, ինչը շուկայական նորմալ երևույթ է՝ հաշվի առնելով այն, որ ֆոնդերն արձագանքում են աշխարհի արժեթղթերի շուկաներում տեղի ունեցող երևույթներին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով վերջին շրջանում արձանագրված կուտակային կենսաթոշակների նվազեցումների մասին, նման պնդում արեց Ասլանյանը՝ հավելելով.

«Կորոնավիրուս, հետո ռուս-ուկրաինական հակամարտություն, հայկական դրամի արժևորում ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ. այս բոլոր գործոնները բերեցին ֆոնդերի եկամտաբերության որոշակի անկման, ինչը, սակայն, 6 ամսվա կտրվածքով է, որովհետև ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը 7 տոկոսի շրջանակում է։ Ֆոնդերի տատանողականությունն ու ժանմանակավոր անկումները դեռևս չեն նշանակում, որ արված ներդրումներն ապահով չեն»,- ասաց Ասլանյանը՝ ընդգծելով, որ անորոշությունների շարունակության պայմաններում անգամ կուտակված գումարների ներդրումները նոր ոլորտներում կարող են բերել հակառակ էֆեկտի՝ ֆոնդերի եկամտաբերության զգալի աճի։

Ասլանյանի փոխանցմամբ՝ կուտակային ֆոնդերից զուտ դրամով՝ հայաստանյան ներդրումները կազմում են ֆոնդերում կուտակված գումարների 70 տոկոսը, մնացյալ 30-ը կատարվել է արտարժույթով՝ արտաքին ֆինանսական շոկերից հնարավորինս զերծ մնալու, բայց բազմազանություն ապահովելու նպատակով։

Կարդացեք նաև

«Այս դիվերսիֆիկացիան հնարավորություն է տվել մեղմել արտաքին ազդեցությամբ պայմանավորված բացասական հետևանքները ֆոնդերի եկամտաբերության վրա, բայց սա բավարար չէ։ Կուտակային ֆոնդերում կորուստները նվազեցնելու համար ներդրվել է նոր գործիք, որը հնարավորություն է տալիս դրամի արժևորումը դոլարի նկատմամբ որոշակիորեն զսպել, ինչը տեղի ունեցավ, հակառակ դեպքում ֆոնդերի եկամտաբերության մինուսը շատ ավելին կարող էր լինել»,- ասաց Ասլանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս