
Ռուբեն Մելիքյանը ստանձնել է Մասիս Աբրահամյանի շահերի պաշտպանությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հոլանդիայի երիտասարդականի անդամ Սյունե Աբրահամյանի մուտքի արգելքից ժամեր անց, դարձյալ Երեւանի օդակայանից դեպի Հայրենիք այս անգամ արգելվել է Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ, կուսակցական աշխուժ գործիչ ընկեր Մասիս Աբրահամյանի մուտքը:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Մասիս Աբրահամյանը դիմել է իրեն՝ ստանձնելու իր շահերի պաշտպանությունը, ինչը նա ընդունել է․
««Պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանը ևս։ Նրա մուտքը Հայրենիք արգելված է, և այժմ պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի տրանզիտային հատվածում։
Պարոն Աբրահամյանին անձամբ եմ ճանաչում. նա մեծապես օգնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը 2016-2018 թվականներին, երբ այդ կառույցը ղեկավարում էի ես։
Պարոն Աբրահամյանն ինձ առաջարկել է ստանձնել իր շահերի պաշտպանությունը՝ նրա նկատմամբ դրսևորված այդ կամայականությունը վիճարկելու հարցում, և ես, իհարկե, ընդունել եմ այդ առաջարկը»։