«Թող Ավոյի խոսքերն անգիր անեն ու կրկնեն. մարդ գոնե մի քիչ անձնական թասիբ պետք է ունենար, էլի, հասկանար, թե ինչ է տեղի ունեցել». Թևան Պողոսյանը՝ ԱԽ քարտուղարին
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը մեկ բան հստակ գիտի՝ «Եթե կորցնենք Արցախը, ապա շրջելու ենք հայոց պետականության վերջին էջը»։
Երեկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույցում կրկնելով Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արված հայտարարությունը՝ ասել էր, թե «կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը և որոշենք՝ ինչպես առաջ ընթանալ»:
168.am-ի հետ զրույցում պատասխանելով հայտարարության վերաբերյալ մեր հարցին՝ նա ասաց.
«Դուք ինձ հարց եք տալիս Հայաստանի իշխանությունների ներկայացուցչի հայտարարության մասին, որոնք ավելի շատ սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը, քան Հայաստանի։ Այս հայտարարությանը լավագույնը պատասխանել է Ալիևի նախագահականին կից վերլուծական հետազոտական կենտրոնի տնօրենը, որն ասել է, թե «ինչ լավ է, որ հայերը հասկացել են՝ Արցախի հայերի ճակատագիրը մենք լուծելու ենք առանց Հայաստանի»։ Հիմա այսքանից հետո ես էլ ի՞նչ մեկնաբանեմ։ Մարդն ամեն ինչ բացատրել է, դրանից ավելի ինչ եք ուզում։ Այդքան գլուխ են գովում, հատկապես այդ հայտարարություն անողը, որը արմատներով այն շրջանից է, որն Ավոն՝ Մոնթե Մելքոնյանն էր պահում։ Գոնե Ավոյի խոսքերի նկատմամբ վստահություն ունի՞, թե՞ իր պատկերացմամբ Ավոն էլ է եղել «անիմաստ խոսացող, նախկինների ներկայացուցիչ»։
Իսկ եթե վստահում են, ապա թող Ավոյի խոսքերն անգիր անեն ու կրկնեն։ Մարդ գոնե մի քիչ անձնական թասիբ պետք է ունենար, էլի, այսքանից հետո հասկանար, թե ինչ է տեղի ունեցել։ Եթե նա այդքան տղա է, թող պատասխանի Ադրբեջանի ինստիտուտի տնօրենին»,- ասաց Թևան Պողոսյանը՝ մասնավորապես արձագանքելով ԱԽ քարտուղարի այն մտքին, որ կա գաղափար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել՝ առանց Արցախի հարցի վերջնական լուծման։
Ըստ Թևան Պողոսյանի, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի գործող իշխանությունները մինչև ընտրությունները՝ 2021 թվականի հունիսի 20-ը սպասարկում էին միայն պարտված վիճակ ունեցողին, իսկ պարտվողից միայն սպասելի էր պարտություն։
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ պարզվեց, որ գրված օրենքների համաձայն՝ ընդամենը 1/4 բնակչության քվեով ձևավորվեց իշխանություն, որը հնացած իշխանություն էր և որը կրկին նույն ձևով պարտված էր ու բերելու է նոր պարտություններ, որը, ցավոք, սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը։
Եթե որևէ մեկը չցանկանար այդ շահերն ու պարտվածի կարգավիճակ ունեցողին սպասարկեր, պարզապես հրաժարական կտար։ Ես մեկ անգամ չեմ ասել՝ կամավոր, ինքնակամ ու գիտակցված հեռացեք, որովհետև բանակցությունների սեղանին նոր բանակցող է պետք, որը կկարողանա նոր խոսք ասել, նոր մոտեցում ձևավորել։ Իսկ պարտված իշխանություններին պարտադրելու են ամեն ինչ, և նոր պարտություններ ենք ունենալու, հիմա այսքանից հետո ի՞նչ մեկնաբանենք նրանց ասածները»,- հավելեց Թևան Պողոսյանը։
Թե ստեղծված իրավիճակում ո՞րը պետք է լինի ազգի անելիքը, Թևան Պողոսյանը նախ ասաց՝ իշխանությունը պետք է հասկանա ու գիտակցված հեռանա, հավելելով, որ երբ սոցհարցումներ էին կատարվում, մարդկանց 90-98 տոկոսը պատասխանում էր՝ Արցախը պետք է պահել, բայց երբ գալիս է պայքարի ժամանակը, մարդիկ սկսում են իրար մեջ անձնավորել ու պատճառներ բերել, թե ինչու դուրս չեն գալիս պայքարի։
«Հիմա առաջարկում եմ զանգել այդ բոլոր 98 տոկոսին, թող ասեն, որ Արցախը մեզ պետք է, որովհետև Արցախն է հայոց պետականության հենասյունը։ Եթե բոլորը դա ասեն, բոլորի պատասխանները տանք իշխանությանը, կամ աշխարհին, որովհետև այս իշխանությունը, մեկ է, չի հասկանա, տանք ու ասենք, որ այսօր Հայաստանում 2 մլն 800 հազար մարդ ասում է, որ նման բան չի լինելու։ Առնվազն, որպեսզի հասկանալի լինի, որ լավ, եթե ֆիզիկապես պայքարի հրապարակում կանգնելու դեպքում ձեզ սրա կամ նրա հետ կարող են ասոցիացնել, պետք չի գնալ կանգնել, պարզապես ձեր խոսքն ասեք, թող բոլորը լսեն»,- շեշտեց Թ. Պողոսյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանում օրվա իշխանությունների երկար մնալը դժվար իրավիճակ է ձևավորում, որի տակից սերունդները հետո չեն կարողանալու դուրս գալ, քանի որ նրանց ասած յուրաքանչյուր խոսք թշնամին հետո հայությանը «երեսով է տալու»։ Եթե այսօր իշխանությունը գիտակցված հեռանա, ապա հաջոդ բանակցողը, որը կնստի բնակցությունների սեղանի շուրջ, նրա դեմքին են ասելու, որ իր նախկիններն այսպես կամ այնպես էին ասում։ Իսկ այս ամենը նշանակում է նոր դժվարություններ ստեղծել գալիք սերունդների համար։
«Ավելի լավ է չխոսեն, լռեն, քան որևէ բան ասեն։ Լրատվամիջոցը դիմել էր Արցախի իշխանություններին՝ այդ հայտարարության վերաբերյալ մեկնաբանության հարցով, պատասխանը եղել է այն, որ չեն մեկնաբանում։ Հասկանո՞ւմ եք, այսօրվա դրությամբ անճարությունից են ասում, որ զերծ են մնում մեկնաբանելուց, որովհետև Արցախին դրել են կախման մեջ։ Հայաստանի իշխանությունն Արցախին մատնացույց է անում, թե՝ տեսեք, մեր հարկատուների հաշվին եք ապրում։
1991 թվականից այդպես է եղել, բայց Հայաստանի որևէ ղեկավար նման բան չի ասել, փաստորեն նախորդ երեք նախագահները չեն ֆայմել երեսով տալ։ Ուզում եմ ասել, հիմա էլ ինչ քննարկենք, այսօրվա դրությամբ Թուրքիայի արտգործնախարարն ասում է, որ Բայրամովի հետ անձնական խոսակցություն է ունեցել, ով շատ գոհ է մնացել Հայաստանի արտգործնախարարից։ Հասկանո՞ւմ եք, եթե թշնամին գոհ է, նշանակում է՝ նրա շահերը սպասարկվում են, հիմա էլ ի՞նչ ենք ուզում։ Ես երբևէ նման բան չեմ լսել, որ Թուրքիան կամ Ադրբեջանն ասեն, թե գոհ են Հայաստանի արտգործնախարարներից»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։