«Քյարամյան Պավլիկին 6 ամիս է՝ կանչում ենք առերեսում, չի գալիս». Զոհվածի զինծառայողի հայր

Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները Պաշտպանության նախարարության շենքի մոտ հավաքվել և պահանջում էին, որպեսզի գերատեսչության ղեկավարը նախ իրենց ընդունի, այնուհետև ՊՆ կանչի իրենց որդիների հրամանատար Պավլիկ Քյարամյանին, որպեսզի նրան մի քանի հարց ուղղեն։

«Մենք արդարություն ենք ուզում, թող Պավլիկ Քյարամյանին բերեն առերեսում։ Մենք հենց առաջին օրվանից էլ ասել ենք՝ բերեք ապացուցեք, եթե ինքը հերոս է, ասենք՝ դու հերոս ես, ախպեր ջան։ Բայց Քյարամյան Պավլիկին 6 ամիս է՝ կանչում ենք առերեսում, չի գալիս։ Եթե մինչև այսօր իրեն չենք սատկացրել, չենք էլ սատկացնի։ Թող գա նստի մեր դեմը՝ ասի, թե իմ երեխեն ինչ հանգամանքներում է զոհվել։ Այն ժամանակ, երբ իմ երեխուն 11 ամիս ման էի գալիս, Քյարամյան Պավլիկն ասում էր, թե՝ ես տեղը չգիտեմ, ես սարի վրա չեմ եղել, բայց հիմա իրեն ցույց են տալիս սարի վրայի հերոս տղա, եթե նա հերոս է, բա մեր տղանե՞րն ինչ են»,- բողոքի ակցիայի ժամանակ 168.am հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայր Արմեն Ասատրյանը։

Եվ այս հանգամանքը զոհվածի ծնողին մտորելու հիմք է տալիս, այսինքն, ասում է Ասատրյանը, ստացվում է, որ թիկունքում կանգնած հրամանատարը հերո՞ս է, իսկ առաջնագծում զոհված 18 տարեկան տղան ի՞նչ է։

«Քրեական գործ է հարուցված, բայց մենք ինչպես տեսնում ենք, այդ գործը տեղից չի շարժվում, մի օր ասում են՝ մարդ չենք կարողանում կանչել հարցաքննության, տունտունիկ են խաղում։ Ուզում ենք հասկանալ, թե լավ, մեզ ինչքա՞ն կարելի է այս կարգավիճակում պահել, ասում են՝ գնացեք, հետո զանգեք եկեք, հիմա եկել եմ, կարող է որևէ մեկն ինձ դիմավորի։ Մենք մեր ուզածը, երկու տարի է, ասում ենք, արդարություն ենք ուզում»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս