
Մոլդովայի իշխանություններն արգելել են Կիրկորովի մուտքը երկիր․ նրան օդանավակայանից ներս չեն թողել

Մոլդովայի իշխանություններն արգելել են Ֆիլիպ Կիրկորովի մուտքը երկիր։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ երեկ` ժամը 23:30-ին, արտիստը մասնավոր չվերթով ժամանել է Քիշնևի օդանավակայան, սակայն սահմանային հսկողությունում պարզ է դարձել, որ Ֆիլիպ Կիրկորովը չի կարող մուտք գործել երկիր։
«Գործելով սահմանված կանոնադրության համաձայն՝ Մոլդովայի սահմանային ոստիկանությունը պարզել է, որ Ֆիլիպ Կիրկորովի կողմից պետական սահմանը հատելու թույլտվության պայմանները չեն պահպանվել»,- նման հայտարարություն է տարածել Մոլդովայի ոստիկանությունը։
Թե ինչ նպատակով է ռուսական էստրադայի աստղը ժամանել երկիր, դեռ չի հաղորդվում, քանի որ իրականում նա համերգներ ունի Ղրիմում։ Ըստ լուրերի՝ Ֆիլիպ Կիրկորովը պետք է մասնակցեր կորպորատիվ միջոցառման։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կիրկորովն այցելել էր Ղրիմի զինվորական հոսպիտալ, որտեղ վերականգնողական կենտրոնում հանդիպել էր Ուկրաինայում հատուկ գործողության մասնակիցների հետ։ Երգիչը զրուցել է զինվորականների հետ, նրանց ինքնագիր գրքեր ու համերգի տոմսեր նվիրել։
Կիրկորովը զինծառայողներին անվանել է հերոսներ, իսկ նրանց գործողությունները՝ հերոսություն։