Կիսիդան կդառնա Ճապոնիայի առաջին վարչապետը, որը կմասնակցի ՄԶՉՊ-ի երկրների խորհրդաժողովին
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կմասնակցի Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) մասնակից երկրների՝ հաջորդ շաբաթ բացվող ամփոփիչ խորհրդաժողովին:
Ճապոնիայի կառավարության ղեկավարն այդ միջոցառմանը ներկա կլինի առաջին անգամ, հուլիսի 29-ին Տոկիոյում կայացած կանոնավոր ճեպազույցում հայտնել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Սեյձի Կիհարան:
«Վարչապետ Կիսիդան կայցելի Նյու Յորք մասնակցելու համար ՄԶՉՊ-ի (կողմերի) խորհրդաժողովին: Դա կլինի Ճապոնիայի կառավարության ղեկավարի առաջին մասնակցությունն այդ խորհրդաժողովին»,- ասել է Կիհարան:
Նրա խոսքով՝ Տոկիոն կշարունակի ջանքեր գործադրել միջուկազերծ աշխարհի հասնելու նպատակով:
Ամփոփիչ խորհրդաժողովը, որը նվիրված է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի գործողության քննարկմանը, անցկացվում է հինգ տարին մեկ անգամ: 10-րդ հանդիպումը պետք է տեղի ունենար տակավին 2020 թվականի մայիսին Նյու Յորքում, սակայն քովիդի համավարակի պատճառով հետաձգվել է ընթացիկ տարվա օգոստոսի 1–26-ը:
Միջուկային զենքի չտարածման պայմանագիրն ստորագրվել է 1968 թվականին: Այն օրինականացրել է Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջուկային զինանոցները: Մյուս պետություններն, ստորագրելով փաստաթուղթը, զրկվում են զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման կամ ձեռքբերման իրավունքից: Այժմ համաձայնագրի մասնակիցներ են ավելի քան 190 երկրներ: Պայմանագրից դուրս են մնում Հնդկաստանը, Պակիստանը եւ Իսրայելը:
2003 թվականի հունվարին համաձայնագրից դուրս է եկել ԿԺԴՀ-ն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: