«Քացով դռներ են բացել, ապակիներ փշրել, աշխատակցի թևերը ոլորել․․․»․ փաստաբան. Մանրամասներ դիմակավորված հատուկջոկատայինների՝ «Սեքյուրիթի Դրիմ» մտնելու մասին
Հուլիսի 26-ին Քննչական կոմիտեի քննիչներն ու դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել էին արագաչափերի և տեսախցիկների սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գրասենյակ, խուզարկություն իրականացրել, առգրավել համակարգիչներ և կրիչներ։
Փաստաբան Արկադյա Գևորգյանն այսօր 168.am-ի զրույցում անդրադառնալով երեկ տեղի ունեցած գործողություններին՝ ասաց, որ ոստիկանության աշխատակիցները, քննիչներն ու հատուկջոկատայինները գնացել էին ընդամենը համակարգիչներ և հաշվապահական ծրագրի բանալի առգրավելու։ Փաստաբանի համար անհասկանալի է, թե համակարգիչների առգրավման գործընթացն ինչու էր ուղեկցվում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելով։
«Աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով, ուժ կիրառելով, վերևի հարկերում դռներ կոտրելով․․․ Անվտանգության աշխատակիցները որևէ դիմադրություն ցույց տալու նպատակ չեն էլ ունեցել, իրենք իրենց աշխատանքն են կատարելիս եղել՝ իրենց պոստում, դիմակավորված հատուկջոկատայինները մտել են, միանգամից թևերը ոլորել են, «չշարժվե՛ք, ոչ մեկ իրար չգա», բոլորին սպառնացել են, ահաբեկել են, «չշարժվե՛ք, հեռախոս չվերցնե՛ք, համակարգչին չդիպչե՛ք», դռներն են ջարդել։ Քացով խփել, դռներ են բացել, ապակիներ փշրել․․․ Արդյունքում պարզվեց այս մարդկանց ուզածը՝ դատարանի որոշման հիման վրա, ինչ-որ համակարգիչ և կրիչներ էր, որը հանգիստ վերցրել-գնացել են»,- ասաց փաստաբանը, ապա հավելեց, որ եթե նման անհրաժեշտություն կար, իրենք պատրաստ էին տրամադրել, քանի որ չտրամադրելու հիմք և պատճառ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունները չեն ունեցել։
Արկադյա Գևորգյանը նշեց, որ այս ընկերություններում աշխատանքները խաթարված են, առգրավել են նաև գլխավոր հաշվապահների համակարգիչները, ուստի բազմաթիվ գործարքներ չեն կարող կատարել, այդ թվում՝ հարյուրավոր աշխատակիցների աշխատավարձեր տալը։
Փաստաբանի խոսքով՝ անանուն նամակի հիման վրա ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ հուլիսի 20-ին, կալանավորվել է «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների հիմնադիրներից Ալեքսան Զաքարյանը։ Ի դեպ, Զաքարյանը կալանավորվել էր նաև 2018 թվականին՝ իշխանափոխությունից հետո, սակայն 1 ամիս անազատության մեջ մնալուց հետո 20 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել․
«Հուլիսի 20-ին Վերաքննիչ դատարանի անհիմն որոշումով կալանավորվեց Ալեքսան Զաքարյանը։ Հիմքում դրվել է ընդամենը մի անանուն նամակ։ Երբ դատական նիստի ժամանակ Վերաքննիչ դատարանի դատավորը քննիչին հարցնում է՝ արդյոք պաշտպանական կողմի միջնորդությունը, այդ անանուն նամակն ուղարկողին հայտնաբերե՞լ եք, թե՞ չէ, քննիչը պատասխանում է՝ ո՛չ, չենք հայտնաբերել, մարտ ամսից սկսած։ Այդքանից հետո, երբ դատավորը որոշում է կայացնում կալանավորել ու իր որոշման մեջ հղում է կատարում հենց այդ անանուն նամակին, ստացվում է, որ մեր երկրում արդարադատության, դատական համակարգի բարեփոխումները շատ բուռն ընթացքի մեջ են․․․
Երկրորդ հիմքը նույն անձի ցուցմունքն է, իբր Պողոս Պողոսյան տելեգրամյան ալիքից իրեն ահաբեկելու նամակ է ստացել, որ ցուցմունք չտա, և ինքն իր ցուցմունքում քննիչի մոտ նշել է, որ այդ Պողոս Պողոսյանը, իր կարծիքով՝ Ալեքսան Զաքարյանն է, ու սրա հիման վրա Ալեքսան Զաքարյանին կրկին կալանավորել են։
Ի պատիվ Առաջին ատյանի դատարանի՝ հիմք չընդունվեցին այդ փաստերը, որովհետև աբսուրդի ժանրից էր, բայց Վերաքննիչ դատարանում, փաստորեն, հիմք ընդունեցին․․․»։
«Էլլիպս Ջի Էյ» ընկերության գլխավոր հաշվապահը, որի համակարգիչը ևս առգրավել են, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ 2018 թվականին էլ էին իր համակարգիչը տարել ու չեն վերադարձրել։
«2018 թվականին էլ մտան, համակարգիչ, կրիչներ, լրիվ փաստաթղթերը, նույնիսկ դարակներում դրված անձնական իրերը լրիվ տարան ու մինչև հիմա ոչ մի բան չեն վերադարձրել։ Բազմիցս խնդրել եմ, ասել եմ՝ գոնե որոշ բաների պատճենները տրամադրեք, բայց ոչ մի բան չեն բերել։ Ինձ թվում է՝ այս անգամ էլ են այդպես անելու, չնայած որոշման մեջ գրված էր, որ պատճենահանման համար են տանում, բայց կարող էին տեղում պատճենահանել, տանել։ 22 քեյս էին տարել, նորից եկան տարան, ինչի՞, թող ինֆորմացիան հանեին տանեին․․․»,- ասաց հաշվապահը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հուլիսի 14-ի նիստում գործադիրի անդամներին և հանրությանը տեղեկացրել էր «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին, ապա հայտարարել , որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը բարեհաջող ավարտում է իր դարաշրջանը։
Փաստաբան Արկադյա Գևորգյանին հարցրեցինք՝ արդյոք զուգադիպությո՞ւն էր Փաշինյանի այս հայտարարությունից հետո նման ձևով ընկերության տարածք ներխուժելն ու համակարգիչներ առգրավելը։ Փաստաբանը գնահատական չտվեց այդ ամենին, միայն նշեց՝ զուգադիպությո՞ւն էր, թե՞ չէ, ով տեսնում է, դատողություններ կանի այդ մասին։
Հիշեցնենք նաև, որ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը կապում էր Ալեքսանդր Սարգսյանի հետ, ասում էր՝ Սաշիկը 50 տոկոս փայ ունի, որը, իհարկե, այդպես էլ չապացուցեց։ Փաստաբանին հարցրեցինք, թե արդյո՞ք որևէ մեկը «փայ» ունեցել է «արագաչափերի բիզնեսում»։
«Այս ընկերությունը հիմնադրվել է Ալեքսան և Գուրգեն Զաքարյանների կողմից, տարբեր տարիներին ունեցել են իրենց գործադիր մարմնի ղեկավարները և 2018 թվականից մինչ օրս ոստիկանությունը, քննչական մարմինները քրեական գործեր են քննում, եթե որևէ այդպիսի տվյալ հայտնաբերեին, կարծում եմ՝ վաղուց հրապարակային կդառնար դա․․․»,- այսքանով ավարտեց մեր հարցի պատասխանը փաստաբան Գևորգյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում