«Նշաձողն արդեն իսկ իջեցված է. ԱԽ քարտուղարն իր հայտարարությամբ մեզ դարձրեց ագրեսոր». Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանի կարծիքով՝ եթե անհրաժեշտություն լինի՝ Իրանը չի վարանի ամեն գնով պահել հայ-իրանական սահմանը:

«Նմանատիպ քայլեր Իրանն արել է հարևան երկրների հանդեպ. Նախորդ մեկ կամ երկու տարվա ընթացքում առնվազն երկու-երեք դեպք է եղել, երբ Իրանն իր տարածքից հրթիռակոծել է Իրաքի տարածքը և ամեն անգամ գտել է պատրվակ՝ դա անելու համար: Անհրաժեշտության դեպքում, եթե պետք լինի այդ սահմանը բաց պահել և դա կանխելու համար դիմել ռազմական քայլերի, ապա Իրանը կդիմի այդ քայլին և անպայման կգտնի պատրվակ, թե ինչպես դա բացատրի: Հուսով եմ՝ թույլ չենք տա, որ մեկ այլ երկիր մեր փոխարեն մեր խնդիրը լուծի: Վերջին հաշվով, թեև Իրանը խոսում է հազարամյա բարեկամության մասին, և իսկապես այդպես է՝ մենք բարեկամ ժողովուրդներ ենք, բայց Իրանն իր շահերը գերադասում է բոլորի շահերից: Իրանի համար ոչ թե Իրան-Հայաստան սահմանի հարցն է, այլ իր սահմանի այդ մեկ հատվածը բաց պահելու հարցը: Որևէ մեկը մեր փոխարեն մեր շահերը չի պաշտպանելու, դա պետք է հասկանանք, այսինքն՝ անտեղի ոգևորություն չպետք է ունենանք: Եթե որևէ մեկը մեզ օգնի, ապա իր շահերից բխելով է մեզ օգնելու»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով Արցախից հայկական զորքերի դուրսբերման մասին Անվտանգության  խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, նա նշեց, որ դա, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրման՝ Ալիևի նախապայմաններից մեկն է:

«Ալիևը բազմիցս հայտարարել է, որ հայկական զորք չպետք է լինի Արցախի տարածքում: Սա Ադրբեջանի պահանջն է: Հայաստանն այդ քայլին գնալով՝ բավարարում է Ալիևի հերթական պահանջը, որ Արցախում հայկական ուժեր չլինեն: Սա չափազանց վտանգավոր ձևակերպում է, քանի որ Արցախը մնում է անպաշտպան, բայց սա նաև քաղաքական առումով է ուղերձներ պարունակում իր մեջ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նուրբ կերպով մեզ դարձրեց ագրեսոր՝ իր այդ հայտարարությամբ, քանի որ այնպես ձևակերպվեց, որ մեր զինված ուժերը ներկա են եղել մեկ այլ երկրի տարածքում և հիմա դուրս ենք բերում այդ տարածքից:

Կարդացեք նաև

Սա ուղղակիորեն ագրեսոր լինելու բացատրություն է միջազգային հարաբերություններում: Ադրբեջանը փորձելու է դա կիրառել: Բացի այդ, դա Արցախի կարգավիճակի մասին է հստակորեն խոսում. Նշաձողը, կարծես, արդեն իսկ իջեցված է, քանի որ, եթե դու խոսում ես մեկ այլ երկրի տարածքից քո զորքերը դուրս քաշելու մասին, շատ բնական է, որ դու այդ տարածքն արդեն համարում ես Ադրբեջանի մաս, և կարգավիճակը գրեթե իրենց պատկերացմամբ հստակ է՝ Արցախը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ, և քանի որ Ադրբեջանի կազմի մեջ է՝ դա այլ երկրի տարածք է, իսկ այլ երկրի տարածքում, բնականաբար, մեր բանակն անելիք չպետք է ունենա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս