
ԼԻՆԵԼ ՏԱԿԱՆՔ, ԿԱՄ ՉԼԻՆԵԼ ՏԱԿԱՆՔ. Խաղաղության խաչմերուկից՝ «18+» տարածություն

Վերջին օրերին, դրանից առաջ շաբաթներին Նիկոլ Փաշինյանի, նրա կենցաղային ու քաղաքական ընտանիքի անդամների ծավալած հակաեկեղեցական, հակաազգային, հակապետական արշավը, ողջ նողկանքով հանդերձ, ունի դրական կողմ։ Դրա արդյունքում իշխանության դեմ պայքարն այլևս ամբողջությամբ դուրս է եկել քաղաքական հարթությունից և տեղափոխվել է ամենապարզ, մարդկային տիրույթ։
Այլևս պայքարն իշխանության վարած ներքին կամ արտաքին քաղաքականության դեմ չէ, հանձնողականության կամ դավաճանության դեմ չէ, ու նաև ուղղակի իշխանության համար պայքար չէ, որում մարդիկ դիրքավորվում են՝ ըստ իրենց քաղաքական նախընտրությունների և այս կամ այն ուժի, առաջնորդի հանդեպ վերաբերմունքի։ Իշխանության դեմ պայքարում արդեն բարիկադի այս կամ այն կողմում գտնվելը պայմանավորված է պարզագույն ընտրությամբ՝ ԼԻՆԵԼ ՏԱԿԱՆՔ, ԿԱՄ ՉԼԻՆԵԼ ՏԱԿԱՆՔ։
Սա չի նշանակում, թե ովքեր չեն պայքարում իշխանության դեմ՝ տականքներ են, բայց սա նշանակում է, որ այլևս ովքեր անգամ իներտությամբ պաշտպանում են այս իշխանությանը, չեն կարող չլինել տականքներ։
Նիկոլ Փաշինյանը պետության նշաձողն իջեցրել է, բառի ամենաուղիղ իմաստով՝ սեռական օրգանների մակարդակի։ Պետության ղեկավարն այլևս օգտագործում է բառամթերք, որը պարունակող խոսքն իրեն հարգող մարդը, անգամ մինչ այդ ՔՊ-ի համակիր մեկը, չի կարող թույլ տալ լսել սեփական երեխային։ Եվ սա արդեն ուղղակի էժանագին պոպուլիզմ չէ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է միավորի, որի մասին պաշտոնական տեղեկությունները, այնքանով, որքանով դրանք հաղորդում են պաշտոնյաները, որևէ երկրում կարող են թույլատրելի լինել միայն «18+» մակագրությամբ։ Իսկ դա արդեն արժանապատվության հարթության խնդիր է։
Ընդ որում, սա յուրաքանչյուրին անձնապես առնչվող, ամեն մեկի ընտանիք մտնող արժանապատվության հարց է, ի տարբերություն Արցախի հանձնմամբ, նվաստացուցիչ քաղաքականությամբ խոցվող ազգային արժանապատվության, որի անգամ բռնաբարումը քաղաքացիների մի մասը համարում է իրենից հեռու, հավաքական ինչ-որ գո։
Կարելի է, իհարկե, որպես հակափաստարկ բերել տարիներ շարունակ օվկիանոսի այն կողմից հայհոյախոսությամբ հարյուր-հազարանոց լսարաններ հավաքող բլոգերին, որին, այո, լսում էին նաև այսօրվա պաշտոնական սեռաշեղվածությունից շոկ ապրողներից շատերը։ Բայց նմանություններով հանդերձ, սրանք տարբեր պարագաներ են, որովհետև մեկը սեփական սեռաշեղումը տարածում էր՝ որպես վիրտուալ ժամանց, երկրորդը դա անում է պետության ղեկավարի կարգավիճակում։ Եվ եթե մի դեպքում կարելի էր պահանջել էկրանին զետեղել «18+» զգուշացումը, ապա Փաշինյանի իշխանության շարունակության պարագայում «18+»-ը պետք է ֆիքսվի նաև Հայաստանի Հանրապետության կողքին, օրինակ՝ ՄԱԿ անդամ պետությունների գրանցամատյանում։
Այլընտրանքը՝ անկախ քաղաքական նախապատվություններից, համակրանքներից ու հակակրանքներից, բոլոր նվազագույն արժանապատվություն, գոնե ընտանեկան դաստիարակություն ունեցող մարդկանց համախմբումն է՝ սեփական պետությունը պոռնոտարածքի վերածելու արդեն անթաքույց քաղաքականության դեմ։
Հարություն Ավետիսյան