Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Վաշինգտոնում Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են խաղաղության պայմանագրի գնալու ժամանակացույցը, այսինքն՝ մինչև տարեվերջ պայմանագիր ունենալը։ Նաև դելիմիտացիայի հարցը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու։
«Ալիևը բազմիցս հայտարարել է, որ հայկական զորք չպետք է լինի Արցախի տարածքում: Սա Ադրբեջանի պահանջն է: Հայաստանն այդ քայլին գնալով՝ բավարարում է Ալիևի հերթական պահանջը, որ Արցախում հայկական ուժեր չլինեն: Սա չափազանց վտանգավոր ձևակերպում է, քանի որ Արցախը մնում է անպաշտպան, բայց սա նաև քաղաքական առումով է ուղերձներ պարունակում իր մեջ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նուրբ կերպով մեզ դարձրեց ագրեսոր՝ իր այդ հայտարարությամբ, քանի որ այնպես ձևակերպվեց, որ մեր զինված ուժերը ներկա են եղել մեկ այլ երկրի տարածքում և հիմա դուրս ենք բերում այդ տարածքից: