«Թուրքիան հետևողական է՝ նվաճելու իր ազդեցության գոտիները». թուրքագետ
«Ի դեմս Թուրքիայի, տարածաշրջանում գործ ունենք բավականին խոշոր, կայացած և հնարավորությունների բավական մեծ պաշար ունեցող պետության հետ: Այս պետության քաղաքական վերնախավն իրեն միշտ ընկալում է՝ որպես վեր հառնող կայսրության ներկայացուցիչ: Հետևաբար՝ որպես մեծ հավակնություններ ունեցող կայսրություն, պետք է անդադար ձգտի ոչ միայն վերստեղծել իր ազդեցության գոտիներն իր սահմանների երկայնքով, այլ նաև նվաճի: Պատահական չէ, որ 1923թ. հետո, երբ Թուրքիայում մասնատվեց քեմալական իշխանությունը և ստեղծվեց Թուրքիայի Հանրապետությունը, որպես արտաքին քաղաքականության հիմնական բանաձև՝ հայտարարում էր «խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում», սակայն իրականության մեջ փորձում էր վերանվաճել այն գոտիները, որոնք Թուրքիայի համար կենսական նշանակություն ունեին»,- «Տարածաշրջանը և մենք» թեմայով քննարկմանը նշեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Նրա խոսքով, եթե հնարավոր է, Թուրքիան ռազմական ճանապարհով նվաճում է իր համար կարևոր տարածքային գոտիները, եթե հնարավոր չէ՝ տնտեսական ու քաղաքական միջոցներով է անում այդ ամենը: Այդպիսի օրինակ է Բաթումին, Բալկաններում ՝ Մակեդոնիայից մինչև Բոսնիա, կարող ենք տեսնել թուրքական քաղաքական ահռելի ազդեցություն: Բալկաններում որոշ երկրների, իսկ Վրաստանում ընդհանրապես գլխավոր քաղաքների բոլոր օդանավակայանները պատկանում են թուրքական ընկերությանը:
«Թուրքիան հետևողական է նվաճելու իր ազդեցության գոտիները և դրա միջոցով դառնալու տարածաշրջանում գերտերություն: 2013-14թթ. Թուրքիայի համար արտաքին քաղաքականության գլխավոր գործիքը դարձել էր ոչ թե դիվանագիտությունը, այլ ռազմական քաղաքականությունը՝ անօդաչուներ ուղարկելուց մինչև թուրքական բանակի ներգրավում: Թուրքիայի արտաքին քաղաքական նպատակներն անփոփոխ են, չեն փոխվում՝ ըստ քաղաքական թիմերի, ըստ քաղաքական գործիչների, ըստ եղանակի: Դրանք մշտապես սպասարկում են Թուրքիայի ազգային պետական շահը»,- արձանագրեց թուրքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում