«Հայ ժողովուրդն իր համար բանակցող է ընտրել քաղաքական ոչնչությունների». Արտակ Զաքարյան
«Մեկ տարուց ավելի է, Հարավային Կովկասն ինտենսիվ քաղաքական ու ռազմական զարգացումների հիմնական թիրախ է դարձել, և երկու ուղղություններով էլ այսօր բախվում են բոլոր ուժային կենտրոնների ուղղակի և անուղղակի շահերը: Այն, ինչ տեղի է ունենում արևելաեվրոպական տարածաշրջանում, միայն Ուկրաինայով չի սահմանափակվի, կունենա տարբեր փոխակերպումներ, տարբեր ուղղություններով, բայց այդ ուղղության վրա շահերի բախումներն իրենց զգացնել են տալու երկար ժամանակ: Դա հենց այն հիմնական բախման կետն է, որը բերելու է նոր աշխարհակարգի, նոր աշխարհաքաղաքական հավասարակշռումների ու համաձայնությունների»,- «Տարածաշրջանը և մենք» թեմայով քննարկմանը նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով, Հարավային Կովկասը, ինչպես միշտ, բոլոր աշխարհաքաղաքական զարգացումներում, բոլոր համաշխարհային պատերազմներում, բոլոր քաղաքական, տեկտոնական, գլոբալ ցնցումների ու բախումների ժամանակ, եղել է հիմնական թեժ խաչմերուկներից մեկը, որտեղ գլոբալ դերակատարները ձգտել են հարմար տեղավորվել: Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղելու ցանկություններն ու ձգտումները չեն դադարում: Մեկ դա արվում է Թուրքիայի միջոցով, մեկ՝ ՆԱՏՕ-ի միջոցով, մեկ էլ փորձել են դա անել Գերմանիայի միջոցով: Այսօր նորից փորձ է արվում նման քաղաքականություն իրականացնել՝ փոքր և մեծ խաղացողների շահերը մեկտեղելով: Դրան էր ուղղված Արցախյան 44-օրյա պատերազմը, Իրանի շուրջ զարգացումները, դրան է ուղղված էներգետիկ, կոմունիկացիոն քաղաքականությունը, դրան են ուղղված նաև Մերձավոր Արևելքում տարբեր գործընթացները նորից վերակենդանացնելու փորձերը:
«Այս իրավիճակում Հարավային Կովկասը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեմքով, ստանձնել է նոր դերակատարություն: Որքան 3 պետությունների ղեկավարները կարողանան ճիշտ հասկանալ երևույթների մեջ կապը և հաշվարկել հնարավոր զարգացումները՝ իր պետության շահը տեղավորելով գլոբալ զարգացումների մեջ, այնքան շահած է դուրս գալու: Հայաստանն աշխարհագրորեն ստանձնել է կարևոր դերակատարություն, բայց հայ ժողովրդի բախտը, ինչպես միշտ, չի բերել, և հայ ժողովուրդն իր համար բանակցող ընտրել է քաղաքական ոչնչությունների, քաղաքական դեգեներատների, քաղաքական ծառայամիտների, կիսագրագետների և, որոշ հարցերում, բառիս բուն իմաստով, տգետների:
Հայաստանը՝ պատերազմից պարտված դուրս գալուց հետո, ինչ-որ չափով կարող էր իր համար զգալի վերականգնումով բարելավել իր ռեգիոնալ դիրքերը, սակայն, ցավոք, Հայաստանի կապիտուլյանտ իշխանություններն ի վիճակի չեն կիրառել դրանք, քանի որ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք խաչաձև բախման մեջ երկու ուղղությամբ էլ Հայաստանի իշխանությունները գտնվում են տոտալ ենթակայության կամ ստորադասման մեջ և ձգտում են ոչ թե Հայաստանի շահը դուրս բերել, այլ երկարացնել սեփական խղճուկ իշխանության օրերը»,- արձանագրեց Արտակ Զաքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում