
Խորվաթիան արգելել է Սերբիայի նախագահի մուտքը երկիր

որվաթիայի իշխանություններն արգելել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին մասնավոր այցը Յասենովացի համակենտրոնացման ճամբարի տարածքում գտնվող հուշահամալիր։ Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը որոշումը անվանել է «նորագույն պատմության մեջ Սերբիայի և Խորվաթիայի միջև ամենամեծ սկանդալը»։
Ինչպես գրում է խորվաթական Jutarnji հրատարակությունը՝ հղում անելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին, Ալեքսանդր Վուչիչը ցանկացել է հատել սահմանը և ժամանել Յասենովաց, իսկ հետո այցելել Պակրակ քաղաք՝ առանց պաշտոնական ծանուցման և առանց Խորվաթիայի դեսպանատան հետ համաձայնեցնելու։
«Նա չի հետևել որևէ պրոտոկոլ, ուզում էր ամեն ինչ անել առանց դիվանագիտական հարաբերությունների ընթացակարգերի և կանոնների։ Նա ցանկանում էր իր հեռուստատեսության մարդկանց հետ անցնել Խորվաթիայի սահմանը և անել այն, ինչ ուզում էր այստեղ։ Բայց վարչապետ Պլենկովիչը (Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը – խմբ.) և կառավարությունը հստակ ասացին՝ ոչ»,- նշել է աղբյուրը:
«Սա նույնն է, թե դուք Իսրայելի նախագահին արգելեք այցելել Օսվենցիմ,- Խորվաթիայի իշխանությունների որոշումը մեկնաբանել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը։- Սա հակաեվրոպական և հակաքաղաքակրթական որոշում է, ազատության կոպիտ խախտում։ Ես նույնիսկ չեմ վերլուծում, թե որքանով է սա խոսում սերբ զոհերի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին։ Սա Սերբիայի և Խորվաթիայի միջև նորագույն պատմության ամենամեծ սկանդալն է»։
Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը արձագանքել է Խորվաթիայի իշխանությունների որոշմանը։ Իր մեկնաբանության մեջ ՆԳՆ ղեկավարը նշել է, որ այսօրվանից «խորվաթական պետության բոլոր պաշտոնյաները, բոլոր պաշտոնական կամ դիվանագիտական անձնագրեր ունեցողները պետք է առանձին հայտարարեն և հիմնավորեն իրենց այցը կամ անցումը Սերբիայի տարածքով և կենթարկվեն հատուկ հսկողության ռեժիմին»։