Առաջադրված մեղադրանքն ամենախայտառակ նկարագրությունն էր իմ երկար տարիների նվիրմանը մեր հայրենիքին. ազատ արձակվելուց հետո մեր բնակավայրի 70%-ը չի կարողանում իմ աչքերի մեջ նայել. Պետական դավաճանության գործով կալանքից ազատված սպա
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրերն էին պետական դավաճանության գործով օրեր առաջ կալանքից ազատված ՀՀ Զինված ուժերի գումարտակի հրամանատարի տեղակալ Տարոն Կարապետյանը և վերջինիս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Տանն էինք: Մարտի 3-ին՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում, դուռը թակեցին ու ներս մտան: 6 հոգի էին՝ 4 դիմակավորված անձինք, քննիչը և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մեկ գնդապետ: Մինչև ԱԱԾ տանելը ես տեղեկացված չեմ եղել՝ ինչ է կատարվում: Սկսեցին հարցաքննությունը: Հաջորդ օրը կալանավորվեցի: Ինձ առաջադրված մեղադրանքն ամենախայտառակ նկարագրությունն էր իմ երկար տարիների նվիրմանը մեր հայրենիքին»,- ասաց Տարոն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ ինքը 15 տարի անբասիր ծառայել է ՀՀ-ին, պաշտպանել մեր երկրի սահմաններն ու ժողովրդի անվտանգությունը:
«Մասնակցել եմ Ապրիլյան քառօրյա պատերազմին, 44-օրյա պատերազմին, 2021թ. նոյեմբերին Սիսիանում ծավալված մարտական գործողություններին: Ու մեկ էլ ինձ ասում են, որ ես մեղադրվում եմ պետական դավաճանության մեջ»,- ասաց ԶՈՒ սպան:
Տարոն Կարապետյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն էլ նշեց՝ իր աշխատանքային փորձի մեջ սա երևի թե ամենազավեշտալի քրեական գործերից է, որովհետև Տարոն Կարապետյանի քրեական գործում առկա միակ հիմնավոր կասկածն առ այն, որ նա կատարել է պետական դավաճանություն, այն էր, որ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունից իր անձնական հաշվին փոխանցված է եղել 300 եվրո գումար, որն ըստ նախաքննական մարմնի վարկածի՝ պետական դավաճանության գումարն է եղել:
«Իսկ իրականում Տարոն Կարապետյանի անձնական հաշիվը կցված է եղել օնլայն կազինոներից մեկին, որից օգտվել է նրա ազգականներից մեկը: Գումար են շահել, ու ընդամենն այդ գումարն է ստացվել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով՝ իրենք արդարացման գործընթացի մեջ են, ու իր պաշտպանյալն անպայման ձեռք է բերելու արդարացված կարգավիճակ:
Ալեքսանդր Կոչուբաևը նշեց՝ հետքերը դեպի Տարոն Կարապետյանին են բերել, քանի որ ադրբեջանական հատուկ ծառայությանը կցված «WhatsApp» հավելվածի ոմն օգտատեր անորոշ շրջանակի ու նաև Տարոն Կարապետյանի հետ նամակագրության մեջ է մտել, եղել է բացառապես անձնական բնույթի զրույց, սկայն որոշ ժամանակ անց իր պաշտպանյալը դադարեցրել է շփումը նրա հետ:
Փաստաբանի խոսքով՝ արդարացումից հետո Տարոն Կարապետյաննի կներկայացնեն ինչպես կոչման, այնպես էլ՝ պաշտոնի բարձրացման: Վերջինս կունենա փոխգնդապետի կոչում և կդառնա գումարտակի հրամանատար: Ի դեպ, ՊՆ-ից Տարոն Կարապետյանը բնութագրվել է բացառապես դրական:
«Սա մեղավորներ փնտրելու կոնտեքստում քննված քրեական գործ էր, որովհետև ինձ համար առնվազն տարակուսելի է՝ ինչպես կարող է բրիտանական փոխանցումը որակվել՝ որպես պետական դավաճանության դիմաց ստացված վարձատրություն»,- ասաց պաշտպանը:
Նա նշեց նաև, որ դատախազը կալանավորման հերթական ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ իր որոշմամբ է վերացրել կալանավորումը:
«Դատավոր Դավիթ Արղամանյանը հաճույքով բավարարում էր կալանավորման ժամկետի միջնորդությունը: Նրան հատկապես դուր չեկավ այն, երբ Տարոն Կարապետյանը խոսեց Մեհրաբի մասին: Բոլորն են հիշում, որ ամբողջ իշխանական քարոզչամեքենան լցված էր նրանով, որ Դավիթ Արղամանյանը պատերազմի մասնակից է, դաժան մարտերի միջով է անցել, և Տարոն Կարապետյանի «բախտը չբերեց», որովհետև ինքը եղել էր հենց այն մարտական դիրքում, որտեղ իբր թե կռվել էր Դավիթ Արղամանյանը»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:
Նրա խոսքով՝ քանի որ Տարոն Կարապետյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ այդ ուղղությամբ մարտեր տեղի չեն ունեցել, դա դատավոր Արղամանյանին դուր չեկավ:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ դատավորը չի հետազոտել քրեական գործի նյութերը, լսել է մեզ ու դատախազին, հեռացել է խորհրդակցական սենյակ: Մենք չենք հասցրել տեղից կանգնել, վերադարձել է ու կալանավորումը ներկայացրել»,- ասաց պաշտպանը:
Տարոն Կարապետյանին հարցրինք՝ ինչպե՞ս է եղել, որ իրեն փոխանցված գումարը հայտնվել է ԱԱԾ ուշադրության կենտրոնում:
««WhatsApp» հավելվածով նամակագրություն է եղել որպես հայ, Շիրակի մարզի՝ Վրաստանում ապրող ներկայացած իգական սեռի ներկայացուցչի հետ: Ազատ հայերեն խոսում էր: Հենց այդ համարն է եղել պատճառը, որ ԱԱԾ-ն սկսել է ուսումնասիրել: Անձնական բնույթի խոսակցություն է եղել, ոչ մի տվյալ չի փոխանցվել, առավել ևս՝ գումարի դիմաց: Չի եղել այնպիսի խոսակցություն, որից ես հասկանամ, որ ինքն օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչ է: Ինքը պետք է գար Հայաստան: Մեր շփումը տանում էր նրան, որ միգուցե լիներ նաև ամուսնության առաջարկ: Քանի որ ինքը չեկավ Հայաստան, ես դադարեցրեցի մեր շփումը»,- ասաց ԶՈՒ սպան:
Պաշտպանը հավելեց, որ այս գործով հաստատվել է, որ եղել են անձինք, ովքեր վարձատրության դիմաց պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ են փոխանցել, և այս ուղղությամբ ԱԱԾ-ի իրականացրած քննությունը չէի ցանկանա ստվերել, բայց հայի համար ամենածանր Քրեական օրենսգրքում առկա մեղադրանքը նման թույլ, հեղհեղուկ վիճակում անձին մեղսագրելուն չգիտեմ ինչ անուն տամ: Տեսանյութեր նկարեցին, լալահառաչ տեքստեր գրեցին, բա նույն հաջողությամբ ինչո՞ւ ԱԱԾ-ն նույն լալահառաչ տեքստերով ներողություն չի խնդրում այս անձանցից: Մարդիկ 5-6 ամիս, մեկ տարի մեկուսացված են եղել, այն էլ՝ այս մեղադրանքով»,- տարակուսեց պաշտպանը:
Ուշագրավ է, որ սկզբնական երկու ամիս կալանքից հետո քննիչը ևս մեկ անգամ միջնորդել է երկարացնել կալանքը, որը բավարարվել է: Հարցին՝ ի՞նչ է արել ԱԱԾ-ն, որ 2 ամսում չի կարողացել պարզել, որ մարդն առհասարակ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքին, Ալեքսանդր Կոչուբաևը պատասխանեց՝ այդ հանգամանքը պարզելը տևել է ընդամենը մեկ օր:
«ՎՏԲ բանկում բացված հաշվեհամարի վերաբերյալ ընդամենը մեկ հարցմամբ, 10 րոպեում փաստական տվյալը հնարավոր է եղել պարզել: Իր կյանքից 15 տարի բանակին նվիրած պատվախնդիր սպայից ԱԱԾ-ն օր առաջ հրապարակային ներողություն պետք է խնդրի ու հերքում հրապարակի: Մենք, իհարկե, 4 ամիս անձի խաթարված հոգեբանությունը, ապրումները հետ չենք բերի, բայց գոնե տեղեկատվական մակարդակում ԱԱԾ-ն պետք է ընդունի, որ սխալ է եղել»,- ասաց պաշտպանը:
Տարոն Կարապետյանը նկատեց՝ ինքը 4 ամիս եղել է «Արթիկ» ՔԿՀ-ում, ուր արգելանք է դրված եղել իր տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա, իր կապը ընտանիքի հետ եղել է բացառապես փաստաբանի միջոցով: ՔԿՀ-ում ձեռք է բերել նաև սիրտ-անոթային համակարգի խնդիրներ:
«Բնակավայրում որոշ մարդիկ հավատացել են, որ հնարավոր է՝ այդ արարքը կատարած լինեմ, ոմանք էլ՝ ոչ: Ընտանիքի նկատմամբ եղել են նաև հասարակական ճնշման դեպքեր, բայց դրանք անցողիկ են: Իմ՝ ազատ արձակվելուց հետո մեր բնակավայրի 70%-ը չի կարողանում իմ աչքերի մեջ նայել, մնացածի համար իմ դռները բաց են»,- ասաց Տարոն Կարապետյանը:
Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով՝ «պետական դավաճանների» մեծ մասը Տարոն Կարապետյանի պես անձինք էին:
«ԱԱԾ շոուներից ու տեսանյութերից կարող է տպավորություն ստեղծվել, որ մեր բանակն ամբողջությամբ դավաճաններից բաղկացած հիմնարկ է: Եթե ռեալ իրականությունը վերցնենք, նման դեպքերը մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել: Ըստ էության սա նպատակաուղղված քաղաքականություն է նախ ՊՆ-ի համբավին խփելու, զինվորականության ինստիտուտը վարկաբեկելու և առհասարակ պատերազմում սեփական դավաճանությունը զինվորականության վրա բարդելու: Ես կարող եմ հստակ արձանագրել՝ սա դավաճաններ նշանակելու պետական քաղաքականություն է»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:
Տարոն Կարապետյանին հարցրինք՝ արդարացվելուց հետո ի՞նչ սրտով է ծառայելու, արդյո՞ք դառնության զգացում չունի:
«Մեր երկրի հողին ու ջրին նվիրվածությունը ես ոչ մի բանի հետ չեմ փոխի: Ես նորից ծառայելու եմ իմ երկրին»,- ասաց Տարոն Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում