Բաժիններ՝

«Գյումրի. վարպետաց քաղաք». Գյումրիում կանցկացվի արհեստների փառատոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գյումրու «Վարդանանց» հրապարակում կանցկացնի «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը:

Փառատոնն ավելի փոքր ձևաչափով կշարունակվի հուլիսի 17-ին Երևանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Այնուհետև՝ մինչև սեպտեմբեր, այդ միջոցառման շրջանակում թանգարանում պարբերաբար կանցկացվեն մշակութային միջոցառումներ՝ ժողովրդական արհեստների և արվեստների վարպետաց դասեր:

2022 թ․ ԱՊՀ համագործակցության երկրների կողմից հայտարարված է ժողովրդական ստեղծագործության և մշակութային ժառանգության տարի։ Գյումրիում կայանալիք «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնի նպատակն է մշակութային մեկ հարթակում միավորել արդի շրջանի ժողովրդական արհեստները, բարձրացնել դրանց ճանաչելիությունը և նպաստել այդ ժառանգությունը կրող ու փոխանցող անհատների ստեղծագործական առաջխաղացմանը։

Փառատոնին կմասնակցեն ժողովրդական ստեղծագործության վարպետներ Հայաստանի մի շարք համայնքներից և ԱՊՀ երկրներից, որոնք կներկայացնեն իրենց գեղարվեստական աշխատանքները և կիրականացնեն վարպետաց դասեր:

Հուլիսի 16-ին Գյումրին կդառնա արհեստների, ազգային երգ ու պարի, ավանդական զրույցների, համեղ ուտեստների և անմոռանալի զգացողությունների կենտրոն: Գորգագործության, ասեղնագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության հարուստ մշակույթը ներկայացնող տաղավարներում այցելուները կծանոթանան Հայաստանի և ԱՊՀ երկրների ժողովուրդների արհեստագործական յուրօրինակ ավանդույթներին, կմասնակցեն վարպետաց դասերին, արհեստների շուրջ քննարկումներին, հնարավորություն կունենան ձեռք բերել յուրօրինակ հուշանվերներ: Կենտրոնական հրապարակում անցկացվելիք միջոցառումներին զուգահեռ՝ փառատոնին կմիանան Գյումրու տարբեր մշակութային և արհեստագործական կազմակերպություններ ու անհատներ՝ ամենուրեք տարածելով վարպետաց քաղաքի շունչը։

Փառատոնը շարունակական է լինելու՝ ամեն տարի կազմակերպվելով Հայաստանի տարբեր համայնքներում, այդ կերպ նպաստելով ոչ միայն համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը, այլև խթանելով Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացումը։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս