«Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն բանակցել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար․ Փաշինյանը փաստաթղթերին չի տիրապետում»․ Արմեն Խարազյան

ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպան, քաղաքագետ, իրավաբան Արմեն Խարազյանի փոխանցմամբ՝ Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի ողջ ընթացքում՝ Բուդապեշտից մինչև 2018 թվական, հայկական կողմը բանակցել է Արցախն Ադրբեջանի կազմում չթողնելու ուղղությամբ. 25 տարվա բանակցությունների ընթացքում երբեք հայկական կողմի համար ընդունելի չի եղել Արցախի այնպիսի կարգավիճակի ճանաչում, որը կլիներ Ադրբեջանի ինքիշխանության կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո. ընդհակառակը՝ հայկական դիվանագիտությունն առաջնորդվել է երկու գերնպատակով՝ Արցախի կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմից դուրս, և Արցախի անվտանգություն, իսկ միջազգային հանրության համար հայկական երկու պետությունների կողմից ընկալելի են եղել այդ երկու դիրքորոշումները։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով բանակցային գործընթացի և հայկական կողմի համար սահմանված կարմիր գծերի մասին, ասաց Արմեն Խարազյանը՝ ընդգծելով.

«Փաշինյանի բանակցային դիրքերը վերջին 30 տարվա ընթացքում ամենաանբարենպաստն են. պատերազմից հետո հայկական դիվանագիտության հետևում չկա ոչ միայն ռազմական ուժ, այլ այդ մասին պատկերացում անգամ։ Այսօր հայկական ուժերը՝ և՛ դիվանագիտական, և՛ ռազմական, պարտություն կրած ուժեր են»,- ասաց Արմեն Խարազյանը՝ դիվանագիտական ու ռազմական պարտությամբ պայմանավորելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը բանակցել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար։

«Ենթադրում եմ՝ Փաշինյանը ոչ բոլոր փաստաթղթերին է տիրապետում, եթե տիրապետեր, դժվար կլիներ խոսել փաստերի դեմ։ Ես հերքում եմ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե նախկին նախագահները բանակցել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար»,- ասաց ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպանը՝ ընդգծելով՝ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի դիվանագիտությունն անատամ կմնա այնքան ժամանակ, քանի չկա դիվանագիտության ատամը համարվող ամուր բանակը։

Հարցազրույցի մասնակից քաղաքական գիտությունների դոկտոր, Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի փոխանցմամբ՝ Արցախի բանակցային գործընթացի շուրջ հիմա կան խորը անորոշություններ, որովհետև Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնություններն այնքան շատ են, որ կարգավիճակի հարց հնարավոր չի լինելու քննարկել, որովհետև Ադրբեջանը միտումնավոր հարցը բերում է հայ-ադրբեջանական տիրույթ՝ հայ-ադրբեջանական սահման՝ Արցախի հայաթափությունն ունենալով իր հաջորդ պլանում։

«Արցախի կարգավիճակ, անվտանգության, Շուշիի և Հադրութի հետ կապված որևէ հարց քննարկելու ցանկություն նաև չունեն, որևէ քայլ չեմ տեսնում այդ ուղղությամբ։ Չեմ տեսել, որ  այս իշխանություններից մեկը խոսի ԼՂԻՄ սահմանների մասին, թեև հարց է առաջանում՝ ի՞նչն է խանգարում այդ հարցը հիմա դնել սեղանին։ Ինձ համար անհասկանալի է նաև, թե ինչ վիճակում է Արցախի պաշտպանության բանակը, որը անվտանգությունն ապահովելու կարևոր բաղադրիչն է, չէ՞ որ ռուս խաղաղապահներն այսօր կան, վաղը կարող են չլինել, իսկ Ադրբեջանից ու Թուրքիայից եկող սպառնալիքները ոչ միայն չեն վերացել, այլ ավելի են մեծացել։

Մասնավորապես, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հաստատման փորձի համատեքստում Գասպարյանը շեշտեց՝ պետք է հիմքում դնել այն, որ 44-օրյա պատերազմից հետո փաստ է արձանագրվել՝ Թուրքիան դարձել է այդ հակամարտության կողմ, հետևաբար՝ հայկական շահից չի բխում խոսել միայն ճանապարհներ բացելու մասին։

«Տանեն, մեր 4000 տղուն սպանեն, մենք իրենց համար ճանապարհ բացե՞նք»,- հարցադրում հնչեցրեց Գասպարյանը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական հերթական պահանջին՝ Բերձորի միջանցքին տիրանալուն, ապա Արմեն Խարազյանը նկատեց, երբ Ադրբեջանը խոսում է Բերձորի միջանցքին տիրանալու մասին, հայկական կողմը պետք է խոսի Ստեփանակերտ-Գորիս, Մարտակերտ-Մարտունի, Գորիս-Կապան ճանապարհների օգտագործման մասին. չէ՞ որ նախկինում բանակցությունների ցանկ կար, որը հրապարակված չէ, նշվում էր, որ պետք է կենսական ճանապարհները, բարձունքները պահպանվեն, և դա բխում էր հայկական շահից։

«Հիմա այդ պահանջը չի դրվում, դա չի արվում. Փաշինյանի վարչակազմը 30 տարվա մեջ ամենախոցելին է, ուստի թույլ դիրքերով չեն գնում բանակցելու, գնում են կապիտուլյացվելու»,- ասաց Խարազյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս