Հայաստանի ընդդիմությանն ուղղված սպառնալիքները վկայում են Ադրբեջանի վախերի մասին. Գառնիկ Դավթյան
«Հայաստանի ռևանշիստական փորձերը վճռականորեն կկասեցվեն»,- օրեր առաջ Հայաստանի ու հատկապես ընդդիմության հասցեին հերթական սպառնալիքն է հնչել Ադրբեջանից՝ այս անգամ անվտանգության ծառայության ղեկավար գեներալ-գնդապետ Ալի Նաղիևի շուրթերով:
Նա հայտարարել է, որ Արցախյան երրորդ պատերազմից հետո հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի նախաձեռնած «վճռական քայլերին», պետության ղեկավարի «խաղաղության կոչերին» ի պատասխան՝ «հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշումը, անհիմն հավակնությունները և հայտարարությունները գնահատվում են որպես գործոն, որը կարող է ազդել տարածաշրջանի հետագա անվտանգության վրա։
Իլհամ Ալիևն էլ հունիսի 27-ին էր Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառում սպառնացել, որ՝ եթե Հայաստանը սահմանների որոշման հարցում կրկին փորձի ժամանակ ձգել, ապա կզղջա, քանի որ ուշադիր հետևում ենք Հայաստանում գլուխ բարձրացնող ռևանշիստական ուժերին։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հուլիսի սկզբին հրամայել է զինվորականներին «պատրաստ լինել ցանկացած պահի կանխելու հայկական ռևանշիստական ուժերի սադրանքները»։
Թուրքիան նույնպես անմասն չէ Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներից: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանում ներքաղաքական ճնշումները թույլ չեն տալիս ՀՀ իշխանությանը «համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ»:
ՀՀ անվտանգության և ինքնիշխանության դեմ ակնհայտ սպառնալիք պարունակող հայտարարությունները և միջամտությունը ՀՀ ներքին գործերին, ինչպես միշտ, անպատասխան են մնում ՀՀ գործող իշխանության կողմից։
Ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում սպառնալ Հայաստանին, չէ՞ որ Հայաստանի իշխանությունը պարտավորվել է առաջ տանել հակահայկական օրակարգը և ստորագրել խաղաղության պայմանագիր: Եվ ինչո՞ւ այդ օրակարգով առաջնորդվող Հայաստանի իշխանությունները չեն պատասխանում պարբերաբար հնչող սպառնալիքներին:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի խոսքով՝ Հայաստանի և հայկական ընդդիմության դեմ արվող սպառնալից հայտարարություններն ունեն երկու հիմնական տրամաբանական բացատրություն:
«Առաջինն այն է, որ ադրբեջանական կողմն իր լավագույն գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ կարողանում է ռեալիզացնել Ադրբեջանի պատմական կամ քաղաքական գերնպատակների մի մասը, մյուս մասին կկարողանա հասնել ժամանակի և քաղաքական վերադասավորումների, ժամանակավոր և տևական ճնշումների արդյունքում, օրինակ՝ Արցախից հրաժարում, Հայաստանի որոշ տարածքների զիջում խաղաղության օրակարգի տրամաբանության ներքո»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գ․ Դավթյանը։
Նրա խոսքով, ադրբեջանական կողմը՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող հավերժ ղեկավարել, ունի պատմական հնարավորություն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ հասնելու իր նպատակներին: Հայկական կողմը խոսում է ավելի իրատեսական օրակարգի մասին և նշում, որ Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր չէ, նաև արձանագրում է, որ կա խորացած հայատյացություն, հայերին կոտորելու և տարածքից քշելու պետական քարոզ և քաղաքականություն, որ պատերազմից հետո Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ իր պահանջները:
«Ադրբեջանը պարբերաբար պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և զիջումներ կամ պատերազմ թեզով փորձում է վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանի հասարակության մոտ: Մենք լավ գիտենք, որ Ադրբեջանը երբեք էլ չի ձգտել Հայաստանի հետ խաղաղության, իսկ Հայաստանի իշխանությունն էլ փորձում է զիջումների գնով հնարավորինս երկարաձգել սեփական իշխանությունը, ծառայել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական շահերին ընդդեմ Ռուսաստանի, Հայաստանը դարձնել տրանզիտ երկիր, ինչի հիմքերն արդեն տեսանելի են Հայաստան-Թուրքիա վերջին հանդիպման պայմանավորվածությունների համատեքստում», – արձանագրում է ադրբեջանագետը:
Անդրադառնալով հատկապես Հայաստանի ընդդիմությանն ուղղված սպառնալիքներին, Գառնիկ Դավթյանը փաստում է, որ Ադրբեջանի մոտ ռևանշի վախ կա:
Ըստ նրա՝ դրա մասին է վկայում ռազմական բյուջեի ավելացումը, զորքի և զինտեխնիկայի համալրումը, պարբերաբար արվող զորավարժությունները:
Գ․ Դավթյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարող մարդիկ ունեն ներուժ առնվազն Ադրբեջանին դիմագրավելու, ինչպես նաև արժանի հակահարված տալու: Հետևաբար՝ ադրբեջանական կողմն այս ամենը լավ հաշվարկելով փորձում է կարճ ժամանակում թուլացնել հակահարված տվողներին ու նրանց կողմից գեներացվող ուժը: Այդ նպատակով է միայն Ադրբեջանը ձգտում Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, որը միջազգային հանրության աչքում լեգիտիմ կլինի և թույլ չի տա Հայաստանին հետագայում խոսել իր պատմական ու պետական շահերի մասին:
Գառնիկ Դավթյանը համոզված է, որ Ադրբեջանի հետ պատերազմ վաղ թե ուշ լինելու է, որովհետև հարևանություն ու բարեկամություն անելու համապատասխան միջավայր այս տարածաշրջանում չկա, որովհետև Ադրբեջանը պարբերաբար մեզ հիշեցնում է իր «երկաթյա բռունցքի» մասին և սպառնում պատժել ազգային օրակարգ առաջ քաշողներին:
Աննա Դեմիրճյան