Բացառիկ մանրամասներ, թե ինչպես էին թաղում մարդկանց ստալինյան ճամբարներում

1920 թվականից մինչև Իոսիֆ Ստալինի մահը` 1953 թվականը, ընդունված է անվանել քաղաքական զանգվածային բռնաճնշումների կամ ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջան։ Ըստ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի տվյալների` 1921 թվականից մինչև 1954 թվականը բռնաճնշումների է ենթարկվել մոտ 3,7 միլիոն մարդ։ Բռնաճնշումների ենթարկվածներից 642 հազարը դատապարտվել է գնդակահարության, համակենտրոնացման ճամբարներ ու բանտեր է ուղարկվել 236 հազար մարդ, իսկ մոտ 765 հազարն աքսորվել է։ Բնականաբար, ԽՍՀՄ Ներքին գործերի կոմիսարիատի տվյալները հեռու են իրականությունից։ Դա են փաստում այլ տվյալները, ինչպես նաև ականատեսների հուշերն ու հուշագրությունները։

Ռուս պատմաբան Վ. Պոպովը բացարձակապես այլ թվեր է հայտնում։ Նա նշում է, որ 1923-1953 թվականների ընթացքում քաղաքական և քրեական հանցագործությունների համար դատապարտվել է մոտ 40 միլիոն մարդ, ինչը ԽՍՀՄ Ներքին գործերի մինիստրության հայտնած թվերից ավելին է մոտ 10 անգամ և ավելի մոտ է իրականությանը։ Անատոլի Վիշնևսկու տվյալների համաձայն` 1920-1953 թվականների ընթացքում բռնաճնշումների ենթարկված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 25-30 միլիոն։ Տվյալներ է հայտնում նաև Վիկտոր Զեմսկովին, ում ուսումնասիրության արդյունքները գալիս են լրացնելու մյուս բոլոր ուսումնասիրողների հայտնած տվյալները։ Զեմսկովին նշում է, որ 1934-1947 թվականների ընթացքում ճամբարներ են ուղարկվել 10,2 միլիոն մարդ, որոնց միջից հանված է ճամբարից վերադարձածների թիվը։

Զեմսկովին տեղեկություններ է տրամադրում նաև ուղղիչ-աշխատանքային ճամբարներում մահացած մարդկանց վիճակագրության մասին։ Ըստ նրա տվյալների` 1934-1947 թվականների ընթացքում ճամբարներում մահացել է 963 հազար մարդ։ Բնականաբար, Խորհրդային Հայաստանը ևս չէր կարող անմասն մնալ ստալինյան բռնաճնշումներից։

Բազմաթիվ հայ մտավորականներ, գիտնականներ, պատկառելի պաշտոնյաներ, զինվորականներ աքսորվել են ստալինյան ճամբարները։ Նրանց ցանկում էր նաև բանաստեղծ-արձակագիր Վահրամ Ալազանը, ով 1936 թվականին նացիոնալիստական մեղադրանքով դատապարտվում է և մոտ 10 տարի իր պատիժները կրում սովետական մի շարք բանտերում։ Պատժի ավարտից հետո վերադառնում է Հայաստան, և 1949 թվականին հերթական անհիմն մեղադրանքով նրան ցմահ աքսորում են Սիբիր։

Ստալինի մահվանից հետո` 1954 թվականին, լիովին արդարացվում է և վերադառնում հայրենիք։ Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներով» հուշագրությունը տպագրվում է հետմահու` 1990 թվականին։ Գրքում հեղինակը ներկայացնում է ստալինյան բռնաճնշումների ժամանակ Հայաստանում կատարվող դեպքերը, բանտերում մեռնող մտավորականներին ու կեղծ ցուցմունքներ կորզող ոստիկաններին։ Գրքում անդրադարձ կա ճամբարներին, որում Ալազանը հատկապես հետաքրքիր մանրամասներ է հայտնում, թե ինչպես էին հուղարկավորում մարդկանց.

«Ճամբարում մեռնողների թիվն այնքան էր, որ հնարավոր չէր ընդհանուր կարգով բոլորին թաղել։ Ուստի մեռելներին թաղելու «կոնկուրս» էին հայտարարել։ Երկու մեռել թաղողին տրվում էր մեկ տուփ մախորկա։ Դիակը բաց էր թողնում դիարանի ղեկավարը, դիակի սրունքին կապված էր մետաղյա մի թիթեղ, որի վրա գրված էր նրա պատժի չափը, ժամկետը և գործի համարը։ Ճամբարի հատուկ մատյանում գրվում էր, թե մեռելը որտեղ է թաղված։ Դիարանից երկու մեռել վերցրինք, իրար վրա դրինք և սահնակով քարշ տվինք «գերեզմանոց»։ Որքան հնարավոր էր՝ սառած գետինը փորեցինք և դիակները իրար վրա դրած թաղեցինք։ Ո՞ւմ հարազատն էին, ինչպիսի՞ պետական գործիչներ կամ տաղանդներ թաղեցինք, չիմացանք։ Մենք դեռ սահնակներին դրած տարանք ու թաղեցինք, իսկ ուրիշները մեռելների վզներից պարաններ կապած՝ փողոցներով քարշ տալով տանում էին, ձնով ծածկում ու վերադառնում։ Գետնին քարշ եկող դիակներից մեկին ես ճանաչեցի։ Դա դիարանի հսկիչ, փիլիսոփայության դոկտոր պատկառելի ծերունին էր։ Ինչ խոսք, Կոլիմայում «Մարդը ամենաթանկ կապիտալն էր»։ (Հատվածը վերցված է Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներով» գրքից։ Երևան, 1990, էջ 136):

Այս սահմռկեցուցիչ հուշագրությունից հետո Ալազանը պատմում է դեպքերի հաջորդ օրը տեղի ունեցած իրադարձությունները, որոնցում նկատում ենք փաստագրական նյութեր ու տեղեկություններ, որոնք գալիս են լրացնելու վերևում նշած մեր թվերի իրական լինելը.

«Առավոտյան շուտ ինձ իր մոտ կանչեց առբաժնի պետը։ Իր առանձնասենյակում մի պահարան կար, որի մեջ անկանոն թափված էին մեռնողների հիվանդության պատմությունները։ Նա խնդրեց, որ ես դրանք այբբենական կարգով դասավորեմ։ Այդ պահարանում էին կուտակված նաև 1942 թվի հունվար-փետրվար ամիսներին մահացածների բժշկական փաստաթղթերը։ Հետաքրքրությունից հաշվեցի, և պարզվեց, որ միայն այդ երկու ամիսների ընթացքում Բուդուգեչակում մահացել է 6000 մարդ։ Ասում էին, որ միայն Կոլիմայում 18 միլիոն կալանավոր է ապրում, իսկ որքան էլ Միջին Ասիայի ավազուտներում ու Սիբիրում….»։ (Նույն տեղում` էջ` 137):

Ընդգծենք, որ ուսումնասիրող Անատոլի Վիշնևսկու տվյալներով՝ ճամբարներում մահացել է մոտ 6 միլիոն մարդ։

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս