Երբ հետևում ենք սիրո կրոնին
Քրիստոնեությունը միավորում է մարդուն Աստծու, իր նմանի և ողջ արարչագործության հետ: Նա, ով ճշմարտապես միավորված է Աստծու հետ, չի կարող թշնամության և պառակտման պատճառ դառնալ: Մարդն անգամ ինքն իր հետ է միավորվում միայն Աստծով: Քրիստոս միավորեց բոլորին և խոստացավ. «Որբ չեմ թողնի ձեզ. կրկին կգամ ձեզ մոտ: Շուտով աշխարհն այլևս Ինձ չի տեսնի, բայց դուք կտեսնեք Ինձ, որովհետև Ես ապրում եմ, և դուք էլ կապրեք» (Հովհ. 14:18-19):
Ճշմարիտ քրիստոնյան մեծ ուրախություն է ապրում իր և Աստծու միջև եղած հարաբերությունից, որն իր ազատ և ինքնակամ որոշման արդյունքն է: Նա ձգտում է մտքով միշտ Աստծու հետ լինել և իր սերն արտահայտել Նրա հանդեպ՝ զգուշանալով խախտել իր համար այդքան թանկ կապը: Քրիստոնեական կյանքի էությունը Քրիստոս է, Ով ասաց Իր մասին՝ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հովհ. 14:6): Քրիստոնեական հավատը հավատ է Աստվածորդու մարմնացմանն ու փրկագործությանը, որ տեղի ունեցավ յուրաքանչյուր մեղավորի հանդեպ Աստծու տածած սիրուց:
Աստվածորդին իր մասին հետևյալ վկայություններն է տվել. «Բայց ես ունեմ Իմ մասին տրված մի վկայություն, որ ավելի մեծ է, քան Հովհաննեսին տրված վկայությունը: Այն գործերը, որ Իմ Հայրն Ինձ տվեց, որ կատարեմ, Իմ կատարած այդ նույն գործերն են, որ վկայում են Իմ մասին, թե Հայրն է ուղարկել Ինձ» (Հովհ. 5:36), «Քննեցե՛ք Սուրբ Գրքերը, քանի որ կարծում եք, թե դրանցով հավիտենական կյանք կունենաք. նույն այդ գրքերն են, որ վկայում են Իմ մասին» (Հովհ. 5:39): Քրիստոսին ընդունողն ամեն ինչ անում է հանուն Աստծու փառքի: Իր անվան և փառքի համար գործողը չի կարող ընդունել Քրիստոսին, Ով ասաց. «Դուք ինչպե՞ս կարող եք Ինձ հավատալ, երբ իրարից եք փառաբանություն ընդունում և չեք փնտրում այն փառաբանությունը, որ գալիս է միակ Աստծուց» (Հովհ. 5:44): Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի մարդու քայլերն անցողիկից ուղղի դեպի անանցը, ոչ թե երկրային կյանքից կտրի, այլ՝ մեղքերից և մոլություններից: Աստծուն չհավատացողը քնեցնում է իր մեջ եղած խիղճը, ճնշում իր մեջ եղած Աստծու պատկերը, սնում սեփական եսասիրությունը և երկրային փառքին ձգտում:
Քրիստոնեական կրոնը սահմանել է Աստծու և մարդկանց հանդեպ կատարյալ սեր ունենալ: Աստծուն սիրել՝ նշանակում է կատարել Նրա պատվիրանները և սիրով վերաբերվել շրջապատող անձանց և փառաբանել Աստծուն, որ շնորհել է բարին արարելու հնարավորություն: Քրիստոնեության մեջ այնքան մեծ դեր ունի սերը, որ այն կոչվում է «սիրո կրոն»: Այդ սերը զուրկ է եսասիրական տարրերից: Հանուն Աստծու և մերձավորի հանդեպ սիրո՝ քրիստոնյան հաղթահարում է իր եսասիրությունն ու տկարությունը, քանի որ սերը փոխակերպում է մարդուն: Սիրող անձն ուրախանում է, իսկ ատողը տանջվում և բազմացնում չարիքը: Պողոս առաքյալը հորդորում է քրիստոնյաներին և ասում. «Միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղոթեցեք: Ամեն բանի համար շնորհակա՛լ եղեք, որովհետև Աստված այդ է սպասում ձեզնից, որ միացած եք Հիսուս Քրիստոսին» (Ա Թես. 5:16-18):
Քրիստոնեությունը ոչ միայն ուսմունք է, այլև կենսակերպ, հոգևոր կյանք, ամենօրյա ստեղծագործություն և ուրախություն: Երբ մարդն այն իր կյանքից ներս է ընդունում, առավել լավ է ճանաչում աստվածային մեծագույն սերը. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչ իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3:16): Աստվածային ողորմածությունն ու սերն է, որ օգնում է մարդուն հաղթահարել կյանքի մարտահրավերները և գիտակցել, որ ինքն իր օրինակով պետք է վկայի իր հավատի ճշմարտացիությունը: Ոչ մի անկում և մեղք քրիստոնյայի համար վերջնական և անդառնալի չէ, այլ Աստծու սիրուն և ողորմածությանն ապավինելն է, որ թույլ է տալիս քրիստոնյային նորից ու նորից վերադառնալ դեպի հավատի ուղին: Երբ քրիստոնյայի համար դժվար է և նրան շրջապատել են փորձություններն ու խնդիրները, երբ նրան դավաճանել են ու լքել, ապա պետք է հիշել, որ Աստված իր հետ է, Նա ամեն ինչ տեսնում է և առաջնորդում իրեն Իր ուղով, որ թեև դժվարին է, բայց փրկարար:
Քրիստոնյան երկրի վրա ճամփորդության մեջ է, տանը չէ և անմիտ է նա, ով հյուղակը համարում է որպես տուն և իր ողջ ուժերն ուղղում է դեպի հյուղակը ու ոչ թե տունը, որ երկնքում է: Քրիստոնեությունը կյանքի իմաստը տեսնում է հավիտենական կյանքի մեջ, կյանք Նրա հետ, Ով նույնպես հավիտենական է և անվերջ, կյանք Աստծու հետ: Քրիստոնեական կրոնում Աստծու հետ միավորվող անձը, ի տարբերություն հինդուիզմի և բուդդիզմի, չի կորչում, այլ բացահայտում է իրեն, հասնում աստվածնմանության: Քրիստոնեությունը երկրային կյանքի փորձառությամբ յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ճանաչել իրեն և գիտակցել, որ ինքն առանց Աստծու ոչինչ է:
Կյանքի նպատակը Քրիստոսին նմանվելն է, Սուրբ Հոգու բնակարան դառնալն է, Աստծու կամքը կատարելն է, այսինքն՝ աստվածահաճո կյանքով հավիտենական կյանքին նախապատրաստվելն է: Մահվամբ մարդը չի անհետանում. «Մենք բոլորս էլ պիտի կանգնենք Քրիստոսի ատյանի առաջ, որպեսզի յուրաքանչյուրն իր մարմնով ընդունի երկրի վրա իր կատարած բարի կամ չար գործերի հատուցումը» (Բ Կորնթ. 5:10):
Սուրբ Գրքում հայտնի մի առակ կա անառակ որդու մասին: Բոլոր մարդիկ մեղանչում են և ինչպես անառակ որդին կարիք ունեն վերադառնալու հայրական տուն: Երկնավոր Հոր և հայրական տան փնտրումը յուրաքանչյուր անձի կոչումն է: Առակում անառակ որդու մասին հետևյալ արտահայտությունը կա՝ ապա «խելքի եկավ» և որոշեց հոր մոտ վերադառնալ: Ինչպես անառակ որդին խելքի եկավ, այնպես էլ այս ապրումն են ունենում նրանք, ովքեր դառնում են դեպի Երկնային Հայրը: Ցավոք, ոչ բոլորն են տեսնում իրենց մեղքերը, զղջմամբ խելքի գալիս և սիրող Հոր կոչին ընդառաջ գնում:
Կարինե Սուգիկյան