«Այդ մեկնաբանությունները սին են և հիմնազուրկ». Արա Ֆիդանյանը՝ քաղաքացիների նկատմամբ ուժ գործադրած ոստիկաններին պարգևատրելու դժգոհությունների մասին
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, մի խումբ ոստիկանների պարգևատրմանը, նաև այն քննադատություններին, որ իշխանությունները պարգևատրել են նաև Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ ուժ գործադրած ոստիկաններից շատերին։
«Ըստ էության այդ մեկնաբանությունները սին են և հիմնազուրկ։ Մեզ համար երեկ պարգևատրածներից թերևս ոստիկանապետի տեղակալ պարոն Հովհաննիսյանի պարգևատրումն էր կարևոր։ Նշեմ, որ լիովին արժանի պարգևատրում էր, նա համակարգում երկար տարիների փորձ ունի, իր ուժերն ու կարողություններն ամբողջովին ներդրել է թե՛ հասարակական կարգի, թե՛ հանցավորության դեմ պայքարում։
Այն խոսակցությունները, թե պարգևատրվել են քաղաքացիներին ծեծած ոստիկանները՝ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ այս ընթացքում ոստիկանության ողջ համակարգը գրեթե մասնակցում էր հանրահավաքների ընթացքում ծառայությունների իրականացմանը։ Բացի այս հանրահավաքների ընթացքում ծառայություններից, ոստիկանության ծառայողներն իրականացնում են նաև այլ ծառայություններ, և յուրաքանչյուրն արժանանում է գնահատանքի»,- նշեց Արա Ֆիդանյանը։
Թե բողոքի ակցիաների ժամանակ քանի՞ ոստիկան է որևէ գործով անցնում կամ ենթարկվել պատասխանատվության, ոստիկանապետի տեղակալը պատասխանեց, որ նախ քաղաքացիների նկատմամբ ոստիկանի կողմից բռնություն գործադրելու վերաբերյալ պետք է լինի դատարանի համապատասխան որոշում։
«Երբ նշում եք՝ քաղաքացուն խեղդող ոստիկան, յուրաքանչյուր անգամ ես պետք է ասեմ, որ մենք ֆիքսում ենք այն պահը, երբ մեզ «պետք» է։ Լուրը, որը տարածվեց լրատվամիջոցներում, այնտեղ շատ վերացական տվյալներ էին նշված։ Կոնկրետ անձանց մասին, թե ով է կոչումի կամ բարձր պարգևի արժանացել՝ չեմ կարող ասել, եթե անհրաժեշտ լինի՝ առանձին հարցում արեք, մենք կպատասխանենք։ Կոնկրետ այդ անձի մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ չգիտեմ, թե կոնկրետ ում մասին է խոսքը։
83-84 ծառայողական քննություն էր նախաձեռնվել ոստիկանության կողմից, դրանցից կեսից ավելին այս պահին կասեցվել է, որովհետև հարուցվել են քրեական գործեր, և քրեական գործի ավարտից հետո կունենանք համապատասխան արդյունքներ։ Եթե չեմ սխալվում, 40-ից ավելի քրեական գործ է հարուցվել, իսկ քրեական գործերի վարույթը ոստիկանությունը չի իրականացնում»,- շեշտեց Արա Ֆիդանյանը։
Ինչ վերաբերում է հանրահավաքների, բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողություններին, փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանության գործողությունները եղել են համաչափ։ Թեպետ, իրականում եղել են դեպքեր, երբ որոշակի խնդիրներ են առաջացել՝ նման մասշտաբների իդեալական ծառայություն հնարավոր չէր իրականացնել։
«Այդուհանդերձ, գրեթե իդեալականին մոտ ծառայություն է իրականացվել։ Իսկ հատուկ միջոցները, նվազագույն հատուկ միջոց է եղել, ընդամենը մեկ անգամ է կիրառվել։ Գուցե մենք Հայաստանում կաղապարված ենք, բայց առաջատար երկրներում կարող ենք տեսնել, թե նման միջոցառումների ժամանակ իրավապահ մարմիններն ինչպես են վարվում»,- եզրափակեց Արա Ֆիդանյանը։