«Գեղամ Ստեփանյանն Արցախի ՄԻՊ-ն է, ի՞նչ իրավական հիմքերով է նման բաներ ասում». Աղավնոյի գյուղապետ
«Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային-մասնագիտական քննարկման ժամանակ Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել է, որ Բերձորի ու մյուս համայնքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում։
«Առաջին հերթին հենց Արցախի իշխանությունները պետք է տեր կանգնեն իրենց բնակիչներին, և հնարավոր չեմ համարում, որ լինի իրավիճակ, որ այդ մարդիկ պատանդառության մեջ հայտնվեն։ Այս առումով քայլեր ձեռնարկվում են։
Թե՛ Բերձորի, թե՛ Աղավնոյի բնակիչներն այն նույն արտոնություններից են օգտվում, որոնք որ սահմանված են տեղահանվածների համար։
Ես որոշակի տեղեկություններ ունեմ, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է, եթե ի վերջո հարցը հասնի դրան, Աղավնոյի բնակիչներին տեղավորել Հին Շեն և Մեծ Շեն համայնքներում, իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որ գործում են մյուս տեղահանվածների մասով։
Հնարավոր է նրանց բնակարաններ հատկացվեն Հայաստանում։ Այս պահին հարցերը շատ են»,- ասել էր Գեղամ Ստեփանյանը։
168.am–ը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանից հետաքրքրվեց՝ արդյոք դիտարկո՞ւմ են Հին Շեն և Մեծ Շեն համայնքներ տեղափոխվելու հարց, նման քննարկումներ իր հետ ունեցե՞լ են։
«Կարծում եմ՝ այսօր Գեղամ Ստեփանյանի միջոցով լուրեր են տարածում, որպեսզի մեր տրամադրությունները փորձեն։ Գեղամ Ստեփանյանն Արցախի ՄԻՊ-ն է, ի՞նչ իրավական հիմքերով է նման բաներ ասում»,- նշեց Անդրանիկ Չաուշյանը։
Նրա խոսքով՝ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդարանում հայտարարել է, թե Աղավնոյի համար բանակցում են, պայքարում, սակայն պայքարողը ոչ թե իրենք են, այլ Աղավնոյի բնակիչները, որոնք պատերազմից հետո շարունակում են ապրել գյուղում։
«Իհարկե, մենք ուրախ կլինենք, որ իրենք պայքարեն, որպեսզի այս ամենը մնա։ Սակայն մենք ոչ մի վայրկյան չենք էլ մտածում այստեղից դուրս գալու և այլ գյուղ տեղափոխվելու մասին, այստեղ է մեր տունը, մենք այստեղ ենք մնալու։ Արայիկ Հարությունյանը նաև ասել է, թե բոլոր համայնքապետերի հետ կապի մեջ է, ես չեմ լսել, ինձ ասացին, բայց նա ինձ հետ կապի մեջ չէ»,- հավելեց Անդրանիկ Չաուշյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դուրս գային Աղավնոյից, ապա գյուղը գողերի համար կդառնար ֆուտբոլի մարզադաշտ։
«Այդքան ոստիկան հիմա, որ հանում են ժողովրդի դեմ, մի քանիսը թող կանգնեցնեին ճանապարհներին, որ գյուղերը չթալանեին ու մարդկանց ապրուստը չտանեին։ Ես և գյուղացիները 2020 թվականից հետո մնալով Աղավնոյում, այն պահեցինք, այսօր էլ շարունակում ենք ապրել այստեղ։ Ինչ ասեմ, հիմա իշխանություն են պահում, ոչ թե պետություն ու ժողովուրդ»,- եզրափակեց Անդրանիկ Չաուշյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Արցախի խորհրդարանում նախագահ Արայիկ Հարությունյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Աղավնոյի վերաբերյալ ասել է, որ Աղավնոյի հարց այսօր չեն քննարկում։
«Ասել եմ, որ մենք տանում ենք բանակցություններ, և այդ հարցը բանակցային այս փուլում թողեք մեր հնարավորությունների շրջանակներում, տեսնենք, թե ինչպիսի հնարավոր լուծումներ կան։ Իսկ Սուս գյուղում այս պահին բնակիչներ չունենք, այնտեղի և Բերձորի բնակիչները, որքանով տեղյակ եմ՝ ստացել են փոխհատուցում, և այդ առումով մենք… անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք և Բերձորի բնակավայրում հետագա մեր ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, իսկ Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները՝ պայքարը»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։