ՌԴ-ում հայաստանցիների վարորդական վկայականը ճանաչելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է. ո՞ւմ է այն վերաբերելու
Ռուսաստանի Պետդուման հունիսի 29-ին կայացած նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է, որ Հայաստանում ստացած ազգային վարորդական իրավունքները կարող են ընդունվել նաև ՌԴ-ի կողմից։
Խոսքն այն վարորդների մասին է, որոնք ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն են իրականացնում ՌԴ-ում։
«Նախագծվող փոփոխությունները նախատեսում են Ռուսաստանի Դաշնության տարածքում ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս, որը կապված է տրանսպորտային միջոցների կառավարման հետ»,- ասվում է բացատրական գրության մեջ:
Վարորդները 168.am-ին փոխանցեցին, որ խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր վարորդ էին աշխատում Ռուսաստանի Դաշնությունում, այնտեղ գրանցված էին:
Սա չի վերաբերի, ասենք, Երևան-Մոսկվա ուղևորվող վարորդներին, քանի որ նրանք, որպես վարորդներ, գրանցված են ՀՀ-ում: Խոսքը ՌԴ-ում գրանցված աշխատակիցների մասին է, օրինակ, շինարարությունում աշխատող բեռնատարի, տաքսու վարորդների կամ առաքիչների:
Այլ կերպ ասած՝ ՌԴ-ում գրանցված կազմակերպություններում աշխատող վարորդների մասին է»,- մանրամասնեցին մեր զրուցակիցները:
Հավելենք, որ դեռևս ապրիլի 4-ին հայտարարվել էր, որ Ռուսաստանի կառավարությունը օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որով նախատեսվում է ճանաչել ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականները` ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս:
Հաղորդվել էր, որ պլանավորվում է քննարկել «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին «Դաշնային օրենքի 25-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» դաշնային օրենքի նախագիծը:
Նշվում էր, որ օրինագիծն ուղղված է ՌԴ տարածքում տրանսպորտային միջոցների կառավարման հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչմանը: