«Շատ լավ գիտեք՝ ինչ եղավ մեր երկրում, ինչպես սկսեցինք վեկտոր փոխել և ինչպես պատժվեցինք սարսափելի ձևով». Արթուր Խաչիկյան

«Միամիտներն այս նոր աշխարհում չեն ապրելու, պարզապես վերանալու են»,- այս մասին 168TV-ի եթերում ասաց ԱՄՆ Սթենֆորդի համալասարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին:

Արթուր Խաչիկյանն արձանագրեց, որ Ուկրաինայում ընթացող ահռելի պատերազմն Արևմուտքի ու Ռուսաստանի պատերազմն է, արդեն 27 մլրդ դոլար տրամադրվել է Ուկրաինային, որպեսզի շարունակի պայքարել, ևս 40 մլրդ ԱՄՆ-ի կողմից լինելու է, ամեն ամիս 1,5 մլրդ դոլար շարունակելու են տրամադրել, արդեն շատ ծանր զինամթերքների մասին է խոսքը, սա պրոքսի պատերազմ է:

«WSJ մեկնաբաններից մեկը գրել էր, որ մենք պետք է ստույգ հասկանանք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենակարևոր պատմական պահն է պատմության մեջ: Ամբողջ աշխարհը փոխվում է»,- ասաց միջազգայնագետը՝ շարունակելով, որ Արևմուտքը ցանկանում էր Ուկրաինան դարձնել հակառուսական պլացդարմ, սակայն Ռուսաստանը չի թույլ տա, քանի որ դա այնպիսի քայլ է, որը չի կարելի ընդունել:

Նա նշեց, որ Խարկովը գտնվում է Ռուսաստանից ընդամենը 700 կմ հեռավորության վրա, և ոչ մի արևմտյան կառավարություն թույլ չէր տա, որ ռուսական ռազմական ուժերը տեղադրվեին Փարիզից, Լոնդոնից կամ Նյու Յորքից 700 կմ հեռավորությամբ, այդպիսի բան նրանք թույլ չէին տա, դա անհնար է:

Արթուր Խաչիկյանն ասաց, որ ապրում ենք «գլոբալ հիմարության դարաշրջանում»:

Նա ցավով արձանագրեց, որ այսօրվա համաշխարհային լիդերները չեն կարող համեմատվել այն ղեկավարների հետ, որոնք կային նախկինում՝ իմաստուն, խելոք, ովքեր կարող էին հասկանալ, որ խաղաղությունն ու կայունությունը լինում է, երբ կա հավասարակշռություն:

Միջազգայնագետը պարզաբանեց, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ երկու միտում կա․ պահպանողական՝ «առաջինը՝ Միացյալ Նահանգները» դիրքորոշմամբ՝ աշխարհի հետ գործ չունեն, իրենք իրենց հարցերը պետք է լուծեն:

«Օրինակ՝ Վիլսոնի դարաշրջանից հետո 20-ական-30-ական թթ.՝ իզոլյացիոնիզմ, կամ մեսիանական, մարգարեական միտքը, որ Ամերիկայի ժողովրդավարությունը պետք է տարածվի բոլոր երկրներով՝ regime change, այսինքն՝ ռեժիմը պետք է փոխվի, ժողովրդավարությունը՝ տարածվի: Դա սարսափելի հետևանքների բերեց Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում, հիմա՝ Եվրոպայում»,- ասաց Արթուր Խաչիկյանը:

Արևմուտքը, ըստ նրա, կատարեց մի քանի ճակատագրական սխալ.

  • «Առաջինը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումն էր, որը Ռուսաստանի համար սպառնալիք ստեղծեց, այդ հարցը կարելի էր բոլորովին այլ ձևով լուծել,
  • Երկրորդը՝ ընտրությունը՝ կա՛մ Ռուսաստան, կա՛մ Եվրոպա, մինչև հիմա դա շարունակվում է, մինչև հիմա ասվում է, որ տեսնում ենք՝ Ուկրաինան պետք է լինի Եվրոպայի մաս, իսկ ՌԴ-ն ինչի՞ մաս պետք է լինի, հիմա այդ թեզն էր պատճառը, որ Ուկրաինան այս ողբերգությանը հանգեց:
  • Երրորդը՝ սպառազինությունների վերահսկողության arms control համակարգի փլուզումը»:

Խաչիկյանի խոսքով, ամեն ինչ փլուզվեց, որովհետև եկան մարդիկ, որոնք չեն հասկանում՝ ինչպես է աշխատում միջազգային հարաբերությունների համակարգը, որոնք միամիտ են:

«Սա նոր աշխարհակարգի ձևավորում է, բայց հիմա ռեալ պոլիտիկ դարաշրջան է, և ամեն ինչ լուծվելու է ուժով․ միջազգային օրենքները, միջազգային կազմակերպություններն իրենց քաշը կորցրել են»,- ասաց նա՝ հավելելով, որ միամիտներն այս աշխարհում չեն ապրելու, պարզապես վերանալու են:

«Եթե ինչ-որ հույս կա՝ աշխարհում հաստատել խաղաղություն, ապա պետք է լինի մեկ անվտանգության համակարգ, մոռանալ կամ-կամ մոդելը, պետք է ինչ-որ կոմպրոմիսի գնալ Ռուսաստանի հետ, հասկանալ Ռուսաստանի անվտանգության շահերը և վերստեղծել 1990-ական թթ. համաեվրոպական համակարգը, որ մենք բոլորս պետք է լինենք Եվրոպայի մաս, բոլորս պետք է հարգենք միմյանց շահերը, միմյանց անվտանգությունը։ Չի կարելի մաս-մաս դա անել և չի կարելի ստիպել, որ ուկրաինացիները կամ վրացիներն ընտրեն: Մենք էլ պատժվեցինք դրա համար: Դուք շատ լավ գիտեք՝ ինչ եղավ մեր երկրում, ինչպես սկսեցինք փորձել փոխել վեկտորը՝ պրոարևմտյան, հակառուսական, և մենք էլ պատժվեցինք սարսափելի ձևով: Մենք 100 տարվա ընթացքում այսպիսի պարտություն չէինք կրել և այսպիսի հետևանքներ չէինք տեսել: Շարունակել խաղալ այս խաղերը, լսել այս սադրանքները՝ եվրոպական անլուրջ հայտարարությունները, նշանակում է՝ գնալ նոր ողբերգության»,- ասաց միջազգայնագետը:

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և վերջերս իշխանությունների կողմից շրջանառվող անվտանգության երաշխիքների մասին՝ Արցախի ժողովրդի համար, Արթուր Խաչիկյանն ասաց.

«Երբ խոսում են անվտանգության երաշխիքների մասին, անմիջապես իմ աչքի առաջ կանգնում է Արևմտյան Հայաստանը և Հադրութը, Շահումյանի շրջանը, դա նշանակում է՝ հայերին դատարկ խոստումներ են տրվելու, հետո հայերին տեղահանելու են, և հետո մենք գնալու ենք Վաշինգտոնում և Փարիզում բանաձևեր պահանջենք, որ ժամանակին կար Ստեփանակերտ քաղաք, և այնտեղ ժամանակին հայեր էին ապրում: Այդ բառերը մենք լսել ենք անցյալում, դրա հետևանքը եղել է միայն մեկ բան, որ հայերին արտաքսել են, եղել է Ցեղասպանություն, երբ խոսում են դրա մասին, նշանակում է, որ, այո՛, խոսում են Ադրբեջանի կազմում թողնելու մասին, որը նշանակում է, որ հայերին տեղահանելու են: Իսկ սովորաբար բանակցությունների ժամանակ ամեն կողմ իր կարմիր գիծն ասում է, Ալիևն ասում է»: Նրա խոսքով, Ալիևն ասում է՝ Արցախ չկա, դա է իր կարմիր գիծը, մեր կողմից պատասխան չի լսում:

Խաչիկյանի խոսքով՝ ՀՀ-ն չունի սուբյեկտայնություն, իր բախտն ու ապագան վստահել է այլ պետությունների՝ Ռուսաստանին ու Թուրքիային, ուստի ՌԴ-ն, Թուրքիան ու մասամբ Ադրբեջանն են որոշում՝ ինչ է լինելու մեզ հետ:

«Մեր միակ հույսն այն է, որ Պուտինը Զանգեզուրը չի տա»,- ցավով ասաց Արթուր Խաչիկյանը՝ նշելով, որ մենք պատմական «հարիֆների» ազգ ենք:

Հարցազույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս