«Հռոմի պապն էլ այնտեղ նստի՝ Հայաստանի կողմից վարչապետի մակարդակով լուծումներ են պահանջվում». «Էքսպորտ Արմենիա» ասոցիացիայի համահիմնադիր
Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել բեռնատարների տարանցման ժամանակ ճանապարհներից օգտվելու արժեքը 200-ից մինչև 350 լարի (68 դոլարից մինչև 120 դոլար) բարձրացնելու մասին:
Վրացական լրատվամիջոցները հիշեցնում են՝ օրական ավելի քան 900 բեռնատար ավտոմոբիլ է անցնում Վրաստանով. 2021 թվականին Վրաստանի միջանցքից օգտվել է 332.000 բեռնատար: Ավելի քան 88 հազար բեռնատար ավտոմոբիլ է բեռ փոխադրել Հայաստան, 66 367-ն՝ Ադրբեջան, 41 425-ը՝ Թուրքիա:
«Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով այս թանկացմանը՝ նկատեց՝ թանկացմանը կհաջորդի ծախսերի ավելացում, որը, սակայն, շատ մեծ չի լինի:
«Եթե չեմ սխալվում, ոչ միայն տարանցիկն են թանկացրել, այլ նաև՝ բեռնատարների ավտակայանատեղիների համար վճարներն են թանկացրել: Բայց եթե համեմատության մեջ վերցնենք՝ մեծ ծախս չէ. պետք է հասկանալ, թե վրացին դրա դիմաց ինչ է տալիս. գուցե ավելի հարմարավետ պայմաններ վարորդների համար, գուցե ճանապարհային ենթակառուցվածքներ է սարքում:
Լոգիստիկան ապրանքի մեջ կարող է լինի 20-30 տոկոս, որում 1-1.5 տոկոս է թանկանում. այն չպետք է անդրադառնա ապրանքի գնի վրա՝ հատկապես թանկարժեք ապրանքի գնի վրա»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ անգամ այդ թանկացումով Վրաստան ուղղությունն ավելի մատչելի է լինում:
Հաշվի առնելով Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների մշտական խնդիրը՝ Էմիլ Ստեփանյանից հետաքրքրվեցինք նաև, թե այս պահին ի՞նչ վիճակ է Վերին Լարսում:
«Վերջին տեղեկություններով՝ շուտ փչացող ապրանքները գիտեմ, որ գնում է, բայց մնացածը կանգնած է,- ի պատասխան ասաց նա՝ վերահաստատելով համոզումը, որ ստեղծված իրավիճակում Կառավարությունը պետք է գործի արտակարգ ռեժիմում,- Արտահանման ոլորտը հայտարարված է առաջնային. ես չեմ հայտարարել, հայտարարել է վարչապետը: Իսկ երբ ասում ես՝ առաջնային ոլորտ, քո գործողությունները պետք է բխեն դրանից: Ամեն ամբիոնից խոսվում է արտահանման առաջնահերթության մասին, բայց այսօր, օրինակ, ասում են՝ արտահանողները տուժում են, ներմուծողները շահում են. ընդհանուր պետք է նայեք, պետական պարտքի սպասարկում և այլն: Լոգիկա չկա. հայտարարել ու չանել:
Արտահանողներին, ինչպես էլ լինի՝ պետք է տեր կանգնել. օժանդակության ծրագրերով, կամ այլ լուծումներով»:
Արդյո՞ք ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնում նոր անձի նշանակումով Վերին Լարսում առկա խնդիրներն առավել արագ կլուծվեն՝ մեր վերջին հարցադրմանն ի պատասխան էլ՝ «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիրը նշեց, որ այդ պաշտոնում նշանակվածի հիմնական առաքելությունը ճիշտ տեղեկություն տալն է Վերին Լարսի վերաբերյալ, դառնալ Հայաստանի աչքերը Վերին Լարսում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ շահագրգիռ կողմերը հաճախ իրարամերժ տեղեկություններ են փոխանցում: Ինչ վերաբերում է խնդիրների լուծմանը՝ Էմիլ Ստեփանյանը համոզված է. «Ով ուզում է լինի, Հռոմի պապն էլ այնտեղ նստի՝ Հայաստանի կողմից վարչապետին համարժեք լուծումներ են պահանջվում»:
Ի դեպ, մեր զրուցակցի կարծիքով՝ Արամ Թանանյանին պաշտոնից ազատումը պայմանավորված է ներիշխանական բախումներով:
Նա հիշեցնում է 168.am-ի հետ հարցազրույցներից մեկում Արամ Թանանյանի պարզաբանումները՝ նկատելով. «Երբ լրագրողը Թանանյանին հարցնում է՝ գիտե՞ք, նախարարը գալիս է Վերի Լարս՝ հանդիպի իր գործընկերոջը, Թանանյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ. այսինքն՝ անառողջ հարաբերություններ են՝ ՊԵԿ-ը գործում է առանձին, Էկոնոմիկայի նախարարությունը գործում է առանձին, և, ամենայն հավանականությամբ, այնտեղ կոնֆլիկտ է առաջացել, որոշում է կայացվել Թանանյանին հեռացնել:
Սակայն ինքը բարձր պրոֆեսիոնալ է. ինքը պետք էր, որովհետև հիմա ընդհանրապես փակ աչքերով ենք այնտեղ լինելու՝ մինչդեռ դա մեզ համար ռազմավարական նշանակություն ունի»:
Հիշեցնենք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ հունիսի 11-ին Վերին Լարս այցին ընդառաջ՝ 168.am-ը ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանից հետաքրքրվել էր՝ տեղյա՞կ է արդյոք, թե կոնկրետ ի՞նչ առաջարկների օրակարգով է գալու Քերոբյանը, և ի՞նչ ակնկալիքներ ունի այդ այցից, նա ի պատասխան՝ նշել էր. «Ինձ չեն իրազեկել առայժմ. կարծում եմ՝ ընդհանուր պետք է զրուցեն-հասկանան, բայց կարող եմ մի բան ասել՝ երևի բոլոր հնարավոր տարբերակները քննարկվել են»: