
Վրաստանի իշխանությունները 75 տոկոսով բարձրացրել են բեռնատար ավտոմոբիլների տարանցման արժեքը

Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել բեռնատարների տարանցման ժամանակ ճանապարհներից օգտվելու արժեքը 200-ից մինչեւ 350 լարի (68 դոլարից մինչեւ 120 դոլար) բարձրացնելու մասին: Համապատասխան որոշումը, որը հրապարակվել է Վրաստանի Օրենսդրական տեղեկատուի կայքում, ուժի մեջ է մտել հունիսի 20-ին:
Կառավարության որոշումը տուրքի վճարումից ազատում է սոսկ այն ավտոմեքենաները, որոնք բեռի փոխադրում են իրականացնում ծովային նավահանգստից մինչեւ մաքսային վերահսկողության մերձակա գոտի՝ 10 կիլոմետր հեռավորության վրա եւ հետադարձ ուղղությամբ:
Վրաստանի bm.ge տնտեսական ինտերնետ-հրատարակությունը, վկայակոչելով ֆինանսների նախարարությունը, նշում է, որ օրական ավելի քան 900 բեռնատար ավտոմոբիլ է կտրում-անցնում Վրաստանը: 2021 թվականին Վրաստանի միջանցքից օգտվել է 332 հազար բեռնատար, որոնք 66,4 միլիոն լարի (շուրջ 23 միլիոն դոլար) են վճարել պետական գանձարան: Ավելի քան 88 հազար բեռնատար ավտոմոբիլ է բեռ փոխադրել Հայաստան, 66 367-ն՝ Ադրբեջան, 41 425-ը՝ Թուրքիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: