«Պետք է մտածել՝ ինչպես ենք փրկելու հայ արտադրողին». Վերին Լարսի այլընտրանքի հետքերով
Ապրիլ ամսից հայկական, ռուսական, ղազախական և բելառուսական բեռնատարները չեն կարողանում ժամանակին Վերին Լարսով ՌԴ մտնել։ Անցակետում կուտակումները պաշտոնական շրջանակները պատճառաբանում են բացառապես օբյեկտիվ իրավիճակով՝ Թուրքիայից մեծաքանակ մեքենաների հոսք և ամառային հանգստի մեկնողների մարդատար մեքենաների մեծ քանակություն: Այդուհանդերձ, տարբեր շրջանակներ չեն բացառում այս խցանման քաղաքական ենթատեքստը:
Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը 168.am–ի հետ զրույցում մանրամասնեց.
«Թուրքիայից մեծ մասը գալիս է Վերին Լարսով, թեև մեզնից բացի՝ բոլորը հնարավորություն ունեն գնալ Ադրբեջանով, բայց քանի որ այդ ճանապարհն ավելի երկար է ու թանկ, տնտեսվարողները նախընտրում են գալ Լարսով»:
Արամ Թանանյանը նկատեց՝ անցակետի թողունակությունը մեծացնելու ուղղությամբ մեկնարկած շինարարական աշխատանքները ևս խոչընդոտում են մեքենաների շարժին:
«Ամբողջ Լարսի մաքսակետի տարածքը վերածված է մի մեծ շինարարական հրապարակի: Այնտեղ նախատեսված են նաև մարդատարների ու բեռատարների համար առաձին տերմինալներ: Այժմ ուզում են մարդատարների համար նախատեսված տերմինալներն առավել արագ շահագործման հանձնել, որպեսզի այս հոսքերից մարդատարներն առանձնացնեն, հիմնական թևերը սկսեն աշխատել բեռնատարների վրա»,- տեղեկացրեց նա:
Պաշտոնյան վստահեցրեց՝ առկա իրավիճակում լուծումներ գտնելու համար բոլոր հնարավոր տարբերակները քննարկվել են կողմերի հետ, արվել են առաջարկներ:
Քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս հայտնել էր, որ հունիսի 11-ին Վերին Լարսում հանդիպելու է ռուս գործընկերներին՝ հասկանալու համար, թե անցակետի թողունակությունն արագացնելու ի՞նչ հնարավորություններ ունեն, մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է արդյոք, թե կոնկրետ ի՞նչ առաջարկների օրակարգով է գալու Քերոբյանը և ի՞նչ ակնկալիքներ ունի այդ այցից, նա ի պատասխան՝ նշեց.
«Ինձ չեն իրազեկել առայժմ. կարծում եմ՝ ընդհանուր պետք է զրուցեն-հասկանան, բայց կարող եմ մի բան ասել՝ երևի բոլոր հնարավոր տարբերակները քննարկվել են: Հիմա ՌԴ կառավարության մակարդակով ուղարկել են մի առաջարկ, որ հայկական բեռնատարներից հարյուրական ամեն օր ոչ թե Լարսում ձևակերպվեն, այլ Վլադիկավկազի մաքսակետում: Մաքսակետում տեղյակ են, պատրաստ են, սպասում են. երբ ՌԴ կառավարության որոշումը լինի, այդ պրոցեդուրան հնարավոր կլինի մեկնարկել: Այս պարագայում արդեն Վրաստանից օրական կմտնի ոչ թե 450 մեքենա, այլ մոտ 550, ինչը մի փոքր կթեթևացնի վիճակը: Պարզապես Վրաստան մտնող հոսքերը շատ մեծ են և հիմնականում՝ Թուրքիայից, ինչով և պայմանավորված է այս պարալիզացված իրավիճակը»:
Արամ Թանանյանը շեշտեց՝ հիմնական հարցը հայկական մեքենաների՝ Կազբեկ հասնելն է, որպեսզի հատեն սահմանը և դուրս գան Ռուսաստան:
«Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանի կարծիքով՝ առավելագույնը, ինչ կարող է անել նախարար Վահան Քերոբյանը, հայկական բեռնատարների՝ իրենց հերթին գնալն ապահովելն է, ինչը ևս իրատեսական չի համարում.
«Վրացին միշտ վրացականն է թողնելու. Վրաստանի մշակված արտադրանքի արտահանման 70 տոկոսն էլի դեպի Ռուսաստան է: Կամ Թուրքիայի ազդեցությունն ինչքա՞ն է այդտեղ. հայկականից շատ է, չէ՞: Եթե կարողանան ինչ-որ կերպ հերթի համակարգ ստեղծել, արդեն մեծ բան է»:
Որպես տարբերակ՝ «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիրն առաջարկում է դիտարկել այլընտրանքային շուկաները՝ Բելառուս, Ղազախստան՝ օդային փոխադրման ճանապարհով: Նա, սակայն, նկատեց՝ այդ պարագայում էլ հնարավոր է՝ արտահանվող ապրանքի մրցունակության խնդիր առաջանա, քանի որ օդային ճանապարհն ավելի կթանկացնի ինքնարժեքը:
Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք լաստանավային փոխադրումն իրավիճակը չի մեղմի, Էմիլ Ստեփանյանը նշեց.
«Շատ չի օգնելու. այս տարի խնդիրն ավելի մեծ է: Եթե լաստանավը չլիներ, կլիներ խայտառակ. լաստանավով՝ լինելու է ահավոր. եթե ահավորն ու խայտառակը այդպես գոհացնում են մեզ… Պետք է մտածել՝ ինչպես ենք փրկելու հայ արտադրողին, կոմպլեքս միջոցառումներ պետք է իրականացնել. ներմուծումը հնարավորինս քչացնել, արտահանվող մթերքների ներմուծումը պետք է փակվի 100 տոկոսով: Առաջարկն այն է, որ այսօրվանից արտակարգ իրավիճակ հայտարարվի կառավարությունում, ու բոլոր պատկան մարմինները, նախարարություններն աշխատեն արտակարգ իրավիճակի ռեժիմով՝ ինչը ենթադրում է արագացված տեմպերով ծրագրերի մշակում, աշխատողների շփում, դեսպանների, հյուպատոսների, առևտրային կցորդների ակտիվացում, նոր գործընկերների շփումներ, որ հնարավոր լինի գոնե բերքն օգոստոսին արտահանել այլ երկիր՝ ոչ ՌԴ. դա այսօրվանից պետք է սկսվի»:
Ուշագրավ է, որ խնդրի հրատապությունն ամենևին չէր հուզել պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին. վրաց գործընկերների հետ հանդիպումներում այդպես էլ չի հնչել խնդրին առնչվող որևէ հրապարակային խոսք: Նախագահ Խաչատուրյանը, ի դեպ, նախկինում իր տնտեսագիտական վերլուծություններում մեկ անգամ չէ անդրադարձել Լարսի խնդրին:
168.am-ն, այդուհանդերձ, հարցում է ուղարկել նախագահին՝ տեղեկանալու` արդյո՞ք Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում անդրադարձել է այնպիսի հրատապ խնդրի՝ ինչպիսին է Վրաստանի տարածքում հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը, և արդյո՞ք եղել են կոնկրետ քննարկումներ, որոնք վերաբերել են «Վերին Լարս» անցակետի թողունակության խնդիրներին:
Պատասխանները ստանալուն պես դրանք ևս կհրապարակենք:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը Վրաստանի իր գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցում ևս չէր անդրադարձել այս խնդրին:
Ավելի վաղ տեղեկացրել էին՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել էր՝ մինչև այս տարվա հուլիս կներդրվի մեքենաների անցման լրացուցիչ 12 գիծ, մինչև տարեվերջ՝ ևս 12-ը։ Այդպիսով՝ Վերին Լարս անցակետում մեքենաների անցման գծերի թիվը կհասնի 39-ի:
«Ընթացող աշխատանքների արդյունքում օրական թողունակությունը հնարավոր է հասցնել 2300-ի»,- մանրամասնել էին նախարարությունից
Հիշեցնենք նաև, որ հունիսի 15-ից գործելու է նաև լաստանավային հաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև: