Բաժիններ՝

Տարիներ շարունակ նախարարությունը, ի տարբերություն մյուս ոլորտների, գրողի, գրչի մարդու համար սահմանված որևէ կոչում չի ունեցել ու չունի. Լևոն Բլբուլյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագիծ է դրել քննարկման, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները։

Հիմնավորման մեջ նշված է, որ նշյալ պատվավոր կոչումների չեղարկումը պայմանավորված է մի շարք պատճառներով՝ մասնավորապես․

–Որևէ արվեստագետի/մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: Չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ, և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից:

– Պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է մշակութային հաստատությունների կառավարման արդիականացումը, ստեղծագործողի գործունեության արդյունավետության հարաբերականորեն չափելի ցուցիչների սահմանումը: Անորոշ սկզբունքներով վաստակավոր և ժողովրդական արտիստների պատվավոր կոչումների շնորհումը ուղղակիորեն խոչընդոտում է կադրային քաղաքականության վերափոխմանը: Տիտղոսները վարկանիշային անձեռնմխելիության դեր են կատարում, որ կանխում է տվյալ կառույցի տնօրենի անկաշկանդ, կադրային քաղաքականության և ստեղծագործական սերնդափոխություն իրականացնելու իրավունքն ու հնարավորությունը:

– Փորձը ցույց է տալիս, պատվավոր կոչումներն ունենում են բացասական ազդեցություն ինչպես առանձին կառույցների ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի, այնպես էլ մշակութային դաշտի բովանդակության վրա առհասարակ: Ձևավորվում են մրցակցային հարաբերություններ ոչ թե մասնագիտական տիրույթում, այլ` նեղ միջանձնային հարթությունում:

– Քաղաքակիրթ և առաջատար մշակույթ ունեցող երկրներում չեն գործում արվեստագետի արժևորման նման ձևաչափեր: Նշյալ պատվավոր կոչումները սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են:

– «Արվեստի վաստակավոր գործիչ» և «մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումները կարող են ընդգրկել չեղարկվող կոչումների բովանդակությունը և ձեռք բերել առավել բարձր կարգավիճակ:

Նախագծով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստա­կավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները, որոնք առավել ընդգրկուն եզրույթներ են և ներառում են դաշտն ամբողջապես։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի փոխանցմամբ՝ նախագիծը չի վերաբերում այն մարդկանց, որոնք արդեն կոչում ունեն:

Բանաստեղծ Լևոն Բլբուլյանը նախարարության կայացրած որոշումը որոշ չափով ճիշտ է համարում:

«Մանավանդ ժողովրդականի կոչումը, որ ոլորտին էլ այն վերաբերի, մի տեսակ բարձրագոչ է հնչում ու մեծ մասամբ այնքան էլ չի համապատասխանում իր բովանդակությանը (թող ինձանից չնեղանան այդ կոչումը կրողները): Անկեղծ լինենք, կան, չէ՞, այդ կոչումը կրող նկարիչներ, և լա՛վ նկարիչներ, որոնք իրականում ժողովրդի մեջ այնքան էլ հայտնի չեն, կամ վաստակավոր արտիստներ, որոնց մասնագիտական նեղ շրջանակում են միայն ճանաչում, իսկ երբեմն էլ, երբ խորանում ես, պարզվում է, որ որոշ տիտղոսակիրներ ավելի շատ հեռուստաէկրանին երևալով են հայտնի, քան բուն վաստակով…Կան, անշուշտ, իսկապես ժողովրդականներ. այդպիսին էին, ասենք, Մհեր Մկրտչյանը, Ջիվան Գասպարյանը, Երվանդ Քոչարը, իրոք ժողովրդական են Ռուբեն Մաթևոսյանը, Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը: Բայց մենք շա՞տ ունենք այդ մեծության, իրոք համաժողովրդական ճանաչում ու սեր վայելող արվեստագետներ: Իհարկե՝ ոչ: Բայց քանի որ, բոլոր դեպքերում, ունենք, միգուցե, նման անհատականություններին արժևորելու, նրանց դերն ու վաստակը ընդգծելու, բոլորի հետ չհամահարթելու համար, ոչ թե ժողովրդականի կոչումը պիտի չեղյալ համարել, այլ անունը փոխել ու բարձրացնել նրա կշիռը, խստացնել չափորոշիչները, քչերին, եզակիներին շնորհել միայն, ամենայն բծախնդրությամբ ու անաչառությամբ, չարժեզրկել, չհասարակացնել: Թող լինի մի բարձրակետ, որին ձգտեն արվեստի մարդիկ, բայց իրենց գործով, վաստակով, ոչ թե մեծ հավակնություններով ու չափից դուրս բարձր ինքնագնահատականով, անառողջ մրցակցությամբ, ինչպես, իհարկե, հաճախ պատահում է…»,- մեզ հետ զրույցում ասաց Լևոն Բլբուլյանը:

Իսկ այն, որ նախատեսվում է պահպանել արվեստի վաստակավոր գործչի և մշակույթի վաստակավոր գործչի կոչումները, բանաստեղծը մի շարք հարցեր ունի. «Բայց որքան էլ լավատես լինենք, արդյո՞ք նախատեսված փոփոխություններից հետո կարող ենք վստահ լինել, որ հիշյալ կոչումներն այսուհետ կգտնեն հենց արժանիներին միայն ու մրցակցային հարաբերություններն արդեն չեն ձևավորվի «ոչ թե մասնագիտական տիրույթում, այլ` նեղ միջանձնային հարթությունում», կա՞ հաստատուն երաշխիք, որ դրանք չեն շարունակի արժեզրկվել՝ արժանիների կողքին մշտապես նաև միջակություններին շնորհվելով: Ախր մեզանում, ցավոք, ոչ միայն մշակույթի ոլորտում, ծանոթ-բարեկամական, խնամիական հարաբերություններով էին հաճախ վճռվում շատ կարևոր հարցեր, ու գուցե դեռ շատ բան չի փոխվել: Տարիներ առաջ մի անգամ անձամբ ինքս կենդանի վկա եղա, ինչպես սեպտեմբերի 21-ի նախօրյակին, հեղինակավոր, վերևներում լավ հայտնի ու ընդունված մի մարդու զորեղ զանգի շնորհիվ, իմ մի ծանոթի անունը հաջորդ օրն իսկ հայտնվեց տոնի առթիվ կոչում ստացածների ցուցակում: Անկեղծ ասած, նման բանն անհավանական էի համարում ու երբ կարդացի, պարզապես աչքերիս չէի հավատում»,- նշեց մեր զրուցակիցը:

Լևոն Բլբուլյանն ընդգծեց՝ կան մարդիկ, որ պարգևների, կոչումների հանդեպ առանձնահատուկ հակում ունեն. հաճախ են դիմում, իրենց մասին հիշեցնում, գրեթե պահանջում, «մարդ են մեջ գցում» ու երևի շատ դեպքերում ի վերջո հասնում իրենց նպատակին, հետո, անշուշտ, ձգտելով նոր «բարձունքների»:

«Սակայն, չէ՞որ կան շնորհալի, շատ ավելի տաղանդավոր մարդիկ, որ երբեք իրենց նման բան թույլ չեն տա. նրանք համեստ են, արժանապատիվ ու հաճախ մնում են ստվերում: Ես, օրինակ, լավ իմանալով՝ վաստակավորի կոչման արժանացած որքա՜ն շատ երգիչներ ու դերասաններ կան, զարմացած եմ, թե ոմանցից շատ ավելի օժտված մի քանի դերասաններ ինչո՞ւ մինչև հիմա ոչ մի կոչում չունեն. հաստատ, կամ շատ համեստ են, կամ երևի իրենց հայացքներով ու պահվածքով այնքան էլ իշխանահաճո չեն եղել…Կկարողանա՞ նախարարությունը, իր համապատասխան օղակներով, վերջինների հանդեպ համապատասխան վերաբերմունք դրսևորել, կարևոր տոների առթիվ պարգևներ շնորհելիս՝ նկատել, գտնել նրանց, և ամենակարևորը՝ ի վիճակի կլինի՞ համառ, եսակենտրոն, փառատենչ միջակությունների շարունակական ճնշմանը դիմանալ:

Մի քիչ դժվարանում եմ հավատալ. Դե, այնքա՜ն բան ենք տեսել ու լսել, իսկ ավանդույթները շարունակվելու հատկություն ունեն: Կարծում եմ, ոչ ոք իրեն թույլ չի տա ժխտել, որ գրականությունը ցանկացած ժողովրդի մշակույթի կարևոր մասն է կազմում, եթե ոչ՝ ամենակարևորը: Մեծն Թումանյանն ասում էր. «Գրականությունն ազգի հոգին է»: Բայց, ահա, տարիներ շարունակ նախարարությունը, ի տարբերություն մյուս ոլորտների, գրողի, գրչի մարդու համար սահմանված որևէ կոչում չի ունեցել ու չունի: Ունենք, իհարկե, մի քանի գրողներ, ովքեր ժամանակին Մշակույթի վաստակավոր գործչի կոչում են ստացել, որը տրվում է նաև մյուս ոլորտի ներկայացուցիչներին: Բայց, գրչընկերներիս վաստակը բնավ չթերագնահատելով, երբեմն մտածել եմ, թե ինչո՞ւ նման կոչում չունեն ոչ պակաս տաղանդավոր ու վաստակաշատ որոշ գրողներ ևս: Այսինքն՝ այստեղ մի բան կարծես այն չէ, թերի է»,- եզրափակեց Լևոն Բլբուլյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս