«Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության ժամերը հետհաշվարկի տակ են». Գրիգոր Գրիգորյան
Փաշինյանական իշխանությունը գործուն քայլեր է սկսել բանակի կառավարման մոդելի փոփոխության ուղղությամբ: Արդեն իսկ շրջանառության մեջ է դրել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, լրացումներ են նախատեսված նաև մի շարք այլ օրենքներում:
Առաջարկվող փոփոխություններով, ԳՇ պետը դառնալու է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանի դիտարկմամբ, դա տանելու է բանակի կազմաքանդման:
«Առաջին անգամ չէ, որ իշխանություններն իրենց պահվածքով հասկացրել են, որ իրենց բանակ պետք չէ, որ գնում են խաղաղության դարաշրջան բացելու: Բանակի ղեկն այսօր ոչ պրոֆեսիոնալների ձեռքում է, և չի բացառվում, որ մի օր իրենց ասած ԳՇ պետ-պաշտպանության նախարարի տեղակալը լինի տնտեսագետ: Այսինքն, բանակը մտածված տանում են կազմաքանդման: Զինված ուժերը կամ բանակի ռազմական մասը պիտի անկախ ստրուկտուրա լինի, որը պիտի ղեկավարվի ԳՇ պետի կողմից: Իսկ պաշտպանության նախարարն այլ պաշտոն է, քաղաքացիական հաստիք է, որը պիտի զբաղվի արտաքին և ներքին համապատասխան հարցերով: Չի կարելի երկուսին միացնել մի տեղ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Գրիգորյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանություններն ընդամենը կատարում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջը՝ Հայաստանը չպետք է բանակ ունենա:
Մյուս կողմից, պահեստազորի գնդապետը վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի հասցնի բանակի հետ կապված իր այս տեսլականը վերջնագծին հասցնել:
«Իրենց ժամերն արդեն հետհաշվարկի տակ են: Դիմադրության շարժումը գնում է ճիշտ ճանապարհով և շուտով կլուծի այդ հարցը»,- շեշտեց ազատամարտիկը՝ հավելելով, որ Ֆրանսիայի հրապարակում վրանային ավանն իր խնդիրն արդեն կատարել էր և պետք էր հավաքել, և, որ հիմա թևակոխել են պայքարի նոր փուլ, որն իր հունով գնում է:
«Դիմադրության շարժման համար գերխնդիր է, որ բոլոր հարցերը հարթվեն առանց արյան: Այնպես չէ, որ ընդդիմությունը պատրաստ չէ այլ սցենարի, տարբերակի, բայց փորձում են գլխավոր նպատակին հասնել առանց արյան: Եվ սա հաջողվելու է՝ կարող է՝ մեկ ամսից, երկու ամսից, կարծում եմ՝ չի անցնի 3-4 ամսյա ժամկետը»,- վստահեցրեց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» ղեկավարը:
Իսկ այն, որ աշխարհաքաղաքական զարգացումները դանդաղ չեն զարգանում, և գուցե 1-2 ամսում ՀՀ-ի և Արցախի համար ճակատագրական գործողությունների ականատեսը լինենք, կամ դրանց լեգիտիմացման, Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ հետևում է աշխարհաքաղաքական զարգացումներին և կարող է ասել, որ որոշ բաներ նաև մեր օգտին են զարգանում:
«Որ ուշադիր նայեք ՌԴ-ի պահվածքը դեպի Ադրբեջան, Թուրքիա, շատերին թվում է, որ Ռուսաստանը սիրաշահում է Թուրքիային, այդպես չէ: Ռուսաստանը հետաքրքիր խաղ է սկսել, որի պտուղներն ու արդյունքները շուտով կտեսնենք: Հեռու չէ Ռուսաստանի ապտակը, որ հասցվելու է Ադրբեջանին և Թուրքիային»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Վերադառնալով ընդդիմության պայքարին, Գրիգոր Գրիգորյանը նշեց՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը չի հասցրել շատ փաստաթղթեր ստորագրել, դա հենց այս շարժման շնորհիվ է կամ դրա արդյունքն է՝ «շատ հարցերում խանգարել են և խանգարում են այսօր»:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ իրենց խոստացած խաղաղության օրակարգը կարող է հաջողություն չունենալ:
Իր հերթին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացումն է տարածաշրջանում խաղաղության ապագայի հիմնական գրավականը:
«Եթե մեզ հասանելիություն չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն»,- ասել է Ալիևը Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ և հավելել, թե Ադրբեջանն իրավունք ունի պահանջել բացել «Զանգեզուրի միջանցքը», քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը։
Պահեստազորի գնդապետի կարծիքով, Ադրբեջանի տարածքային հավակնությունները շատ ավելին են:
«Ալիևը ոչ թե միջանցք է ուզում, այլ միջանցքներ: Այսինքն, ամբողջ Զանգեզուրը, Վայոց ձորը, դրան գումարած՝ Վարդենիսի շրջանը, Երասխը: Ադրբեջանը նույնիսկ նմանատիպ քարտեզներ է հրապարակել»,- մանրամասնեց Գրիգոր Գրիգորյանը՝ նկատելով, որ ՀՀ քաղաքացիների մի հատված դեռ չի գիտակցում այս վտանգը, և որ Նիկոլ Փաշինյանին աջակցելով՝ ակամա մեղսակից են դառնում այս ամենին:
Այս համատեքստում ազատամարտիկն ասաց, թե հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները և այս երկրին սպառնացող վտանգը լրջորեն չգիտակցողները մեծամասամբ գյուղերում են բնակվում, այսինքն, Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը հեռավոր գյուղերում է, դիմադրության շարժման մասնակիցները ընդլայնելու են պայքարի աշխարհագրությունը՝ հասնելով նաև այս մարդկանց: Թեպետ ընդդիմության պայքարի 1.5 ամսվա ընթացքում արդեն իսկ որոշակի փոփոխություն տեսնում են այս առումով:
Գրիգոր Գրիգորյանը գիտակցում է՝ Նիկոլ Փաշինյանն իր թույլ դիվանագիտությամբ այնպես է վնասել Հայաստանի հեղինակությանը, արտաքին հարաբերություններին, նաև՝ երկրի տնտեսությունը, որ հաջորդ իշխանություններին բարդ է լինելու այս ամենը վերականգնելը, բայց այսօր առաջնայինը բանակի վերականգնման հարցն է, որը հնարավոր է մեկ տարվա ընթացքում:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պատերազմական կամ սադրիչ գործողությունների հավանականությանը, պահեստազորի գնդապետն ասաց՝ եթե մնա այս իշխանությունը, հնարավոր է:
«Եթե հայելային ճանապարհով չհաջողվի Ադրբեջանի պահանջած տարածքները հանձնել, ապա ստեղծելու են պատերազմական իրավիճակ, որ հետո ասեն՝ հայելային հետքաշմանը համաձայն չէիք, դրա համար Ադրբեջանը պատերազմ սկսեց, և քանի որ բանակն ի վիճակի չէր կանխելու այն, կորցրեցինք: Եվ նորից մեղադրելու են նախկիններին և ընդդիմությանը»,- նշեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ վստահեցնելով, որ եթե չլինի այսօրվա իշխանությունը, և Ադրբեջանին Թուրքիան չօգնի, անգամ այսօրվա քանդված բանակի ռեսուրսով հնարավոր է Ադրբեջանին զսպել և դիմակայել նրանց սադրանքներին:
Իսկ թե որքանո՞վ են այսօր գեներալները և սպաները սպասում ընդդիմության կողմից «զանգը խփելուն», որ ոտքի ելնեն, պահեստազորի գնդապետը նկատեց, որ շատ սպաներ հեռացվեցին պաշտոններից, բայց զինված ուժերում դեռ կան սպաներ, որոնք սպասում են այդ «զանգի ձայնին», իրավիճակի փոփոխությանը:
Իսկ բանակի կամ զինված ուժերում ծառայող սպաների միանալն ընդդիմության պայքարին, ըստ նրա, կդիտարկվի՝ որպես ռազմական հեղաշրջում, որին իրենք չեն ուզում գնալ կամ մղել: