ՔՊ-ականների համար մարդկանց ճակատագրերի հետ խաղացող Աննա Վարդապետյանը բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներ ունի

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Այս մասին Ազգային ժողովում (ԱԺ) լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Տիկին Վարդապետյանը, թե իր մասնագիտական որակներով, թե իր բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով, նաև օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն կարևորագույն առաքելությանը, որը պետք է ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը»,- ասել է նա:

Մի փոքր պատմական ակնարկ:

2021թ. մարտի 10-ին 168.am-ի էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էին ստացվել։ Դրանցում հստակ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Փաստեր էին հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։

Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ տեսանյութերի, Աննա Վարդապետյանին է փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ:

Վերոբերյալը ՔՊ-ական դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանի մասին էր, այն Աննա Վարդապետյանի, ով, ըստ Հայկ Կոնջորյանի՝ ունի մասնագիտական որակներ և բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներ:

Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական, «մասնագիտական որակներ» ունեցող Աննա Վարդապետյանը վստահաբար գիտի, որ ինքը կատարել է քրեորեն պատժելի արարք, և հենց սա է հակասության մեջ մտնում հաջորդ ձևակերպման հետ բարոյական ու արժեքային հատկանիշների վերաբերյալ: Այդ ժամանակ գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն որքան հնարավոր է՝ ձգեցին ու հետո մերժեցին քրեական գործի հարուցումը, և դրա մերժումն այժմ վիճարկվում է ՀՀ դատական ատյաններում: Ու հիմա էլ դատախազները դատարաններում են փորձում հիմնավորել Աննա Վարդապետյանի՝ կոնկրետ քրեական գործին միջամտության իրավաչափությունը:

Ինչևէ, այդ սկանդալից հետո մոտ մեկ տարի լրատվամիջոցներից թաքնվող Աննա Վարդապետյանն այս տարվա փետրվարի 4-ին մարդամեջ դուրս եկավ ու սկսեց իրեն հետահայաց արդարացնել՝ ասելով, որ ընդամենը մասնագիտական կարծիք է հայտնել, այն դեպքում, երբ հստակ երևում են նրա ցուցումները:

«Իմ ամբողջ գործունեության ընթացքում, ես 15 տարի աշխատում եմ իրավական համակարգում, բոլոր իմ ընկերները, այդ թվում՝ փաստաբաններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, մասնագիտական խորհրդատվության հետ կապված հարցեր ինձ հետ ունեցել են և շարունակում են ունենալ։ Իմ կարծիքը որևէ մեկի համար պարտադիր չէ, ես որևէ կերպ որևէ ազդեցություն չեմ ունենում որևէ հարցի վերաբերյալ, դա ինձ համար նաև մասնագիտական էթիկայի խնդիր է, և այդ շահարկումները երևի նպատակներ էին հետապնդում, որոնք ինձ համար հասկանալի չեն»,- ասել էր նա՝ հավելելով՝ «Ի պաշտոնե չի իրականացվել լիազորությունը, դա եղել է ուղղակի խնդրանքի հիման վրա, որը եկել է պաշտոնատար անձից՝ զուտ մասնագիտական կարծիք հարցնելու․․․»։

«Ես միանշանակ հերքում եմ իրենց ասածները, ու ինչով եմ փաստարկում իմ հերքումը՝ այդ տեսանյութում ակնհայտ երևում է, որ այստեղ խորհրդատվության մասին չէ խոսքը. ծրագրով խմբագրվում է, փոփոխություն է կատարվում: Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը փոփոխության է ենթարկվում Աննա Վարդապետյանի կողմից»,- այս առնչությամբ նշել էր Ռաֆիկ Հայրապետյանի պաշտպանը:

Աննա Վարդապետյանը շատ լավ գիտի, որ ինքը ոչ միայն լոկ կարծիք չի հայտնել, այլ կոնկրետ միջամտել է Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների վերաբերյալ քրեական գործին, ցուցումներ տվել, մեղադրանք գրել: Նա նաև լավ գիտի, որ այլ գործերի էլ է միջամտել, գնացել ԲԴԽ՝ նախագահի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի հետ կոնկրետ քրեական գործեր քննարկելու, դրանց վերաբերյալ յուրաքանչյուրն իր մասով ցուցումները հստակեցնելու: Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանն անգամ ձայնագրություն հրապարակեց, որում հստակ Քննչական կոմիտեի պաշտոնատար անձը քննիչներին ձայնային հաղորդագրություն էր ուղարկում, որ առավոտյան ուղիղ նշված ժամին տեղում լինեն, որովհետև Աննա Վարդապետյանն է գալու:

Ու այս անձնավորությանը ՔՊ-ում համարում են մասնագիտական որակներով և բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով մարդ:

Իհարկե, որևէ մեկի համար գաղտնիք չէ ՔՊ-ականների մասնագիտական որակների և բարձր բարոյական ու արժեքային համակարգի նշաձողը, և նորմալ է, որ Աննա Վարդապետյանն իրենց համար հենց այդպիսին է: Իսկ գլխավոր դատախազությանը շնորհավորում ենք բացառիկ «ձեռքբերման»  համար. հիմա դատախազությունը սեփական խորհրդատուն կունենա:

Ի դեպ,  հիշեցնենք, դեռևս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  ասել էր, որ Աննա Վարդապետյանի գործողություններում հանցակազմ չկա:

«Այն մասով, որով  կայացվել է որոշում, մենք գտել ենք, որ այնտեղ հանցագործության դեպք չկա։ Փաստն այն է, ինչ վարույթի ընթացքում արձանագրվել է, որ խոսքը վերաբերել է կոնկրետ մասնագիտական քննարկումների։ Ըստ այդ փաստական տվյալների՝ նա որպես վարչապետի խորհրդական չի գործել։ Հիմա եթե այստեղից քայլենք, ու դուք մոտենաք ասեք՝ ես այսպիսի իրավական խնդիր ունեմ, կարող է ես չզլանամ ու Ձեզ իրավական խորհրդատվություն տամ»,- ասել էր Արթուր Դավթյանը թեմայի վերաբերյալ իրեն հարց տվող լրագրողին։

Տեսանյութեր

Լրահոս