Ինչո՞ւ լեգենդը հրաժարվեց մասնակցել լեգենդների խաղին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) իր հիմնադրման 30-ամյակն է նշում: ՀՖՖ 30-ամյակին նվիրված ևս մեկ միջոցառում կայացավ Ծովագյուղում:
«20×40 փոքր խաղադաշտում կկայանա ցուցադրական հանդիպում, որին կմասնակցեն Ֆերնանդո Իերոն, Դևիդ Ջեյմսը, Կախա Քալաձեն, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլք: Հանդիպմանը կմասնակցեն նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը»,- գրված էր խաղի վերաբերյալ ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ:
Խաղը երեկ կայացավ:
Այսպիսի հանդիպումները սովորաբար կրում են ընկերական բնույթ ու կոչվում են «լեգենդների խաղ»: Ինչպես նկատելի է հրապարակված անուններից, խաղին մասնակցել են իսպանական, վրացական, անգլիական ու ֆրանսիական ֆուտբոլի աստղեր և Հայաստանի ազգային հավաքականի տարբեր ժամանակների ֆուտբոլիստներ:
Այս լուսանկարը երեկ տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականի մասնակցության մասին է:
Խաղի մասնակիցների մեջ, սակայն, ինչպես նկատում ենք, բացակայում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկարամյա անփոփոխ ավագ, հավաքականի լավագույն ռմբարկու, համաշխարհային ֆուտբոլի գործող աստղ, ուկրաինական, գերմանական, անգլիական ու իտալական գերակումբներում ֆուտբոլային պատկառելի կարիերա արած, իր ֆուտբոլային ճանապարհը Երևանի «Փյունիկից» կերտած լեգենդար Հենրիխ Մխիթարյանի անունը:
168.am-ի՝ ՀՖՖ-ին մոտ գտնվող աղբյուրները դեռ երեկ առավոտյան էին հաստատել՝ Մխիթարյանը չի մասնակցելու հանդիպմանը, իսկ թե ինչ պատճառով, չպատասխանեցին:
Հենրիխ Մխիթարյանի շրջապատից, սակայն, տեղեկացանք՝ հրավեր եղել է, ՀՖՖ-ն շահագրգիռ է եղել, որ Մխիթարյանը մասնակցի այդ հանդիպմանը, սակայն վերջինս հրաժարվել է լեգենդների խաղին մասնակցելուց:
Լուրը չհրապարակեցինք՝ հուսալով, որ Մխիթարյանին, այնուամենայնիվ, կտեսնենք խաղադաշտում: Չտեսանք…
Իրականում այստեղ խորը ողբերգություն կա: Հենրիխ Մխիթարյանն այս օրերին Երևանում է: Կայքերից մեկն անգամ լուսանկար էր հրապարակել, որը փաստում էր՝ նա կնոջ հետ ինչ-որ միջոցառման է մասնակցել:
Ուրեմն ինչո՞ւ է Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել մասնակցել ՀՖՖ կազմակերպած միջոցառմանը: Հարցը, թերևս, հռետորական է, և բոլորն էլ շատ լավ հասկանում են՝ ինչու:
Ի դեպ, վերջերս Հենրիխ Մխիթարյանը հեռացավ նաև ազգային հավաքականից: Հանրության հիշողությունների մեջ դեռ վառ է ողջ այն տհաճ ու կազմակերպիչների ու իրականացնողների համար խիստ անպատվաբեր արշավը, որը 2018թ. գարնանից ի վեր իրականացվում էր Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ:
Դիվանագիտական անձնագրի հետկանչ, մոր՝ ՀՖՖ պաշտոնյա Մարինա Թաշչյանի նկատմամբ բացահայտ ու քողարկված հարձակումներ, ֆեյքային գրոհներ, կատարած աշխատանքի նսեմացում, հավաքականի բոլոր անհաջողությունների մեջ միայն մեկ հոգու ուղղված մեղադրանք. սա, բնականաբար, անհետևանք չէր կարող մնալ, և որքան էլ եվրոպական ակումբների գերաստղը երկաթյա նյարդեր ունենար ու խաղար բացառապես երկրի վարկանիշի համար, եկավ մի ժամանակ, երբ ֆուտբոլիստը, ում հասակակիցները վաղուց խաղակոշիկները մեխից են կախել, իսկ նրա համար դեռ պայքարում են եվրոպական առաջատար 5 առաջնությունների ակումբները, որոշեց՝ բավական է:
Ավելի ուշ լուսանկարներ հրապարկվեցին ՀՖՖ 30-ամյակի միջոցառումից:
«The best», այսինքն լավագույնը. Այսպես էր վերնագրված լուսանկարը, իսկ լավագույնը չկար…
Հետխորհրդային տարածքի որևէ երկիր նման աստղ, իր ժողովրդի ու պետության՝ արտասահմանում իրական դեսպան ունենալու պարագայում կփայփայեր նրան, սակայն ոչ մեզ մոտ:
Թավշյա իշխանությունների համար Հենրիխ Մխիթարյանը չի կարող արժեք լինել. նրանց համար բարձրագույն արժեքը միայն ու բացառապես իրենց իրականացրած թավշյա իշխանազավթումն է: