Ովքեր են Դավիթ Տոնոյանին մշտապես տեսակցության գնացող ՔՊ-ականները

Հունիսի 13-ին տեղի է ունեցել հրթիռների գործով հերթական դատական նիստը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ին որոշ մանրամասներ է հայտնել:

«Քննարկվել է ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ քննարկելու և՛ այս, և՛ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի պաշտպանի՝ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Ավելի ուշ առանձին որոշումներով մերժվեցին և՛ Ստեփան Գալստյանի, և՛ Ավետիք Մուրադյանի պաշտպանների միջնորդությունները»,- նշեց փաստաբանը:

168.amգրել էր, որ մայիսի 23-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի պաշտպանը միջնորդել էր փոխել նրա խափանման միջոցը, քանի որ նրա մայրն է մահացել, և այդ հանգամանքը շատ էական է կալանքի տակ գտնվող անձին ազատելու հարցում:

Այնուհետ հայտարարությամբ էին հանդես եկել Դավիթ Տոնոյանը և Ստեփան Գալստյանը առ այն, որ հրաժարվում են իրենց խափանման միջոցը փոխելու միջնորդությունից, որպեսզի դատարանը միայն քննի Ավետիք Մուրադյանին ազատ արձակելու հարցը, որը տվյալ դատական նիստի ընթացքում չէր լուծվել, հետաձգվել էր մինչև էական հանգամանքների պարզումը, սակայն հունիսի 13-ի նիստում, ինչպես նշեցինք, Մուրադյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է:

Ըստ այդմ՝ Ստեփան Գալստյանի պաշտպանը դարձյալ նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել:

Տոնոյանի պաշտպանը դեռ նման միջնորդություն չի ներկայացրել:

Կներկայացվի՞ արդյոք այն Տոնոյանի հունիսի 27-ին կայանալիք դատական նիստին, դեռ պարզ չէ:

Ի դեպ, դատարանը պարզաբանել է, որ առավել մոտ ժամկետում չի կարողանում նշանակել դատական նիստ՝ աշխատանքային ծանրաբեռնվածության և դահլիճների անբավարար լինելու պատճառով:

«Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ նման պայմաններում նման պատճառաբանություններով ինքը և մյուսները չպետք է շարունակաբար գտնվեն արգելանքի տակ»,- տեղեկացրեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Նշենք, որ դատարանը մերժել էր Տոնոյանի բնակարանից հայտնաբերված դրամական միջոցների վրա դրված արգելքը վերացնելու միջնորդությունը:

Ընտանիքի անդամների և ՔՊ-ական որոշ պատգամավորների՝ Տոնոյանին տեսակցելու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան, Տոնոյանի փաստաբանը նշեց.

«Տեսակցությունները և հեռախոսազրույցները փակ են եղել, և երբևէ չենք էլ միջնորդել, որ բացվեն: Իսկ պատգամավորների մասով՝ օրենսդրական առումով իրենք կարող են անարգել մուտք գործել…»:

168.am-ի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին մշտապես տեսակցության են գնում ՔՊ-ական պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը և Քրիստինե Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս