«Տոնոյանը հրաժարվել է իրեն ազատ արձակելու միջնորդությունից». փաստաբան

Մայիսի 23-ին տեղի է ունեցել հրթիռների գործով հերթական դատական նիստը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ին որոշ մանրամասներ է հայտնել:

«ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի պաշտպանը միջնորդել է փոխել նրա խափանման միջոցը, քանի որ նրա մայրն է մահացել, և այդ հանգամանքը շատ էական է կալանքի տակ գտնվող անձին ազատելու հարցում: Դրանից հետո դատախազությունն առարկություններ ներկայացրեց, տեղի ունեցավ դատախազների և դատավորի միջև քննարկում: Այնուհետ հայտարարությամբ հանդես եկավ Դավիթ Տոնոյանը՝ հայտնելով, որ լսելով դատավորի և դատախազների միջև տեղի ունեցած քննարկումը, ինքը հասկացել է՝ դատավորն անվերապահորեն ընդունում է մեղադրող կողմի բոլոր առարկությունները, և ինքը որևէ վստահություն չունի արդարադատության հանդեպ, որից հետո նշել է, որ միանում է Ավետիք Մուրադյանի պաշտպանի միջնորդությանը՝ նրան ազատ արձակելու մասով:

Բայց  իր իսկ խափանման միջոցը փոխելու մեր կողմից ներկայացված միջնորդությունը հետ է վերցնում, այսպես ասած, հրաժարվում է, որպեսզի միայն քննարկվի Ավետիք Մուրադյանին ազատ արձակելու հարցը: Ըստ այդմ՝ դատարանին խնդրեց գոնե նրան թույլ տալ գտնվել ազատության մեջ, դրսևորել մարդասիրական քայլ: Սակայն դատարանը Ավետիք Մուրադյանի խափանման միջոցը փոփոխելու հարցը չլուծեց: Այն հետաձգվեց՝ մինչև էական հանգամանքների պարզումը: ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը ևս նույն հայտարարությամբ հանդես եկավ՝ հրաժարվեց իր խափանման միջոցը փոխելու միջնորդությունից»,- նշեց փաստաբանը:

Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց, որ նույն դատական նիստին քննարկվելու էր գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը, Դավիթ Տոնոյանը հրաժարվել է այդ միջնորդությունից ևս:

«Սակայն խնդրեց դատարանին քննարկել միայն բնակարանից հայտնաբերված դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը: Այն մերժվեց»,- ասաց Տոնոյանի փաստաբանը:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 6-ին, չնայած դատավորը խոստացել էր, որ մայիս ամսից սկսած ամեն երկուշաբթի դատական նիստ կհրավիրվի:

Տեսանյութեր

Լրահոս