«Խոշորացմանը բոլորը միակարծիք դեմ են՝ տնտեսումը դրանով չի արվում, այլ համայնքները զարգացնելով, ներդրումներ անելով». Օձունի համայնքապետ

«Վարչատարածքների  բաժանման», ՏԻՄ-երի  և «Հանրային ծառայության» մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելուց հետո,  արդեն իսկ խոշորացված  համայնքները կրկին կխոշորացվեն։

Դեռևս մայիսի 26-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել էր, որ 13 խոշորացված համայնքներ կրկին կխոշորացվեն և կդառնան 5 համայնք։

Այս նախագծով կրկին կխոշորացվի Օձուն համայնքը՝ ներառվելով Ալավերդի խոշորացված համայնքի կազմում։ Կմիավորվեն Ախթալան, Շնողը, Օձունն ու Ալավերդին, որոնք արդեն մեկ անգամ խոշորացվել են:

Դեռևս մայիսի կեսերին, Օձունի և Ախթալայի խոշորացման վերաբերյալ հանրային քննարկում էր եղել  երկու համայնքապետարանում, սակայն այն չէր կայացել, քանի որ բնակիչները բոյկոտել էին քննարկումը և դուրս եկել դահլիճից՝ այդպիսով իրենց դժգոհությունն արտահայտելով խոշորացման դեմ։

168.am-ի հետ զրույցում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանն ասաց, որ բնակչության տեսակետներում որևէ բան չի փոխվել՝ նրանք դեմ են մեկ անգամ խոշորացված համայնքը նորից խոշորացնելուն։

«Գործընթացն ինչպես եղել է, այդպես էլ շարունակում է մնալ, որևէ փոփոխություն այս պահին չկա։ Այս խոշորացմանը բոլորը միակարծիք դեմ են, թե հետագայում ինչ կլինի՝ չեմ կարող ասել։

Միանշանակ է, որ մեծ քաղաքը գյուղերի հետ միացնելն արդյունավետ չէ, փորձը դա ցույց է տվել։ Բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ հեռավորության, գյուղատնտեսության մասով, գյուղտեխնիկայի խնդիր։ Տեղի ռեսուրսը, մարդն ավելի ճիշտ է հասկանում իր խնդիրները, իսկ նման խոշորացումը, չեմ կարծում, որ արդյունավետ կլինի»,- նշեց Արսեն Տիտանյանը։

Ըստ համայնքապետի, այս խոշորացումների արդյունքում համայնքներում, գյուղական բնակավայրերում բազմաթիվ աշխատատեղեր են կրճատվում։

«Ես, արդեն մի քանի օր է՝ հարց եմ բարձրացնում, ասում եմ՝ եթե այստեղ բարձրագույնավարտ մարդու համար աշխատատեղ չկա, այդ մարդիկ պե՞տք է հետ գան գյուղ, թե՞ ոչ, գան՝ ի՞նչ անեն, եթե ամեն տարի 10 աշխատատեղ են կրճատում, արդեն բարձրագույնավարտի համար որևէ հաստիք չունենք։  Խոշորացման արդյունքում մնալու են երկու օպերատոր ու չգիտեմ ինչ, վերջը այդ մեծ համայնքը ի՞նչ պետք է անի»,- շեշտեց Արսեն Տիտանյանը։

Նա նաև ընդգծեց, որ Օձուն խոշորացված համայնքը ներառում է 9 բնակավայր, որը աշխարհագրական դիրքով, սովորույթներով, հարթավայրերով ու հողերով հեռավորությամբ դեպի գյուղեր՝ արդյունավետ է այն առումով, որ կոմպլեկտավորված է։

«Օձունը տանել ու միացնել Ախթալայի ու Շնողի հետ, չեմ կարծում, էլի, որ դրական որևէ բան կտա։ Ասում են՝ բյուջեն կվերամիավորենք, վերամիավորեցին՝ հետո՞։

Այս տրամաբանությամբ, կարող ենք Հայաստանի ամբողջ աշխատատեղերը կրճատենք և որևէ պետական կառույց չթողնենք։ Ինչ է նշանակում՝ պետական կառույցները ոչնչացնել և տնտեսում անել։ Տնտեսումը դրանով չի արվում, այլ արվում է համայնքները զարգացնելով, ներդրումներ անելով։ Հիմա բուժամբուլատորիաները, համայնքապետարանները փակելով, չգիտեմ՝ դա ի՞նչ տնտեսում է։ Սա, չգիտեմ, ո՞ր աշխարհից են վերցրել»,- նշեց Օձունի համայնքապետը և հավելեց, որ սեպտեմբերին նշանակված են նոր ՏԻՄ ընտրություններ, իսկ մինչև այդ համայնքները պետք է խոշորացվեն։

Նշենք, որ Օձուն համայնքում ներառված են Ամոջ, Այգեհատ, Կարմիր Աղեկ, Արդվի, Արևածագ, Հագվի, Ծաթեր, Մղարթ գյուղերը:

Տեսանյութեր

Լրահոս