«Որևէ կերպ, որևէ բան չեմ ուզում մեկնաբանել». Ռուստամ Բաքոյանը՝ կնոջը ծեծելու լուրերի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ինքը երբևէ չի ծեծել իր կնոջը: Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորի կինը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ Բաքոյանն իրեն ծեծել է, և ցույց էր տվել կապտուկները։
«Տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Գործը դատախազությունում է, ուսումնասիրման փուլում է, ես դիմել եմ, ինձ կտեղեկացնեն»,- նշեց ՔՊ խմբակցության պատգամավորը։
Նա հաստատեց, որ կնոջը ճանաչում է, սակայն նրան չի ծեծել։
Հարցին՝ եթե չի ծեծել, ապա կնոջ վրայի կապտուկները որտեղի՞ց են, Ռուստամ Բաքոյանը պատասխանեց. «Որևէ կերպ, որևէ բան չեմ ուզում մեկնաբանել։ Ես որևէ հարցի այլևս չեմ կարող պատասխանել։ Դատախազությունը կպարզի, ես հայերենով ասում եմ՝ տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»։
Նշենք, որ լրատվամիջոցների հետ զրույցում Ռուստամ Բաքոյանի քաղաքացիական կինն ասել էր, որ ամուսինն իրեն ամեն օր ծեծել է։ Նաև պատմել էր, որ պատգամավորը տարբեր հնարքների կիրառմամբ իրենից վերցրել է մոտավորապես 18 հազար դոլար։