«Որոշումը, թե ովքեր պետք է ներկա լինեն, թույլ տվեք կայացնի պալատը, պարո՛ն Թորոսյան». Ատոմ Ջանջուղազյան
Շաբաթներ առաջ 168.am-ն անդրադարձել էր Առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացման վերաբերյալ ՀՊ հաշվետվության արդյունքներին: Մասնավորապես նշել էինք, որ ՀՊ-ն արձանագրել է միլիոնավոր դրամների անհամապատասխանություններ, մատնանշել այնպիսի աղմկահարույց դրվագների մասին, ինչպիսիք են՝ թեստերի արդյունքները, որոնք համակարգում էին հայտնվել հանձնելուց առաջ: Նշենք՝ հաշվեքննությունը համակարգել էր ՀՊ անդամ Աբրահամ Բախչագուլյանը:
Ի դեպ, այս հաշվեքննությանն անդրադարձել էր նաև իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը. վերը նշված ժամանակահատվածում հենց նա էր Առողջապահության նախարարը: Նախկին նախարարը Հաշվեքննիչ պալատի կողմից ներկայացրած հաշվեքննության մեջ միտում էր տեսել. «Ակնհայտ երևում է ոչ մասնագիտական մոտեցում, և արձանագրություններն ընթերցելիս որևէ դրական նախադասություն չկա։ Ստացվում է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մենք որևէ ճիշտ բան չենք արել»:
Այսօր ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հենց այս թեման էր թեժ բանավեճի առիթ դարձել. նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ՀՀ Առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ բյուջետային ծախսերի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ՀՊ ընթացիկ եզրակացության քննարկումը:
Մինչ Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ, աուդիտորական խմբի ղեկավար Խաչիկ Փափազյանը կներկայացներ զեկույցը, ՀՊ նախագահ Ատոմ Ջանջուղազյանը մի քանի դիտարկումներ արեց՝ այդ թվում շեշտելով. «Այս հաշվեքննությունն իրականացվել է ԱԺ նախաձեռնությամբ»:
Առողջապահության նախկին նախարար, ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանին, պարզվեց, այլ հարց է հուզում՝ ո՞ւր է պալատի այն անդամը, որը համակարգել է այս հաշվեքննությունը:
«Այստեղ չի, չգիտեմ, երևի մոլորվել է Ֆրանսիայի հրապարակում, ենթադրենք. եթե չի մոլորվել, պետք է այստեղ լիներ»,- արձագանքեց նա:
Ատոմ Ջանջուղազյանը հակադարձեց, որ քննարկումը որևէ հանգրվանի չի մոտեցնի, եթե առարկայի փոխարեն՝ սկսեն քննարկել, թե ովքեր են այդ բովանդակությունը ձևավորել, ապա շեշտեց՝ ՀՊ-ն կոլեգիալ մարմին է, ու պալատի որոշմամբ է հաստատվել եզրակացությունը:
«Ինչո՞ւ պալատի անդամ համակարգողը ներկա չէ. սա առաջին դեպքը չէ, որ քննարկվում է, և որոշումը, թե ովքեր պետք է ներկա լինեն և ով պետք է ներկայացնի, թույլ տվեք կայացնի պալատը, պարոն Թորոսյան, իսկ մոլորվել-չմոլորվելու վերաբերյալ դատողությունը թողնում եմ Ձեզ»,- հավելեց նա:
Ի վերջո, Խաչիկ Փափազյանը սկսեց համառոտ ներկայացնել ՀՊ եզրակացության արդյունքները:
«Իրականացվել է 1 պացիենտի բուժման միջին արժեքի հաշվարկ, որը վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպություններում կազմել է 378 հազար դրամ, իսկ դեպքով ֆինանսավորվող բժշկական կազմակերպություններում՝ 173 հազար դրամ: Մեկ պացիենտի բուժման օրական արժեքը վերապրոֆիլավորված բ/կ-ներում կազմել է 37 հազար դրամ, իսկ դեպքով ֆինանսավորվող բ/կ-ներում՝ 34 հազար դրամ:
Վերապրոֆիլավորված բ/կ-ների ծախսերի գերակշիռ մասը բաժին է ընկել աշխատանքի վարձատրությանը՝ շուրջ 57 տոկոս, որին հաջորդում է բժշկական ապրանքների ձեռքբերման համար ծախսերը՝ 27 տոկոս, այնուհետև վերանորոգման ծախսերը՝ 4 տոկոս, մնացած ծախսային ուղղությունների տեսակարար կշիռն ավելի փոքր է եղել», – ի թիվս այլ արձանագրումների՝ նշեց Խաչիկ Փափազյանը:
Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը մտահոգվեց, թե թվում է՝ Հայաստանում պրոցեսն այսպես է եղել, բայց ամբողջ աշխարհում փայլուն է իրականացվել:
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Եկեք այն տրամաբանությամբ չառաջնորդվենք. երբ ավիավթարի մասին ասում են՝ այսքան զոհ է եղել, բայց այսքան էլ ավիաուղևորափոխադրումներ են տեղի ունեցել, որոնք բարեհաջող տեղ են հասել»:
Մանրամասները՝ տեսանյութում