
ԱՄՆ-ի Սենատի կոմիտեն հավանություն է տվել ՆԱՏՕ-ին անդամակցության Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերին

ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն հունիսի 9-ին միաձայն բանաձեւ է ընդունել, որը կոչ է անում ՆԱՏՕ-ին՝ արագ կարգով Ֆինլանդիային եւ Շվեդիային դաշինքի կազմ ընդունել։
«Կոմիտեի կողմից այդ բանաձեւի ընդունումը երկկուսակցական աջակցության վկայությունն է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը եւ դաշինքի ամրապնդման հրատապությանը»,-ասվում է կոմիտեի բարձրաստիճան անդամ Ջիմ Ռիշի (Այդահոյի նահանգ) հայտարարության մեջ:
«Ես վաղուց ասել եմ, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ուժեղ քաղաքական ու ռազմական ավանդույթները նրանց կատարյալ համապատասխան են դարձնում հյուսիսատլանտյան դաշինքի համար: Ես հուսով եմ, որ Սենատը կհետեւի կոմիտեի օրինակին եւ արագ կարգով կընդունի այդ բանաձեւը»,-նշել է նա:
Կարծիք կա, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը հեշտությամբ ԱՄՆ-ի Սենատի պահանջվող հավանությունը կստանան ձայների երկու երրորդով: Մայիսին ՆԱՏՕ-ում ընդունել են դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հայտերը: Թուրքիան դեմ է հանդես եկել այդ գաղափարին:
Թուրքիայի նման դիրքորոշման հիմնական պատճառն սկանդինավյան այս երկրների կողմից աջակցությունն է քուրդ խռովարարներին, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: