Այ ցավդ տանեմ, ի՞նչ է նշանակում՝ 2-3 կմ-ի համար վճարել 200 դրամ. Դժգոհում են Կոտայքի բնակիչները
2022 թվականի մարտի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրեց, որ Հայաստանի երեք մարզում՝ Կոտայքում, Արմավիրում ու Արարատում, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել ու անցկացրել է միասնական երթուղային օպերատորի մրցույթ։ Կոտայքի մարզում մրցույթում հաղթող է ճանաչվել «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն, որն արդեն իսկ ներկրել է 80 միկրոավտոբուս։ Առաջիկայում ընկերությունը կներկրի ևս 70 ավտոբուս և մայիսի վերջից արդեն 150 միկրոավտբուսով կսպասարկի Կոտայքի մարզի համայնքները։
Նոր ավտոբուսները սկսել են աշխատել մայիսի 1-ից, իսկ մեկ օր անց թանկացել է ուղեվարձը:
»Կարելի է ասել՝ մենաշնորհ է եղել, քանի որ տենդերն այնպիսի չափորոշիչներով են դրել, որ բոլոր մրցակիցները մի կողմ են քաշվել, որովհետև այդ չափորոշիչներով մեքենաներ իրենք չէին կարող բերել: Հետո թանկացավ նաև ուղեվարձը: Լսել ենք, որ ուզում են ՀՀ-ում տրանսպորտի ոլորտը մոնոպոլիզացնել, ինչը շատ վտանգավոր է: Մեր մարզում տրանսպորտի գինը թանկացել է 50-100 տոկոսով:
Օրինակ՝ Աբովյանի Զառ գյուղից մինչև Աբովյան ուղեվարձը 150 դրամ էր, հիմա դարձել է 300 դրամ: Հիմա դուք պատկերացրեք, Զառ գյուղում ինչ-որ մեկն ունի 2 ուսանող. ամեն մեկի համար 300 դրամ պետք է տա, գա հասնի Աբովյան, 300 դրամ էլ տա, հասնի Երևան, հլը չեմ ասում, որ քաղաքային տրանսպորտից էլ կարող է օգտվել: Այսինքն, վերադարձը ներառյալ՝ 5000-6000 դրամ միայն ծախսելու են գնալ-գալու վրա: Այդ ուսանողը չի ուզո՞ւմ ուտի: Այս չափորոշիչները, որ դրել են՝ հաշվի չեն առել մարդկանց սոցիալական վիճակը: Հարցնում ես, ասում են՝ ամեն ինչ թանկացել է: Այ ցավդ տանեմ, եթե գոնե 50 դրամով բարձրացնեիր, մարդիկ մի կերպ կհասկանային, բայց ի՞նչ է նշանակում՝ 2-3 կմ-ի համար վճարել 200 դրամ: Աբովյանից Երևան 200 դրամի փոխարեն՝ հիմա վճարում են 300 դրամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մարզի բնակիչներից Մարտին Գևորգյանը:
Մարզի մեկ այլ բնակիչ՝ տիկին Աննան էլ դժգոհ է չվացուցակից, ասում է՝ հստակ ժամանակացույց չկա. «Երբ ուզեն՝ իրենց տրանսպորտը կարող են վերցնել, գնալ Սևան՝ հանգստանալու: Մարդը կարող է կանգնել կանգառում, մեկ ժամ սպասել, գա կիսամեռ նստի, իսկ երկրորդ ավտոբուսը կարող է գալ երկու րոպե հետո, մյուսն էլ՝ 40 րոպե հետո: Ավտոբուսներից հանել են, եթե չեմ սխալվում, հաշմանդամների համար նախատեսված նստարանները, որ շատ մարդ տեղավորվի»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նրա փոխանցմամբ՝ վաղը՝ հունիսի մեկին, լինելու են մարզպետարանում, փորձելու են բարձրացնել հարցը:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Կոտայքի մարզում հանրային տրանսպորտի միասնական երթուղիներն ամբողջությամբ կսպասարկի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ավագ որդուն՝ Նվեր Ծառուկյանին պատկանող ընկերությունը։
2021 թվականի հոկտեմբերի 22-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կոտայքի մարզում միասնական երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով մրցույթ է հայտարարել, որին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն, որն էլ և հաղթող է ճանաչվել։
«Հետք»–ի փոխանցմամբ՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է ընդամենը երկու ամիս առաջ՝ 2021թ․ սեպտեմբերի 16-ին։ Պետական գրանցումից մեկ ամիս անց ընկերությունը հայտ է ներկայացրել Կոտայքի մարզի հանրային տրանսպորտն ամբողջությամբ սպասարկելու համար։ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասը պատկանում է Գագիկ Ծառուկյանի ավագ որդուն՝ Նվեր Ծառուկյանին, իսկ ընկերության տնօրենը Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանն է։
«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ին Կոտայքի մարզի միասնական երթուղիների սպասարկման իրավունք է տրվել՝ 10 տարի ժամկետով։
Սահմանվել են նաև մեկ ուղևորի համար նախատեսված փոխադրավարձերը, օրինակ՝ Հրազդան-Երևան՝ 700 դրամ, Չարենցավան-Երևան 500 դրամ, Եղվարդ-Երևան, Աբովյան-Երևան, Նոր Հաճն-Երևան՝ 300 դրամ։