Կտրուկ ոգևորություն-կտրուկ հիասթափություն, նոր ոգևորություն-նոր հիասթափություն. կրթության համակարգի փոփոխությունների մասին
Կրթության համակարգի մասին մեր պատկերացումները հաճախ շատ պարզունակ են։ Մենք կրթության համակարգը հաճախ պատկերացնում ենք առասպելի տրամաբանությամբ։ Այսինքն՝ գալիս է մի հերոս, որը փոխում է ամեն ինչ։ Օրինակ, երբ 2018թ. հեղափոխությունից հետո փոխվեց նաև կրթության համակարգի ղեկավար կազմը, շատ լուրջ մարդիկ գրում էին, որ իրենք արդեն հանգիստ են կրթության ոլորտի համար, քանի որ նոր ղեկավարները կարճ ժամանակ անց կձևավորեն զարգացած կրթական համակարգ։ Իրականում, կարճ ժամանակ անց նորանշանակ ղեկավարներից ոչ մեկը չմնաց իր պաշտոնում, իսկ կրթական համակարգում կտրուկ առաջընթաց չեղավ։
Այսինքն՝ հրաշքների սպասումն անգամ Հայաստանի կրթված մարդկանց մտածողության մեջ է արմատացած։
Նույն բանը տեղի է ունենում կրթության բոլոր ասպարեզներում։ Օրինակ, երբ նախարարությունը սկսում է մի նոր ծրագիր, առաջին հանդիպումից այնպիսի տպավորություն ես ստանում, որ հենց այս ծրագիրն է փրկելու մեր կրթական համակարգը։ Բայց անցնում է որոշ ժամանակ, և ոչ ոք այլևս չի հիշում, թե ինչ եղավ այդ ծրագիրը, ինչպես այն փոխեց մեր կրթական համակարգը։ Մեկ այլ օրինակ։ Հաճախ նախարարությունը պատվիրում է տարբեր հետազոտություններ։ Սկզբնական փուլում ամեն ինչ այնպես է ներկայացվում, որ այդ հետազոտությունների ավարտից հետո կրթության ոլորտում բում է լինելու։ Բայց վերջում այդ հետազոտությունները մնում են դարակներում։
Պաշտոնյաների կարծիքով, այդ հետազոտությունները ոչ մի նոր բան չեն տալիս իրենց և միայն կրկնում են այն, ինչը իրենք գիտեին մինչև հետազոտությունը։ Փաստորեն, այս դեպքում ևս կա սպասում, որ մեկ կամ մի քանի հետազոտությունների միջոցով կրթության համակարգը ծաղկելու է։
Նմանատիպ օրինակներ շարունակ կարելի է բերել։ Այս օրինակները ցույց են տալիս, թե որքան սխալ են մեր պատկերացումները կրթության ոլորտի մասին։ Կտրուկ ոգևորություն-կտրուկ հիասթափություն, նոր ոգևորություն-նոր հիասթափություն։ Այսպիսի տրամաբանությամբ է գործում մեր կրթական համակարգը։ Պատճառն այն է, որ կրթության ոլորտում չկա համակարգ, ինստիտուցիոնալ մտածողություն։ Ցանկացած ղեկավար կարող է հեշտությամբ ցնցել, արմատական փոփոխություններ կատարել ու կարճ ժամանակ անց հեռանալ՝ չթողնելով որևէ մշակույթ, աշխատաոճ, ինստիտուցիոնալ դրվածք։ Գալիս է հաջորդ ղեկավարը, նորից ցնցում համակարգը և հեռանում։
Այս հարցում, իհարկե, շատ բան կարող են անել միջին օղակի պաշտոնյաները։ Նրանք կարող են չհամաձայնել, հարցեր տալ, կասկածներ արտահայտել։ Բայց մեր կորպորատիվ մշակույթում ընդունված է ղեկավարի հետ միայն համաձայնելը, նրան լավ լուրեր հաղորդելը, նրա ձեռնարկները գովերգելը։ Նույն պաշտոնյան մի ղեկավարի ժամանակ պաշտպանում է որոշակի տեսակետ, հաջորդ ղեկավարի օրոք՝ դրա հակառակ տեսակետը։ Եվ, որպես կանոն, միջին պաշտոնյաների տեսակետը միշտ համընկնում է տվյալ պահի ղեկավարի տեսակետի հետ։
Դրա համար ոչ մի նախկին ղեկավար չպետք է զարմանա, թե ինչու է մեր կրթական համակարգը վատ վիճակում։ Մեր կրթական համակարգում գրեթե չկա ամենակարևորը՝ հետևողականություն և փոքր փոփոխություններով առաջ գնալու մոտեցում։ Համակարգում հետևողականություն և փոքր փոփոխություններով առաջ գնալու մոտեցում կարող են ապահովել միայն միջին պաշտոնյաները, քանի որ նրանք են երկարաժամկետ մնում համակարգում։ Պետք են մարդիկ, որոնք համբերատար ձևով, քարը քարին դնելով՝ առաջ կտանեն համակարգը։ Պետք է ոչ թե հրաշքներ սպասել կադրային նոր նշանակումներից, նոր ծրագրերից, հետազոտություններից, այլ յուրաքանչյուր դեպքում մի փոքր բան վերցնել ու ավելացնել կրթության շենքին։
Հայաստանի կրթական համակարգում կայուն ձեռքբերումներ ունենալու լավագույն ճանապարհն այն է, որ ուժեղացվեն միջին, կրտսեր պաշտոնյաների կարողությունները։ Մեզ մոտ բարձր են վարձատրվում միայն բարձրաստիճան պաշտոնյաները։ Կրթության մասին միֆական պատկերացումներից մեկն էլ այն է, որ եթե նախարարներին, փոխնախարարներին բարձր վճարենք, ապա համակարգը կզարգանա։
Նույն ձևով մտածում ենք, որ եթե բարձր վճարենք միայն այն ուսուցիչներին, որոնք լավ են տիրապետում իրենց առարկային, կունենանք զարգացում։ Իրականում զարգացումը մեծապես կախված է նրանից, թե ինչ վիճակում են համակարգի ցածր օղակները։ Երբ կրթության նախարարության շարքային աշխատողները ստանան արժանապատիվ աշխատավարձ, խիզախություն ունենան պաշտպանել համակարգը նոր պաշտոնյաների լավ չհաշվարկված միջամտություններից, կարողանան ամեն հետազոտությունից, ծրագրից մի փոքր բան վերցնել ու համբերատար դնել կրթության շենքի վրա, այդ ժամանակ մենք կարող ենք հույս ունենալ, որ 2-3 տասնամյակ հետո վերջապես կունենանք գործող համակարգ։
Կրթության համակարգին գրանդիոզ միջամտություններ պետք չեն։ Ավելի փոքր, բայց տևական, հետևողական բաներ են պետք։ Եթե կրթության ոլորտի ամեն աշխատող ամեն հաջորդ օր 0.01%-ով ավելի լավ աշխատի, ապա մի քանի տարուց կունենանք շատ ավելի լավ իրավիճակ։ Բայց եթե կրթության համակարգի 10 բարձրաստիճան պաշտոնյաները ամեն հաջորդ օր 5%-ով ավելի լավ աշխատեն, առանձնապես շատ բան չի փոխվի, քանի որ մնացած 70 հազար աշխատողի ֆոնին 10 հոգու աշխատանքն առանձնապես կարևոր չէ։
Ուրեմն, կրթության իրական բարեփոխումները կսկսվեն այն ժամանակ, երբ ղեկավարները մտածեն շարքային աշխատողների վիճակի բարելավման, կարողությունների զարգացման մասին։ Մեզ մոտ առայժմ բարիքների մեծ մասը բաժին է հասնում մարդկանց շատ փոքր մասին։ Զուգահեռաբար որոշումներ կայացնելու ծանրությունը ևս ընկնում է այդ փոքր խմբի վրա։