Բաժիններ՝

Պոլիկլինիկաների՞, թե՞ շենքերի օպտիմալացում. փորձագետը՝ քաղաքապետարանի նոր որոշման մասին

Երևանում այսօր բնակիչների առաջնային օղակի բուժսպասարկումն իրականացնում է 24 պոլիկլինիկա: Պաշտոնական հաստատումով, պոլիկլինիկաներ տարեկան այցելում են շուրջ 1 մլն 400.000 քաղաքացի:

Քաղաքապետարանում որոշել են առաջնային օղակի բուժսպասարկման հիմնարկների առավել արդյունավետ կառավարման համար կառուցվածքային փոփոխություններ մեկնարկել. մասնավորապես, առաջարկվում է փոքր պոլիկլինիկաները միացնել մեծ պոլիկլինիկաներին՝ ընդլայնելով բժշկական ծառայությունները և գեներացնելով միջոցներ՝ պոլիկլինիկաների վերազինման, զարգացման համար:

Այս որոշումը քննադատվել է թե՛ Երևանի ավագանու մի քանի անդամների կողմից, թե՛ բնակիչների, որոնք օրեր առաջ նաև բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի առաջ:

Ի դեպ, նրանք լրատվամիջոցներին էին փոխանցել իրենց հասած շշուկները, թե պոլիկլինիկաներից մեկի տեղում հյուրանոց է կառուցվելու:

Այսպիսով, առաջիկա երեք տարիներին քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 5 պոլիկլինիկա» և «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունները կվերակազմակերպվեն՝ միանալով «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը, «Սարի Թաղ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Թիվ 17 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, «Նորագավիթ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Թիվ 13 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, և «Նուբարաշեն» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը կմիանա «Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը:

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի այս որոշումը խնդրահարույց է համարում:

«Եթե մենք վերլուծում ենք պոլիկլինիկաների վարձատրության կարգը, հետո՝ իրենց վստահեցումները, հասկանում ենք, որ զուտ տեղային խնդիրներ են լուծում, որը խնդիրներ է առաջացնելու և՛ ազգաբնակչության համար, և՛ բուժանձնակազմի:

Եթե իշխանություններին լսում ենք, ապա նրանք առաջնային շեշտը դնում են աշխատավարձերի, ծառայությունների ավելացման վրա, մինչդեռ բուժանձնակազմի աշխատավարձերը ձևավորվում են պերկապիտա սկզբունքով՝ գրանցված ազգաբնակչության թվով: Այսինքն՝ որտեղ էլ ուզում է լինի բժիշկը, ինչքան էլ օպտիմալացում արվի, ինքը գրանցված բնակչության թվով է ստանալու աշխատավարձ:

Հաջորդը՝ շենքային պայմանների մասին. պոլիկլինիկաների՝ առաջնային օղակի գաղափարը հենց նրանում է, որ, այսպես ասած, քաղաքացին ոտքով հասնի բուժամբուլատորիա: Նշենք, որ բնակիչն ինքն է ընտրում իր պոլիկլինիկան և բժշկին՝ նաև հաշվի առնելով հասանելիությունը: Հասանելիության իջեցումը բերում է գոհունակության իջեցմանը: Այսինքն՝ հաջորդիվ կասեն, թե նպատակահարմար չէ երկու-երեք շենք պահելը. կպահենք մեկ բժշկական հիմնարկ, ինչը բնակչի համար կստեղծի հասանելիության խնդիր»:

Առողջապահության փորձագետի գնահատմամբ՝ անհասկանալի է նման օպտիմալացումը, եթե չի արվել վերլուծություն, պոլիկլինիկական աշխատանքի որակի գնահատում, չեն վերցվել բժշկական ցուցանիշներ, և հիմք են ընդունում միայն նեղ մասնագետների առկայությունն ու աշխատավարձերը:

«Այստեղ գուցե թաքնված շահեր կան»,- հավելեց նա:

Ի պատասխան հարցադրումին, թե այսպիսով հնարավոր է նաև պոլիկլինիկաների շենքերը տնօրինելու հարցե՞ր առաջ գան, Անուշ Պողոսյանը չցանկացավ բացել փակագծերը և հակիրճ արձագանքեց.

«Եթե իրենք օպտիմալացում են անում, բայց շենքերը մնում են, բուժաշխատողները մնում են, բնակչության պերկապիտան նույնն է. այստեղ լուծում են մեկ տնօրենի և մեկ հաշվապահի խնդի՞ր: Չեմ կարծում, որ նման պրոյեկտն արված լինի մեկ տնօրենի և մեկ-երկու ադմինիստրատիվ աշխատակցի համար: Այսինքն՝ բուն օպտիմալացումն այլ նպատակներ ունի, ենթադրում եմ՝ նաև շենքային օպտիմալացում հաջորդ փուլում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս