Վտանգավոր խաղեր. ովքե՞ր են կառավարելու, ո՞ւմ են պատկանելու արբանյակի չափումները, հաղորդած տվյալները
Երեկ կառավարության նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «2022թ. մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «Space X» ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը:
«Հայկական արբանյակի» էվոլյուցիան՝ ըստ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի թերթի
Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չէր թողել հայտարարությունն անձամբ անելու և ինքնագովազդվելու՝ հերթական մոլորության մեջ գցելով քաղաքացիներին: Նրա այս հայտարարությունը մեծ ցնծություն առաջացրեց որոշ քաղաքացիների մոտ, ոմանք սկսեցին գովաբանել իշխանություններին՝ նշանակալից հաջողություն արձանագրելու համար, այն ներկայացրեցին՝ որպես դարակազմիկ իրադարձություն, թեպետ կարճ ժամանակ անց արդեն պիտի պարզվեր, որ դեռևս 2017թ.՝ նախկին իշխանությունների ժամանակ Կառավարությունն աշխատանք է սկսել 2020թ. տիեզերք արբանյակ դուրս բերելու ուղղությամբ: Այնպիսի տպավորություն էր, կարծես՝ Լուսնի վրա տիեզերանավ են տեղադրել:
Եվ սա՝ այն դեպքում, երբ արբանյակ տեղադրելու նախաձեռնությունը դեռևս 2013թ. եղել է նախկին իշխանությունների կողմից, բանակցություններ են տարվել, ավելին, 2017 թ. Հայաստան է բերվել անհրաժեշտ սարքավորումների առաջին խմբաքանակը: Նախորդ իշխանությունները պլանավորում էին արբանյակը տեղադրել 2020թ.:
Այնպես որ, Փաշինյանի կառավարությունը դեռ 2 տարի էլ ուշացրել է նախագծի իրականացումը, որը 2020թ. նաև արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կարող է տեղեկատվական դերակատարում ունենալ թշնամու շարժի և գործողությունների իմաստով: Թե ինչո՞ւ է 44-օրյա դաժան պատերազմից և նվաստացուցիչ պարտությունից հետո դա արվում՝ այլ հարց է, որի պատասխանները դեռ կստանանք:
Այս ամենը, սակայն, չի խանգարել, օրինակ, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին, ով, ըստ ԶԼՄ-ների՝ զբաղված է Նիկոլ Փաշինյանի PR-ով և նրա ընդդիմախոսների նկատմամբ ֆեյքային հարձակումներ կազմակերպելով և ստահոդ տեղեկատվության արտադրությամբ և շրջանառությամբ, մի զգայացունց գրառմամբ աչքալուսանք տալ:
«Հիմա մենք փորձում ենք վերականգնել և լրացնել այն բացերը, որոնք ոմանց պատճառով թույլ են տրվել տարիներ առաջ։ Իսկ եթե ավելի կոնկրետ՝ հիմա «կանսեռվի կոկոշները» փոխարինում ենք տիեզերական արբանյակով, որի կողմից արված լուսանկարները կօգտագործվեն նաև սահմանների հսկողության համար։ Տիեզերական առաջին արբանյակի՝ Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերումը շատ կարևոր ու նշանակալից քայլ է տեղեկատվական այս դարաշրջանում։ Այն միաժամանակ թե՛ ոգևորող է և թե՛ պարտավորեցնող, որովհետև պետք չէ սահմանափակվել կամ բավարարվել եղածով, այլ ընդհակառակը՝ տիեզերական տեխնոլոգիաներում Հայաստանը պետք է կարևորի իր դերն ու նշանակությունը։ Շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է Չախոյանը, որը, բնականաբար, հրապարակվել է ընտանեկան լրատվամիջոցում:
Նիկոլ Փաշինյանը՝ Գագիկ Բեգլարյանի (Չոռնի Գագո) սկսած գործի ուշացած շարունակող
Ինչևէ, 168.am-ը թեմայի առնչությամբ տարբեր տարիների բավականին հետաքրքիր հրապարակումներ հայտնաբերեց, որոնք, ի դեպ, տեղ են գտել հենց Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ընտանեկան «Հայկական ժամանակում», ավելի ճիշտ՝ դրա էլեկտրոնային armtimes.am տարբերակում:
«ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր հանդիպել է «Եվտեսլատ» ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում եվրոպական համապատասխանությամբ առևտրի գծով տարածաշրջանային նախագահի տեղակալ Ապոստոլոս Տրիանտաֆիլյուի գլխավորությամբ: «Եվտեսլատ» կազմակերպությունը, որը արբանյակային ծառայություններ է մատուցում աշխարհում, հայտնի խոշորագույն օպերատորներից է: Հանդիպման ընթացքում քննարկված հարցերն առնչվում էին արբանյակային կապուղիների տրամադրմանը, թվային հեռուստատեսության և լայնաշերտ ինտերնետի ծառայությունները դժվար հասանելիություն ունեցող տարածքներ հասցնելուն: Գագիկ Բեգլարյանը նշել է, որ արբանյակային հեռարձակումն ապահովելու նպատակով այժմ ընթանում են բանակցություններ մի շարք ընկերությունների և օպերատորների հետ»,- կարդում ենք armtimes.com-ի 2014թ. մայիսի 6-ի հրապարակման մեջ:
Իսկ ահա ավելի վաղ՝ 2013թ. նույն թեմայով հրապարակումը կայքից հեռացված է: Թե երբ է այն հեռացվել, հայտնի չէ, թեպետ հետաքրքիր կլիներ իմանալ. միգուցե երե՞կ է դա արվել:
Այն, որ տիեզերական ոլորտն ու տիեզերական արդյունաբերությունը, մասնավորապես, նույնպես գերտերությունների՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի մրցակցության տիրույթում են գտնվում, և այդ առումով երկու երկրների համապատասխան ընկերությունների՝ «Роскосмос»,-ի և «Space X»-ի միջև այդ առումով լուրջ մրցակցություն կա, քանի որ այդ ոլորտում տեղեկատվական պատերազմներն ու շրջանառվող փողերը վաղուց աշխարհաքաղաքական դրոշմ են կրում, փաստորեն նաև «Հայկական ժամանակում» գիտեն, գիտեն նաև տիեզերքի աշխարհաքաղաքական նշանակության, դրա կառավարման կարևորության մասին:
Ի դեպ, այս համատեքստում հատկանշական է, որ Հայաստանի արբանյակը տիեզերք է դուրս բերվել ամերիկյան «Space X»-ով, այլ ոչ ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի տիեզերական ծառայությունների միջոցով, և մեզ հայտնի տեղեկություններով՝ այս փաստն իսկ ռուսական կողմը դիտարկել է՝ որպես Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական դեմարշը Մոսկվայի դեմ:
Բայց վերադառնանք ոչ վաղ անցյալի «Հայկական ժամանակի» հրապարակումներին:
Դեռևս 2014թ. փետրվարի 14-ին կայքը գրել է, որ Թուրքմենստանում ընթանում են երկրորդ ազգային արհեստական արբանյակի ստեղծման աշխատանքները: Ապա ավելացրել է, որ ալեհավաքների ծածկույթը ներառում է Եվրոպայի և Ասիայի տասնյակ երկրներ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները:
Այդ հրապարակումից մեկ ամիս անց՝ 2016թ. մարտի 25-ին, տեղեկություն է հրապարակել, որ Իրանը մինչև տարվա վերջ պատրաստվում է հեռահաղորդակցային արբանյակ դուրս բերել Երկրի ուղեծիր:
Իսկ արդեն տարեվերջին՝ 2016թ. դեկտեմբերի 4-ին, «Հայկական ժամանակում» կարդում ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը որոշել է անձամբ հետևել թուրքական հետախուզական Göktürk-1 արբանյակի արձակմանը, որը տեղի պետք է ունենար դեկտեմբերի 5-ին: «Երկրի շուրջ արբանյակի պտտման ժամանակը կկազմի 90 րոպե: Ֆրանսիական արտադրության արբանյակը երկիր կուղարկի տարեկան շուրջ 60 հազար նկար»,- գրել էր նույն կայքը:
Ի դեպ, դեռևս 2012թ.-ին Նիկոլ Փաշինյանի՝ մինչև հեղափոխությունը անձնական և քաղաքական հակառակորդ, իսկ դրանից հետո քաղաքական անվերապահ համախոհ Արման Բաբաջանյանի 1in.am կայքը նույնպես գրել էր, որ իրեն հայտնի է դարձել, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հանդիպել է «Ռոսկոսմոս» Դաշնային տիեզերական գործակալության տնօրեն Վլադիմիր Պոպովկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կապի և հեռահաղորդակցության տիեզերական արբանյակի ստեղծման և տեղակայման, ինչպես նաև տիեզերական 71.4 E դիրքում ՀՀ-ին պատկանող գեոստացիոնար ուղեծրի համատեղ շահագործմանն առնչվող հարցերը:
Արդեն իսկ իր իշխանության տարիներին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքը գրում էր տիեզերական արբանյակների հնարավորությունների ու աշխարհաքաղաքական իրողություններում լուրջ դերակատարման մասին:
Մասնավորապես, 2020թ. դեկտեմբերի 12-ին armtimes.com-ը գրել էր, որ այդ տարվա նոյեմբերի 27-ին, Իրանի մայրաքաղաք Թեհրանի մերձակա նահանգներից մեկում սպանվել էր միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն: Գիտնականը սպանվել է իր ծառայողական մեքենայի մոտ, Դամովենդ քաղաքի մերձակայքում. նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Կայքը փոխանցել էր նաև, որ Al-Alam հեռուստաընկերության հաղորդմամբ՝ իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեն, որքան էլ անհավանական է հնչում, սպանվել է տիեզերքից կառավարվող զենքով, և սպանության մեջ օգտագործված իսրայելական արտադրության զենքերը վերահսկվում էին արբանյակի միջոցով:
2021թ. մարտին էլ տեղեկացրել էր, որ Ամերիկյան արբանյակն արել է լուսանկարներ, որոնք, ըստ ամերիկացի փորձագետների, կարող են վկայել այն մասին, որ Կորեայի ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը թաքնված աշխատանքներ է տանում Կուսոն քաղաքի շրջակայքում գտնվող Յոնդոկտոնի փորձադաշտում:
«Ինչպես հաղորդում է CNN- ը, ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ լուսանկարված տարածքն օգտագործվում է միջուկային զենք պահելու համար»,- նշել էր Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը:
Ի դեպ, դեռ հայտնի չէ, թե ո՞րն է ամերիկյան ընկերության միջոցով հայկական արբանյակը տիեզերք թռցնելու պատճառը, որքա՞ն միջոցներ է ծախելու ՀՀ կառավարությունը, կատարվե՞լ է արդյոք շուկայի ուսումնասիրություն, և ի՞նչ տեխնիկական բնութագրեր են եղել, որ գերադասվել է ամերիկյան ընկերությունը, այլ ոչ՝ ռուսական: Բայց, օրինակ, այս տարվա մարտի 2-ին «Հայկական ժամանակը» գուժել էր, որ Anonymous-ի հետ կապված NB65 հաքերային խումբը միջամտել էր «Ռոսկոսմոսի» արբանյակային կառավարման համակարգին։ Մասնավորապես՝ հաքերային խումբը փակել էր «Ռոսկոսմոսի» կենտրոնական կառավարման համակարգը: Նշվում է, որ Ռուսաստանն այլևս չի վերահսկում սեփական լրտեսական արբանյակները։
Ամերիկյան SpaceX ընկերությանը պատկանող հրթիռներով միայն հայկական արբանյակ չի թռչում տիեզերք: Բազմաթիվ երկրներ և մասնավոր ընկերություններ են օգտվում այդ ծառայություններից՝ տարբեր նպատակներով, այդ թվում՝ լրտեսական: Եվ տվյալ դեպքում չափազանց կարևոր է, թե ով է կառավարելու դրանից եկող տեղեկատվությունը, ովքեր են կառավարելու և ովքեր են հասանելիություն ունենալու դրան, ում են պատկանելու այդ չափումները, տվյալները: Այնպես որ, սա ունի ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական լուրջ նշանակություն, հետևաբար՝ հետաքրքիր է նաև, թե ինչպիսին կլինի, օրինակ, հարևան Իրանի արձագանքը՝ հաշվի առնելով այն, որ դրանով դուրս բերվող տեղեկատվությունը կարող է նաև իրենց շահերի հետ առնչվել:
2021թ. հունվարի 7-ին Ֆլորիդայում գտնվող «Կանավերալ» տիեզերակայանից տեղի է ունեցել թուրքական Turksat5A արբանյակի արձակումը։ Հեռահաղորդակցության և կապի ոլորտում ծառայություններ մատուցելու համար նախատեսված թուրքական արբանյակը տիեզերք է արձակվել ամերիկյան SpaceX ընկերությանը պատկանող Falcon հրթիռի օգնությամբ։ Թուրքիայի պաշտոնական Anadolu գործակալության փոխանցմամբ, տիեզերք արձակված սարքը հինգերորդ սերնդի արբանյակներից է, այն լիարժեքորեն կսկսի գործել արդեն այս տարվա երկրորդ կեսին և կշահագործվի շուրջ 30 տարի։
Ամերիկաբնակ քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 2020 թվականի հոկտեմբերի 29-ին հազարավոր լոսանջելեսահայեր հավաքվել էին SpaceX-ի գլխավոր մասնաշենքի դիմաց՝ պահանջելով բեկանել թուրքական արբանյակը նույն ընկերության Falcon 9-ով տիեզերք ուղարկելու պայմանագիրը:
«Հիշյալ արբանյակը տեղորոշման հարցում կարող էր օգնել թրքական «Բայրաքթար»-ներին: Ոչնչի տեղ չդնելով տասնյակ-հազարավոր հայերի բողոքն ու էլեկտրոնային նամակների շարանը, Իլոն Մասքի ընկերությունը 2021 թվականի հունվարի 7-ին նույն Falcon 9-ով տիեզերք ուղարկեց Turskat 5A արբանյակը: Ինտերնետում մի փոքր որոնում անցկացնելով կարելի է նկատել, որ SpaceX-ը միակ ընկերությունը չէ, որ նման ծառայություն է ներկայացնում»,- գրել էր ամերիկաբնակ քաղաքագետը:
Թե ի՞նչ կունենա Հայաստանը տիեզերքի ուղեծիր հայկական արբանյակի դուրսբերման արդյունքում, երեկ 168.am-ը փորձել էր պարզել Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանից:
«Ես չգիտեմ, թե Իլոն Մասկի հետ ինչ համաձայնություն կա, բայց եթե մեր արբանյակը լինի, ապա մեզ համար պետք է ծառայի, իսկ դրա պատասխանն այն է, որ նշվում է՝ 2023 թվականի վերջին Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան: Եթե այդ արբանյակը մեզ է պատկանում՝ կարող ենք կառավարել, եթե ոչ՝ ինչպե՞ս են մեզ համար հասանելիություն ապահովում: Սակայն, եթե ռեալ հետազոտություն սկսվի, ապա դա գիտության ոլորտում մեծ առաջընթաց կապահովի»,- մեզ հետ զրույցում ասել էր Արեգ Միքայելյանը:
Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում էլ Արեգ Միքայելյանը նշել էր.
«Շատ դժվար է ասել, որ Հայաստանը արբանյակ ունի։ Դա Իլոն Մասկի ուղարկած SpaceX արբանյակներից է, և դա հենց իրենն է։ Մենք չգիտենք՝ հիմա դա ինչքանով է հայկական համարվում, ինչ են պայմանավորվել իրենք։ Հայկական լինելու համար դա պետք է կառավարվի Հայաստանից և միայն Հայաստանը ունենա հասանելիություն դեպի այդ արբանյակը։ Եթե մյուսներն էլ ունեն, ապա դա ավելի վատ է. կարող են գողանալ մեր տվյալները: Պետք է ճշտումներ արվեն և հասկանանք՝ ինչքանով է դա մերը։ Ընդհանրապես՝ կարո՞ղ ենք այն համարել մերը։ Լիարժեք մերը դառնալու համար պետք է կառավարման լծակները մեր ձեռքում լինեն։ Կոնկրետ այս պահին պարզ է, որ դա Իլոն Մասկի արբանյակն է, բայց թե դա ինչքանով կարող ենք հայկական համարել՝ ավելի շատ գաղափարական հարց է»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Արեգ Միքայելյանը՝ նշելով արբանյակի ձեռքբերման կարևորությունը և այն, որ հատկապես վերջին պատերազմի ընթացքում արբանյակի արդիականությունը զգացվեց:
Բյուրականի աստղադիտարանի տնօրենը 168.am-ի հետ զրույցում ընդգծել էր՝ կայանի համար նոր տեխնիկա է անհրաժեշտ:
«Նման տեխնիկա ոչ ունեցել ենք, ոչ էլ ունենք: Այստեղից պետք է կապ հաստատել արբանյակի հետ, կարողանալ կառավարել, որպեսզի կարողանաս ուղղորդել, թե ի՞նչ նկարի, հետո տվյալներն ուղարկի: Գիտության զարգացման առումով ամեն ինչ գնում է դեպի տիեզերական հետազոտություններ: Օրինակ, աստղագիտության մեջ արդեն վաղուց լավագույն արդյունքները ստանում են տիեզերական դիտակներից: Եվ, եթե Հայաստանին պատկանեն չափումները, տվյալները, ապա մենք էլ ուրիշից չենք գնի, ասենք՝ ՆԱՍԱ-ից: Սա էլ տիեզերական բիզնես է կոչվում, հետևաբար՝ տիեզերական բոլոր արդյունքները կարող ենք ինքներս ունենալ, եթե արբանյակ ստեղծենք: Հայաստանի համար ամենակարևորը ռազմականն է, քարտեզագրումը, սեյսմոլոգիան, օդերևութաբանությունը: Բոլոր այս ոլորտներն ուսումնասիրելը հրատապ է»,- եզրափակել էր Արեգ Միքայելյանը: