Բաժիններ՝

«Մի տանկը կերևա 2 պիքսել․․․»․ «տպավորություն է, որ մի շոուի ենք ներկա․․․». Մասնագետները՝ Հայաստանի առաջին տիեզերական արբանյակի մասին

Նիկոլ Փաշինյանը կառավարության մայիսի 26-ի նիստի սկզբում հայտարարել է, որ 2022թ. մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ԱԱԳԼ) գիտաշխատող Վաչիկ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ արբանյակ արտադրելու համար պետք է զարգացնել պոտենցիալը՝ սկսելով փոքր քայլերից, որոնք արվում են, սակայն, եթե ներդրում չարվի՝ շատ ավելի դանդաղ է լինելու արդյունքը, և 2-3 տարվա փոխարեն՝ կունենանք 5-6 տարուց:

Ինչ վերաբերում է տեխնիկական տվյալներին, ապա նրա խոսքով՝ այն Հայաստանում չի արտադրվել, այլ ուղղակի գնվել ու բաց է թողնվել, լուծելու է մի քանի փոքր տեխնիկական խնդիր։

«Արբանյակն ունի մոտ 1.8 մ լուծունակություն, ինչը պատերազմական իրավիճակներում երևի այդքան էլ մեծ օգուտ չի տալու։ Մի տանկը կերևա 2 պիքսել։ Այսինքն, դժվար կլինի հասկանալ՝ դա տա՞նկ է, թե՞, ասենք, ամպի լույսի ու ստվերի խաղ»,- ասաց ֆիզիկոսը:

Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրեն Հայկ Հարությունյանն էլ նշեց, որ առայժմ ինֆորմացիա չկա, սակայն կարծում է՝ արբանյակը ցածր ուղեծրով է շարժվելու:

«2013թ. խոսակցությունները, որ պետք է Հայաստանն առաջին արբանյակը դուրս բերեր Երկրի ուղեծիր, այն գեոստացիոնար էր, լուրջ արբանյակ է, կախվում է երկրի մեկ կետի վրա: ArmSat անունով էր կոչվելու, բայց մնաց երազանք: Իսկ այս մյուսը, քանի որ առայժմ ինֆորմացիա չկա, կարծում եմ, ցածր ուղեծրով է շարժվելու: Ենթադրում եմ՝ տարածության մեջ կողմնորոշման որևէ մեխանիզմ չունի: Ռազմական առումով օգտակար լինելուն չեմ հավատում, որովհետև դրանք լուրջ գործիքներ են: Աստված տա՝ սխալվեմ, բայց տպավորություն է, որ մի շոուի ենք ներկա: Ասում են՝ գաղտնիության պայմաններում է արվում. ի՞նչ գաղտնիություն, երբ այսպիսի արբանյակներ կարող են հավաքել բարձր դասարանների աշակերտները: Իմ տպավորությունն այն է, որ դա սովորական խաղալիք է»,- ասաց Հայկ Հարությունյանը՝ հավելելով, որ առաջին հերթին պետք է լինի կառավարման կենտրոն, որպեսզի ինֆորմացիա ստանա:

Իսկ թե ինչո՞ւ 2013թ. երազանքն իրականություն չի դարձել՝ Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը պատասխանեց. «Հայաստանում շատ գեղեցիկ մտահղացումներ կարող են լինել, սակայն առաջին հերթին պետք է լինի մարդկանց խումբ, որոնք լրջորեն զբաղվում են դրանով, լինի ֆինանսավորում, էլեմենտար բազա, որը չունի Հայաստանը. աշխարհի տարբեր ծայրերից պետք է հավաքեն»:

Հարցին՝ 2013թ. տիեզերական աղբը վերահսկելու համար ՌԴ-ից Բյուրականի աստղադիտարան տեղափոխված երեք աստղադիտակները գործո՞ւմ են, Աստղադիտարանի նախկին տնօրենը դրական արձագանքեց՝ նշելով, որ նորմալ աշխատող կայան է:

«Հայաստանը «Ռոսկոսմոս»-ի հետ մոնիտորինգ է անում շուրջերկրյա տարածությունը, քանի որ այսօր դա ամենակարևոր ուղղություններից մեկն է: Աղբը, ինչպես երկրի վրա, այնպես էլ երկրի շուրջ մարդու «մեծ աշխատանքի արդյունքն է»: Ամեն տեղ աղբ է: Երկրի շուրջ այնքան աղբ է հավաքվել, որ նոր արբանյակի արձակումն էլ է դժվարացել, և Տիեզերք թռչողների համար էլ վտանգ կա, որովհետև հնարավոր է՝ վթարներ առաջանան»,- հավելեց Հայկ Հարությունյանը:

Հավելենք, որ 2013 թվականին Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան հայտարարել է ArmCosmos ընկերության ստեղծման մասին, որը կնպաստի ArmSat անունով Հայաստանի առաջին արբանյակը Երկրի ուղեծիր դուրս բերելուն։ Կառավարությունն առաջին անգամ հայկական արբանյակի գործարկման նպատակների մասին հայտարարել է 2012 թվականի ապրիլին, երբ Ռուսաստանի դաշնային տիեզերական գործակալության՝ «Ռոսկոսմոս»-ի  բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Երևան և հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ երկու կողմերը պատրաստակամություն են հայտնում «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նախագիծը կյանքի կոչելու համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031